Ամանորյա «նվեր» հայկական սիգարետ ծխողներին

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 13, 2012 15:00

2012 թվականը սկսվեց «Գրանդ տոբակո» և «Մասիս տոբակո» ընկերությունների արտադրանքի գների բարձրացմամբ: Այս թանկացումները պայմանավորված էին հունվարի 1-ից 15 դրամով տեղական արտադրության սիգարետների համար հաստատագրված վճարների ավելացմամբ:  2010 թ. հոկտեմբերին «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքում կատարվեցին փոփոխություններ, որով նախատեսվում էր տեղական արտադրության սիգարետների հաստատագրված վճարների դրույքաչափերը բարձրացնել տարեկան 15 դրամով:

«2011 թ. հունվարի 1-ին 15 դրամով այդ հաստատագրված վճարներն ավելացան, բայց այդ ժամանակ մեզ մոտ գների փոփոխություն տեղի չունեցավ: 2012 թվականի հունվարի 1-ից հետո այդ հաստատագրված վճարների դրույքաչափերը բարձրացել են ևս 15 դրամով, բայց արդեն չենք տեղավորվում ինքնարժեքի մեջ և ստիպված եղանք բարձրացնել մեր ապրանքների գները»,- հայտնեց «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ի, համատեղությամբ նաև «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահրամ Բրուտյանը:

Գնաբարձրացումը բոլոր ապրանքատեսակների համար հավասարաչափ տեղի չի ունեցել, այլ կատարվել է հետևյալը. կան ապրանքատեսակներ, որոնց գները բարձրացել են 50 դրամով, կան` 40 դրամով, կան նաև, որ 10 դրամով են թանկացել և կան ապրանքատեսակներ` «Գրանդ տոբակո» և «Մասիս տոբակո» ընկերությունների ընդհանուր ապրանքացանկի մոտ 1/3-ի չափով, որոնց գներն ընդհանրապես չեն բարձրացել. շուկայում այս երկու ընկերությունների մոտ 75 ապրանքատեսակ կա,  որոնց մոտ 20-ի համար գների փոփոխություններ չեն եղել: Ընկերությունների ներկայացուցչի հավաստմամբ, եթե հնարավոր է եղել գինը չբարձրացնել, չի բարձրացվել, գների բարձրացման միջին հաշվեկշռված մեծությունը եղել է մոտ 10 դրամ: Նորից ստացվում է այն պատկերը, երբ պետությունը մեծացնում է տնտեսվարողի հարկային բեռը, իսկ տնտեսվարողը, գների բարձրացմամբ, այդ բեռը փոխանցում է գնորդին:

«Երբ անցյալ տարի հաստատագրված վճարները բարձրացան, մենք գների բարձրացման չգնացինք, ու հիմա ասել, թե հարկային բեռի ավելացումը տեղափոխում ենք գնորդների ուսերին… Իսկ ի՞նչ է, ինքնարժեքից էժա՞ն պետք է վաճառենք մեր ապրանքատեսակները. այդ դեպքում աշխատելու իմաստը կորչում է»,- պարզաբանում է Վահրամ Բրուտյանը:

Տեսականորեն նրա ասածի մեջ սխալ կամ անտրամաբանական ոչինչ չկա: Բայց քանի որ Հայաստանում մի հիվանդագին երևույթ կա` յուրաքանչյուր առիթ օգտագործել ապրանքները թանկացնելու համար, ինքնաբերաբար կասկածներ են առաջանում նաև այս թանկացումների հիմնավորումների վերաբերյալ: Այնուամենայնիվ, հակված չենք մտածելու, որ այս դեպքում ևս գների անհիմն` հարկերի ավելացմանն անհամապատասխան բարձրացում է եղել:

«Քանի որ տեղական արտադրության ոլորտում «Գրանդ տոբակո» ընկերությունը գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն է, մասնավորապես` ֆիլտրով սիգարետի շուկայում արտադրման և իրացման ծավալներով զբաղեցնում է 50.8 տոկոսը և առանց ֆիլտրի սիգարետի շուկայում` 92.3 տոկոսը: Մենք սկսել ենք ուսումնասիրություն, այս պահին հանձնաժողովն ուսումնասիրում է, տնտեսվարողից կպահանջվեն գնային հիմնավորումների մասին տեղեկություններ, կփորձենք պահանջել հիմնավորումը, թե որն է այդ թանկացման պատճառը: Եվ ուսումնասիրությունների արդյունքի մասին հանրությանը տեղյակ կպահվի: Քանի որ գործ ունենք գերիշխող տնտեսվարողի հետ, ականջի հետև չենք գցում գործը և ինքներս կփորձենք պարզել, թե արդյոք այդ թանկացումը համահո՞ւնչ է եղել  նրանց ծախսերի ավելացմանը»,- հայտնեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:

«Գրանդ տոբակոյի» ներկայացուցիչը վստահաբար պնդում է, որ գների բարձրացման պատճառը հարկերի բարձրացումն է. ընդամենը: Այս բարձրացումների նպատակն այն է, որ մինչև 2014 թ. տեղական ատադրության ու ներմուծված սիգարետների հաստատագրված վճարները հավասարեցվեն: Բայց այստեղ առաջանում է մեկ այլ հարցական: Ցածր հարկերի պայմաններում հայրենական արտադրության սիգարետների գներն ավելի էժան են, քանի որ ինքնարժեքն ավելի ցածր է: Հետևաբար, ինքնարժեքի բարձրացմանը զուգահեռ, կթանկանա նաև տեղական արտադրանքը: Փաստորեն կարող է ստացվել, որ հարկերով ճնշվի տեղական արտադրությունը, և խրախուսվի ներկրումը:

«Այդ բարձրացումներն ընդգրկված են եղել ընդհանուր հարկային փաթեթի մեջ: Մենք կատարող մարմին ենք, և եթե օրենքն արդեն ընդունվել է, ապա մենք այն կատարում ենք` առանց հետևություններ անելու»,- հայտնեց Պետեկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը:

Տեղական արտադրանքի թանկացման դեպքում մի՞թե հայ սպառողները հայկականի փոխարեն չեն գնի արտասահմանյան արտադրության սիգարետներ, քանի որ արժեքով կամաց-կամաց հավասարվում են: Իսկ այդ վաճառքի ծավալների փոքրացման պայմաններում  հայ արտադրողները, անկասկած, վնասներ կկրեն: Դա էլ, իր հերթին, սպառնում է արտադրանքի ծավալների փոքրացմամբ և, հետևաբար, տանում աշխատատեղերի կրճատման:

«Մենք դեռևս չենք կարող ասել, թե սպառողներն ինչպիսի վարքագիծ կդրսևորեն, և այս թանկացումներն ինչպես կանդրադառնան շուկայի վրա, բայց ամեն դեպքում, կարծում եմ, աշխատատեղերին դրանից վտանգ չի սպառնում, որովհետև մենք մեր ծավալները չենք փոքրացնելու: Այստեղ նաև մի լուսավոր կետ կա, որ մեր արտահանման ծավալները բավականին աճել են, շատ են աճել ու շարունակում են աճել, և եթե ինչ-որ վնասներ էլ լինեն, ապա, իմ կարծիքով ո՛չ աշխատատեղերին և ո՛չ էլ գյուղացիական տնտեսություններին վնաս պետք է որ չհասնի: Մեր գյուղացիական տնտեսությունները ծխախոտի տերևի մեր պահանջարկը հազիվ են կարողանում բավարարել: Այնպես որ պետք չէ մտահոգվել, որ աշխատատեղեր կփակվեն կամ արտադրության ծավալները կնվազեն»,- հավաստիացրեց «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:

Նշենք, որ «Գրանդ տոբակո» և «Մասիս տոբակո» ընկերություններում միասին 2000-ից ավելի մարդիկ են աշխատում: Իսկ անուղղակի աշխատատեղերի առումով ֆերմերային տնտեսություններում և սպասարկող ընկերություններում 10 հազարից ավելի մարդ է աշխատում:

 

 

 

 

 

 

Դիտվել է 2076 անգամ:
Print Friendly

Leave a Reply