Մեղքի զգացողությունն ինձ հանգիստ չի տալիս

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | January 18, 2012 10:30

Աշխարհում ամեն տարի աբորտի հետևանքով 250 հազար կին է մահանում, իսկ հազարավոր երեխաներ այդպես էլ չեն ծնվում...

28-ամյա Լուիզան թունավոր հղիություն էր տանում. վտանգավոր հետևանքներից խուսափելու համար բժիշկների խորհրդով որոշեց ընդհատել հղիությունը։

– Աբորտից հետո մոտ մեկ ամիս շարունակ ոչ մեկի հետ չէի խոսում ու ամեն գիշեր սարսափելի երազներ էի տեսնում: Անգամ հիմա, երբ դեպքից անցել է մոտ երկու տարի, մեղքի զգացումն ինձ հանգիստ չի տալիս: Սկզբնական շրջանում մայրս ասաց, որ պետք է պարտադիր հոգեբանի այցելեմ: Զանգահարեց, պայմանավորվեց ու տարավ: Գնում էի նրա մոտ, մի քիչ հանգստանում էի, գալիս էի տուն, էլի այն միտքը, որ երեխա չկարողացա ունենալ, տանջում էր ինձ,- ասում է Լուիզան:

Աբորտ անելուց որոշ ժամանակ անց, սակայն, բժիշկները պարզել են, որ Լուիզան հղի է եղել երկվորյակներով, իսկ իրենք հեռացրել են միայն մի պտուղը։ Ծանր հղիությունից հետո ծնվեց նրա դուստրը:

– Երջանկության մեջ էի: Ամուսնուցս շատ ես էի ուրախացել: Այդ օրը, երբ բժիշկներն ասացին, որ նորմալ հղիություն եմ տանում, կարծես աշխարհն իմը լիներ: Անուշիկս իմ միակ գանձն է: Նա մի քիչ դժվարությամբ լույս աշխարհ եկավ, բայց մանկան ճիչով լցվեց մեր ընտանիքը: Վստահ եմ՝ էլի երեխաներ կունենամ, բժիշկների խոսքը հուսադրող է,- ոգևորությամբ պատմում է Լուիզան:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր երկրում տարեկան 8 000 – 11 000 աբորտ է արվում: Գինեկոլոգ Հ. Ստեփանյանն ասում է, որ հայ կանանցից շատերը նախընտրում են ընդհատել անցանկալի հղիությունը, քան ժամանակին հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործել:

Արմինեն  այս տարի կլինի 24 տարեկան, բայց արդեն հասցրել է երկու երեխա ունենալ, երրորդին չի ցանկանում ծննդաբերել:

– Ոչ սոցիալական պայմաններս էին ծանր, ոչ էլ առողջությանս հետ ինչ- որ խնդիրներ ունեի: Պարզապես երրորդն արդեն անցանկալի էր: Ես չեմ ափսոսում արածիս համար և անգամ խղճի խայթ չեմ զգում: Ամուսինս թողել գնացել է, հիմա ես չեմ աշխատում, երկու երեխա եմ մեծացնում: Ինձ ու երեխաներիս հայրս է պահում, երրորդի՞ն էլ բերեի,- ասում է նա:

Եթե աղջիկը չափահաս է, բժիշկն իրավունք չունի մերժելու մինչև 12 շաբաթական հղիության ընդհատումը. դա օրենքով արտոնված է։ Եթե երեխան արդեն 13 շաբաթական է, ապա միայն մորը կամ պղտին սպառնացող առողջական վտանգի դեպքում է աբորտը թույլատրելի համարվում:

Դեռ հին ժամանակներից հղիության արհեստական ընդհատումը միշտ էլ եղել է արդիական, բայց հիմնական հետևանքները՝ այդպես էլ չբացահայտված: Միջին դարերում սպանում էին սպանողին, մահապատժի էին ենթարկում ինչպես մորը, այնպես էլ ծնունդը վաղաժամ ընդհատողին: XX դարի սկզբին խնդրի  նկատմամբ վերաբերմունքը մեղմացավ: Աշխարհը հռչակեց մարդասիրական օրենքներ:

Օրենքն օրենք է, իսկ մարդու գիտակցության սահմանն օրենքի հետ ոչ մի կապ չունի: Կանանց մեծ մասն այն կարծիքի է, որ եթե պտուղը մարդ է համարվում, ապա միայն  այդ դեպքում գործ ունեն մեղքի հետ, բայց նրանցից քչերը գիտեն, որ Հայ եկեղեցու տեսակետը մեկն է` հղիության արհեստական ընդհատումը մարդասպանություն է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վարազդատ սարկավագն ասում է, որ սաղմը մոր արգանդում մարդ է համարվում ձևավորման առաջին իսկ պահից:

– Միակ դեպքը, որն արդարացվում է, այն է, երբ մոր կյանքին վտանգ է սպառնում: Եթե պտղի ընդհատումով կարելի է մոր կյանքը փրկել, ապա Աստծո առաջ դու անմեղ ես, իսկ կենցաղային խնդիրները չեն կարող արդարացնել հանցանքը,- նշում է միաբանը և հավելում, որ ըստ եկեղեցու հայրերի ուսումնասիրությունների` սաղմն իր մեջ կրում է մարդու բոլոր հատկանիշներն ու ողջ էությունը, և  նրան միջավայր է հարկավոր ավելի մեծանալու համար:

21-ամյա Սոնան ամուսնացած չէ, բայց արդեն 6 շաբաթ է՝ երեխայի է սպասում:

– Ես հղիացա պատահաբար: Չէի էլ կարող մտածել, որ հղի եմ: Ուզում եմ, որ երեխաս ծնվի, բայց ընկերս ստիպում է, որ աբորտ անեմ, նա նույնիսկ թույլ չի տալիս, որ անգամ հարազատներս իմանան այդ մասին: Բայց մեծահոգաբար ինձ տանում է բժշկի, պարբերաբար ստուգվում եմ, որ հետագայում առողջության խնդիրներ չունենամ,- պատմում է Սոնան:

Նա համոզված է, որ աբորտ անելը մարդասպանության հետ կապ չունի, աստվածավախ է, բայց այս հարցում եկեղեցու պաշտոնական տեսակետին համամիտ չէ:

– Բժիշկն ասաց՝ ծննդաբերիր, բայց արդեն իմ սիրտն էլ է կախ: Մայրս սկսում է օր օրի ենթադրություններ անել, որ հղի եմ: Մեր ընտանիքը շատ ավանդապաշտ է, ու եթե հայրս իմանա,  նա ինձ «աբորտ» կանի: Վախենում եմ,- ասում է Սոնան:

Մինչ այս նյութը պատրաստեցինք, մեր հերոսն ասաց, որ արդեն դիմել է բժշկի՝ աբորտ անելու համար:

Գինեկոլոգ Արման Սահակյանի տարիների փորձը վկայում է, որ հղիության արհեստական ընդհատման ժամանակ պարտադիր են բժշկի հսկողությունը, ցուցումներն ու նշանակումները, այլապես հնարավոր են բարդություններ, այդ թվում` անպտղություն ու մահ:

Հղիության ընդհատումը երբեմն կրկնակի մահացու է: Հատկապես վտանգավոր են ապօրինի աբորտները: Չնայած չարագործությունը վերհիշելը բավական դժվար էր, բայց հոգեբույժ Մ. Գևորգյանը մեզ հետ զրույցում պատմեց իր գլխով անցածը:

– Փոքր էի և չէի գիտակցում մորս վիճակի անհասկանալի վատթարացումը: Էդ պառավներն անընդհատ գնում-գալիս էին: Մորս տեղափոխեցին հիվանդանոց, և լուսաբացին նա մահացավ… Տարիներ անց հասկացա, որ մորս մահվան պատճառն ապօրինի աբորտն էր,- պատմում է հոգեբույժը:

Գինեկոլոգի խոսքով՝ աբորտի համար դիմում են հիմնականում 25-30 տարեկան կանայք, բայց վերջին տարիներին շատ են դիմում նաև դեռահասները։

– 16-17 տարեկան աղջիկները հաճախ առանց անձնագրի են գալիս, փորձում են թաքցնել իրենց տարիքը, քանի որ անչափահասների դեպքում բժիշկը պետք է զանգահարի ոստիկանություն, ոստիկանությունն էլ պիտի տեղյակ պահի աղջկա ծնողներին: Երբեմն ընդառաջում ենք, երբ հասկանում ենք՝ նորմալ աղջիկ է ու գլխացավանքների մեջ չի ուզում ընկնել,- ասում է գինեկոլոգը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վարազդատ սարկավագը ուշագրավ այլ տեղեկություններ էլ ասաց` կապված աբորտի հետ: Պարզվում է՝ հնում եկեղեցին պատժում էր աբորտ արած կնոջը: Պատժի տեսակներից էին 12 տարի եկեղեցի չթողնելը, 12 տարի ապաշխարության շրջան անցնելը և այլն:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի փորձը ցույց է տվել, որ հղիության արհեստական ընդհատումը լուրջ հետքեր է թողնում ոչ միայն կնոջ մարմնում, այլև` հոգում:

– Այդպիսի որոշման եզրին կանգնած կինը գտնվում է ներքին լարվածության, տագնապի շատ խորը հոգեվիճակում: Կինը մեղքի զգացում է ունենում, ու հաճախ այն նրան ողջ կյանքում հետապնդում է: Աբորտի մտադրությունն անգամ կարող է ազդել զարգացող պտղի վրա: Ծնողների երկմտանքը փոխանցվում է երեխային, և նա դեռևս սաղմնային վիճակում տագնապ է ապրում, ինչն էլ հասուն մարդու նևրոզի պատճառ կարող է դառնալ,- ասում է հոգեբանը:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Դիտվել է 2398 անգամ:
Print Friendly

Leave a Reply