Ինչո՞վ է պայմանավորված զգուշավորությունը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | January 18, 2012 7:05

Հայաստանի մարզական բնագավառի ներկայացուցիչները հրաժեշտ տվեցին  2011-ին այնպես, ինչպես դա արել էին վերջին տարիներին, այսինքն` շուքով: Մարզական տարվա վերջին ակորդին` տարվա լավագույն մարզիկների, մարզիչների մեծարման հանդիսավոր արարողությանը` կազմակերպված «Օջախ» ռեստորանում, ներկա էին  նաև Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Նրանք նստած էին կողք կողքի: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու նախագահներին նվերներ հանձնեց` միատեսակ մեծ ոսկեգույն քանդակներ:  Սա արդեն կրկնվում է մի քանի տարի, և կատարվածն անակնկալ չէր:

2011-ին լավագույն ճանաչված  10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին որպես պարգև ՀԱՕԿ-ի նախագահը հանձնեց արտասահմանյան ավտոմեքենայի բանալիներ: Արժանավորների թվում էին նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներ Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը: Մխիթարյանը մասնակցում էր հանդիսությանը և տեղ էր զբաղեցրել երկու նախագահների սողանի շուրջը, իսկ Մովսիսյանը բացակայում էր:  Նրա փոխարեն բանալիները ստացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը տեղ էր զբաղեցրել նախագահների կողքին գտնվող սեղանի շուրջը` իր ընկերոջ` Սամվել Ալեքսանյանի հարևանությամբ: Հետաքրքիրն այն է, որ մի քանի օր առաջ «Հարսնաքար» ռեստորանում կազմակերպվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցառումը, որի ժամանակ մեծարվել  են մեր երկրի ազգային թիմի խաղացողները, և այդ հանդիսությանը ներկա չի եղել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀԱՕԿ-ի և ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա: Հետագայում հայկական առաջին հեռուստաալիքով ունեցած իր ելույթի ժամանակ Հայրապետյանը պարզաբանել է, թե ներկա են եղել միայն այն պաշտոնյաները, որոնք սիրում են ֆուտբոլը:

Ինչևէ, Ծառուկյանն առատաձեռն պարգևատրեց Հայաստանի լավագույն մարզիկներին: Ի դեպ, պաշտոնական է համարվում լավագույնների այն տարբերակը, որը ձևավորվում Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով, որին մասնակցում են մեր երկրի մարզական թեմաներով գրող լրագրողները: Ընդ որում, կազմակերպությունը որոշում է լավագույններին, իսկ պարգևատրումը կատարում է ՀԱՕԿ-ի նախագահը` փորձելով հնարավորինս շռայլ գտնվել:

Եվ ահա, 10 ավտոմեքենա լավագույն մարզիկներին ընծայելուց հետո Ծառուկյանը, անակնկալի բերելով ներկաներին, հայտնեց, որ պետք է 11-րդ ավտոմեքենան նվիրի  ծանրորդ  Արայիկ Միրզոյանին: Թերևս ՀԱՕԿ-ի նախագահը ցանկացել է ոգևորել երիտասարդ ծանրորդին, որի համար 2011-ի մրցաշրջանը եղել է փոփոխական  հաջողությունների տարի, մինչդեռ առաջիկայում սպասելիքները նրանից մեծ են լինելու: Ի դեպ, Միրզոյանը նախկինում էլ Ծառուկյանից ավտոմեքենա պարգև ստանալու առիթ ունեցել է:

Իմիջիայլոց, հարցման արդյունքով Միրզոյանն այս անգամ 12-րդ տեղում է: Նա հավաքել է 47 միավոր և 2 միավորով առաջ անցել ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանից, այդուհանդերձ զգալիորեն հետ է մնացել 110 միավորով 11-րդ հորիզոնականը զբաղեցրած սամբիստ Վաչիկ Վարդանյանից: Հնարավոր է, որ  կատարվածը տարաբնույթ խոսակցությունների տեղիք տա, սակայն երբ խոսքը նվիրատվության մասին է, դրանք անիմաստ են:

Ինչ վերաբերում 2011-ի մրցաշրջանին, ապա այն մեր  մարզիկների համար լավագույնը չէր: Մասնագետները պատճառաբանում են, որ նախաօլիմպիական տարում ամեն բան հնարավոր է, բայց ակնհայտ է, որ սպասելիքների մեծ մասը չի արդարացել: Մերոնք առայժմ օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք տվող ընդամենը  10 ուղեգիր ունեն, ինչն ուղղակի անբավարար է: Հնարավոր է, որ մինչև այս տարվա ամռանը Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի մեկնարկը դրանց թիվն ավելանա, սակայն հուսադրող քիչ բան ունենք: Առայժմ չկա Հայաստանի այնպիսի մարզիկ, որի մասին կարելի է ասել, որ օլիմպիական խաղերում ոսկե մեդալի ակնհայտ հավակնորդ է: Մեր աստղերից ոմանց խանգարում են վնասվածքները, մյուսներն էլ, չնայած ունեցած տիտղոսներին, դեռևս չեն կարողացել օլիմպիական վարկանիշը լրացնել:

Թերևս այդ է պատճառը, որ անգամ Հայաստանի մարզական բնագավառի ներկայացուցիչների ամանորյա հանդիսության ժամանակ մեր մարզիկները, մարզիչները, պաշտոնյաները մի տեսակ զգուշավորություն էին դրսևորում, խուսափում ամպագոռգոռ հայտարարություններից: Լավ է դա, թե վատ, ցույց կտա նոր սկսված մրցաշրջանը, որն օլիմպիական է:

 

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply