ԱՆԺԵԼԻԿԱ ԴԱԴԱՅԱՆ. «Ուժեղ կին լինելը «խասյաթ» է, մերկ կանանց նկարելը՝ առանձնահատկություն»

Հարցազրույց | | January 16, 2012 7:00

Հայկական իրականության մեջ Անժելիկա Դադայանը միակ նկարչուհին է, որ սիրում է մերկ կանանց նկարել: Ասում է՝ կնոջ մեջ հետաքրքրությունները շատ են, հնարավոր է հետաքրքիր բան ստանալ: Կանանց հանդեպ նա հատուկ համակրանք չի տածում, իսկ տղամարդկանց երբեք չի նկարել, ծիծաղով նշում է, որ մերկ տղամարդիկ հետաքրքիր չեն:

Եվ այսպես, «Անկախ» շաբաթաթերթը մի քանի հարց ուղղեց այս հետաքրքիր ու յուրօրինակ արվեստագետին:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՒ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ

Նկարչուհուն բնորոշ սովորական ազատությունը կեղծիք չէ այս կնոջ մեջ: Ազատություն կա թե՛ նկարներում, թե՛ արտաքինի, հայացքի, շարժումների, աչքերի ու խոսքի մեջ:

– Ազատությունն ինձ համար ամենակարևորն է. հոգևոր, ֆիզիկական, ամեն տեղում ազատություն պետք է լինի: Ինձ համար սերն ու ազատությունը նույն հարթակի վրա են, դրանք հավասար են, դրանք նույնն են: Ամեն մարդ պետք է ազատ լինի: Բայց բաներ կան, որոնց սահմանը չի կարելի անցնել: Ես չեմ սահմանափակում, ուղղակի բաներ կան, որ չպետք է անել,- ասում է նկարչուհին:

Նրա կարծիքով` տղամարդիկ մինչև հիմա հավատում են այն հեքիաթին, թե իրենք ամեն ինչում ու ամեն տեղ առաջինն են և անկրկնելի:

– Ատում եմ, երբ ասում են` «տունը պահած աղջիկ ա», ուրեմն նրան ցեցը կերել ա: Ցավոք, մեր հասարակության մեծ մասը այդպես է մտածում: Ես վստահ եմ՝ հայ կինը ուժեղ է, սիրուն ու սիրված,- ժպտում է Անժելիկան:

Կնոջ ազատությունն Անժելիկան մի քիչ կապում է ինքնասիրահարության հետ, կնոջը համարում է բազմաշերտ, իր նկարների հերոսուհիներին՝ առեղծվածային:

– Հաստատ գիտեմ՝ եթե կինը ինքն իրեն չսիրի, իրեն ոչ ոք չի սիրի: Ինչպես քեզ մատուցես, այդպես էլ քեզ կընկալեն: Կինն ադամանդ է, կինը նռնաքար է, զմրուխտ է… Ինչքան տրորում են, այնքան ավելի է փայլում,- վստահեցնում է նկարչուհին:

ԿԻՆՆ՝ ԱՆԺԵԼԻԿԱՅԻ ԱՉՔԵՐՈՎ

Կնոջ նկատմամբ Անժելիկայի հիացմունքը արտահայտվում է նրա բոլոր նկարներում: Կանանց ֆիզիկապես չի սիրում, բայց փորձում է ներթափանցել նրանց հոգու խորքը, զգալ հոգեբանությունն ու այդ պահի զգացողությունները:

– Իմ նկարներում կանայք տարբեր են` և՛ ուժեղ, և՛ մի փոքր հուսալքված: Նկար կա, որում կանայք բավարարված են, նկար կա, որում կինը սպասողական վիճակի մեջ է: Բայց ես մի բան հաստատ գիտեմ` ցանկացած կին ցանկացած իրավիճակում ավելի ուժեղ է,- ասում է Անժելիկան:

Նկարչուհին նկարների մի շարք ունի՝ «11 ամիս» խորագրով: Ասում է՝ միայն այդտեղ է տղամարդ նկարել:

– Կինը 11 նկարից 9-ում տղամարդու հետ է, դա էլ նկարել եմ կնոջը բացահայտելու համար: Ամեն դեպքում կինը վերջում միշտ մենակ է մնում: Իմ մեջ երևի ֆեմինիզմ կա,- նշում է նկարչուհին:

Նա վստահեցնում է, որ յուրաքանչյուր կին էլ զիջող է, բայց և կատակում է, թե զիջելը ուժեղ մարդու հատկանիշ է:

– Գիտես, ես երկու անգամ ամուսնացած եմ եղել: Իմ կողքի տղամարդիկ երևի ուժեղ են եղել, որ կարողացել են ինչ-որ ժամանակ մնալ իմ կողքին: Ուղղակի կարծում եմ՝ մի քիչ ծանր բնավորություն ունեմ, ինձ հետ դժվար է: Փաստորեն , նրանք չդիմացան: Ես այդ պատճառով էլ արդեն տղամարդ ման չեմ գալիս,- ժպիտով ասում է նկարչուհին:

ԵԹԵ ԽԱՆԴՈՒՄ ԵՍ, ԻՆՔԴ ՔԵԶ ՎՐԱ ՎՍՏԱՀ ՉԵՍ

Տղամարդու իդեալ Անժելիկան չունի, բայց նախընտրում է, որ իր կողքին լինի մեկը, ում հետ իրեն ապահով ու հանգիստ կզգա:

– Տղամարդը խելացի պետք է լինի: Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչ է նշանակում, թե թույլ կնոջ կողքին պետք է լինի ուժեղ տղամարդ, ուժեղ կնոջ կողքին` թույլ տղամարդ: Կինն ավելի ուժեղ է, դա ես տեսնում եմ, նկարում եմ: Մերկ կնոջից շատ տղամարդիկ նույնիսկ վախենում են: Միշտ կինը ձգտում է, որ իր կողքին ուժեղ տղամարդ լինի,- ասում է Անժելիկան:

Հայ տղամարդկանց մտածողությունն Անժելիկան մինչև օրս չի հասկանում, զարմանում է` կանայք ինչպե՞ս են լսում իրենց ամուսիններին, թե ուր գնան կամ չգնան:

– Ես վստահ եմ՝ դա մառազմ է: Այն տղամարդիկ, որոնք կային իմ նկարներում, նրանք ավելի բանական էին: Զգացվում էր, որ տղամարդ է: Տղամարդիկ չեն վստահում, որովհետև շատ դեպքերում վախենում են, ու ծնվում է խանդը: Ես կյանքում ոչ ոքի խանդած չկամ: Գիտեք, ուժեղ կին լինելը ո՛չ հեշտ է, ո՛չ էլ դժվար, ուղղակի «խասյաթ» է,-  նշում է նկարչուհին:

ԿՈԿՈՐԴԻԼՈՍ՝ ԿՈՎԻ «ԾԻԾԻԿՆԵՐՈՎ»...

Սա Անժելիկայի առաջին նկարն է, նկարել է ընդամենը երեք տարեկան հասակում:

– Իմ առաջին «սյուրռեալիստական» ոճով նկարն է, նկարել եմ ամբողջ 5 մետրանոց պատի երկայնքով: Հերոսս մի նարնջագույն կոկորդիլոս էր` կովի «ծիծիկներով»,- հիշում է նկարչուհին:

Նա մինչև հիմա էլ ասում է, որ կոկորդիլոսների նկատմամբ մի անբացատրելի սեր ունի: Բայց, օրինակ, կրիա չի սիրում:

ՄԵՐԿ ԿԻՆԸ՝ ԳԻՇԵՐԸ ԺԱՄԸ 4.36-ԻՆ

Անժելիկայի ստեղծագործության հիմնական մեխը մերկ կինն է` մարմնի ճկունությամբ, աչքերի խաղով:

– Սիրում եմ մերկ կանանց: Երբ սովորում էի, անցնում էինք, օրինակ, բաժակի, մոխրամանի, դանակի դիզայն, ես ինչ նկարում էի, անպայման մի դետալ էի անում կնոջ մարմնից: Մի օր կոմպոզիցիայիս դասատուն ասաց. «Դադայան, այսօրվա թեման սուրճի պարագաներն են, բայց առանց դեկորի, տեսնեմ հիմա ի՞նչ ես անելու»: Ես երկար չմտածեցի, բաժակի պոչերը կնոջ մարմնով պատկերեցի,- հիշում է Անժելիկան:

Նա վստահեցնում է, որ ցանկացած կնոջ, երբ գոնե մի անգամ տեսնում է, արդեն կարող է ասել, թե ինչպիսին է նա «ներսից»:

– Նիհար կանանց չեմ սիրում: Նիհար կնոջ մեջ բան չկա նկարելու: Կինը մի քիչ լիքոտ պետք է լինի, որ նկարելու բան լինի, զգաս, որ կինը փափուկ է, դուրս ցցված ոչ մի բան չունի, այդ ամեն ինչը բնավորության հետ է կապված,- նկատում է նկարչուհին:

Նրա համար կնոջ դեմքի դիմագծերը մեծ նշանակություն ունեն: Անժելիկան պակաս ուշադրության չի արժանացնում նաև կնոջ մարմնի այլ հատվածները՝ վիզը, կուրծքը, կոնքերը…

– Իմ բախտը մի կողմից բերել է, որովհետև այնպիսի ընկերուհիներ ունեմ, որոնց հետ բոլորը կերազեին շփվել: Եթե իմ ընկերները չլինեին, ես ոչ մի բան էլ չէի անի: Կնկարեի, կգցեի թղթապանակի մեջ, կնկարեի, կգցեի: Իսկ  նրանք ինձ ստիմուլ են տվել: Եթե իմ ընկերները իմ պես ուժեղ չլինեին, ես անընդհատ դեպրեսիայի մեջ կընկնեի, չնայած գիշերներն եմ ստեղծագործում: Օրինակ` մերկ կինը գիշերը ժամը 4.36-ին իմ կտավում հետաքրքիր է, չէ՞,- անկեղծանում է նկարչուհին:- Թող ինձ ընդունեն այնպիսին, ինչպիսին կամ: Այսօր կին կա, որ միայն երեխա ծնելու համար է ապրում, նա արդեն ծնված օրվանից «բիգուդիներով» տնային տնտեսուհի է: Իսկ կին կա` տարիների ընթացքում ինչքան ջրում ես, այնքան ծաղկում է, ինչքան կտրում ես, այնքան երկարում ու ճյուղավորվում է: Իմ վրձնի հարվածները միայն վերջիններիս բաժինն են:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Դիտվել է 2767 անգամ:
Print Friendly

Leave a Reply