Առաջ-առաջ գոռալով` հետ-հետ ենք գնում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 17, 2012 7:00

Չնայած կառավարությունը  շարունակ հայտարարում է, որ սոցիալական ուղղվածության քաղաքականություն է վարում, աղքատության մակարդակն աճում է:

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության վերջին ուսումնասիրությունների` 2010 թ. աղքատության մակարդակն աճել է` հասնելով 35.8%-ի: 2011 թվականը դեռևս չի ամփոփվել, բայց աղքատության մակարդակը դժվար թե նվազած լինի: Այս 35.8%-անոց մակարդակը ամենավատը չէ, որ Հայաստանում եղել է, բայց ամենացավալիներից է, քանի որ վերջին տարիներին կառավարությունը շարունակ հայտարարում է, որ ճիշտ ու արդյունավետ սոցիալական քաղաքականություն է վարում,  որ պետական բյուջեները սոցիալական ուղղվածություն ունեն:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վերլուծության` 2010-ին աղքատության մակարդակը կազմել է 35.8%` 2008-ին արձանագրված 27.6%-ի փոխարեն: «Շատ աղքատների» տեսակարար կշիռը 2010 թ. կազմել է 21.3%, 2008-ին` 1.6%: Իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը  2010 թ. կազմել է 3%` 2008-ի 1.6%-ի դիմաց:

2008-ի նկատմամբ 2010 թ. առավել արագ է բարձրացել ծայրահեղ աղքատության մակարդակը` 1.4 տոկոսային կետով, շատ աղքատների աղքատության մակարդակն ավելացել է 8.7 տոկոսային կետով, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը` 8.2 տոկոսային կետով: Աղքատությունն ավելի է խորացել ու սրվել:

Երբ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց 2012 թ. պետբյուջեի ծրագիրը, կոալիցիոն և իշխանամետ բոլոր ուժերն ու գործիչները սկսեցին հայտարարել, թե բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի: «Եթե մենք դիտարկենք, թե հիմնականում որ ուղղությամբ են գնացել ավելացումները, ակնհայտ է, որ ինչպես միշտ, գերակայությունը սոցիալական ուղղությանն է: Եկող տարվա մեր բյուջեում սոցիալական ապահովության բնագավառին հատկացվում է բյուջեի 29%-ը, իսկ դրա մեջ ընդհանրապես մարդկային կապիտալի զարգացմանը, բացի սոցիալականից, մտնում են առողջապահությունը, գիտությունը, կրթությունը, մշակույթը, ապա այդ ոլորտը վերցնում է  ծախսերի շուրջ 48.3%-ը: Այսինքն` մեր եկող տարվա բյուջեն, ինչպես նախորդ տարիների բյուջեն, եղել ու մնում է սոցիալական ուղղվածության»,- ասուլիսներից մեկում նշել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Աղքատության ընդհանուր մակարդակի մեջ երևանաբնակների 34.2%-ն է աղքատ, այլ քաղաքների բնակչության` 30.1%-ը, գյուղական բնակչության` 35.7%-ը: Եթե հաշվի առնենք, որ վիճակագրական ծառայությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության բնակչության 3 միլիոն 270 հազար թվաքանակը, ապա ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր ապրում է մոտ 1 միլիոն 171 հազար աղքատ մարդ: Աղքատության ծայրահեղ կամ պարենային գիծը մեկ չափահաս մարդու համար հաշվարկվել է ամսական 19 216 դրամ, իսկ վերին ընդհանուր գիծը` 33 517 դրամ: Այսինքն` եթե մարդը մեկ ամսվա ընթացքում ծախսում է 33 հազար 517 դրամից քիչ փող, ուրեմն համարվում է աղքատ: Սակայն հրապարակված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 41 594 դրամ է: Այստեղ առաջանում է մի տարակարծություն:

«Գյուղական բնակչությունը սեփական արտադրության ապրանքներ է սպառում: Նրանք իրենց արտադրած ապրանքները ցածր գներով են գնահատում, հատկապես երբ ապրանքափոխանակություն են անում: Օրինակ` մեկն ունի մորթի ենթակա կենդանի, երբ մորթում է, մսի գինը գնահատում է ինքնարժեքով ու փոխանակում է մեկ այլ համագյուղացու արտադրած մթերքի հետ, և այդ համագյուղացին էլ իր մթերքն է գնահատում ինքնարժեքով: Իսկ նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկվում է` ապրանքների գների շուկայական արժեքները հաշվի առնելով: Ու այս ձևով ստացվում է, որ աղքատության նվազագույն գիծն ու բյուջեն և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքները տարբերվում են»,- պարզաբանում է վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան:

Ստացվում է, որ եթե մեկ չափահաս մարդը մեկ ամսվա ընթացքում գազի, լույսի, ջրի, կոմունալ ծառայությունների, տրանսպորտի, սննդի ու հագուստի համար, միասին վերցրած, ծախսում է, ենթադրենք, 35 հազար դրամ, ապա նա այլևս չի  համարվի աղքատ: Սա անհասկանալի և անըմբռնելի տրամաբանություն է: «Դա բացատրվում է հենց հայտարարված քաղաքականության և ձեռնարկված գործողությունների անհամապատասխանությամբ: Այսինքն` իրականում ձեռնարկվող գործողությունները աղքատություն ծնող և խորացնող են, ոչ թե աղքատությունը մեղմող և վերացնող: Մասնավորապես, երբ հայտարարվում է աղքատության դեմ ակտիվ պայքար, բայց չի իրականացվում աշխատավարձերի բարձրացում, նպաստների և թոշակների համապատասխանեցում կենսապահովման նվազագույն բյուջեին, նշանակում է` իրականացվող քաղաքականությունը չի կարող հանգեցնել աղքատության հաղթահարման»,- նշում է ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը:

Հետաքրքիր է, եթե աղքատության դեմ պայքարող մեր պետական պաշտոնյաներին թողնեին ամսական 50 հազար դրամի հույսին, քանի՞ օր կապրեին ու ինչպիսի՞ քաղաքականություն կմշակեին աղքատության մակարդակի նվազման ուղղությամբ:

 

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply