Պեկինից հետո, այժմ էլ` Լոնդոնում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | January 13, 2012 7:02

2012-ի գլխավոր մարզական իրադարձությունը Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերն են: Մինչև այդ ստուգատեսի մեկնարկը բավական ժամանակ կա, սակայն արդեն հայտնի է, որ միջազգային բարձրագույն կարգի մրցավար Սամվել Հարությունյանն ընդգրկվել է ըմբշամարտի օլիմպիական մրցաշարը սպասարկողների կազմում: Չի բացառվում, որ նա օլիմպիական խաղերում Հայաստանի միակ մրցավարը լինի: Հանդիպելով փորձառու մասնագետին` մի քանի հարց ուղղեցինք:

Ինչպիսի՞ն էր անցած` 2011-ի մրցաշրջանը Հայաստանի ըմբիշների համար:

– Այն, ինչը պլանավորված էր, դեռևս չի կատարվել: Բանն այն է, որ մեր հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները 3-4-ական օլիմպիական խաղերի ուղեգրեր պետք է նվաճած լինեին, սակայն երկու հավաքականներն էլ բավարարվել  են միայն մեկական ուղեգրով: Հաջողությունը  Արսեն Ջուլֆալակյանին և Միհրան Ջաբուրյանին է ուղեկից եղել: Այդուհանդերձ, վստահ ենք, որ նոր մրցաշրջանում մերոնք կլրացնեն բացը: Եվրոպայի առաջնությունից հետո վարկանիշային երեք մրցաշար է անցկացվելու Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում: Ինչ խոսք, դժվար է լինելու, սակայն հավատում ենք, որ մեր ըմբիշները կկարողանան օլիմպիական նոր ուղեգրերի տիրանալ: Ուրախալի է, որ Հայաստանի` 2011-ի 10 լավագույն մարզիկների ցուցակը գլխավորել է Ռոման Ամոյանը: Նրանից բացի, լավագույնների տասնյակում են  ևս երեք ըմբիշ` Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Մուսա Մուրթազալիևը:

Տարեվերջին հայտնի դարձավ, որ սպասարկելու եք 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարը: Դա ինչպե՞ս է որոշվել:

– Օլիմպիական խաղերը սպասարկելու է 60 մրցավար: Ընտրյալների թվում հայտնվելու համար հուլիսին Ռումինիայում կայացած աշխարհի երիտասարդների առաջնության ժամանակ մրցավարները գործնական և տեսական իմացության քննություն  են հանձնել: Ստուգվել է նաև մրցավարների օտար լեզուների` անգլերենի և ֆրանսերենի իմացությունը: Էկրանի վրա մրցամարտերի տարբեր դրվագներ էին ցուցադրվում, և մրցավարը բացատրում էր, թե ինչ վճիռ պետք է կայացվի: Ինքս լրջորեն էի  նախապատրաստվել այդ փորձությանը և հաղթահարեցի այն: Ի դեպ, 2008-ին Պեկինում կայացած օլիմպական խաղերի ժամանակ Հայաստանից միայն ես էի ներգրավված մրցավարական աշխատանքում:

Այդուհանդերձ, 2011-ին Դորտմունդում և Ստամբուլում կայացած ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանից ըմբշամարտի ոչ մի մրցավար չկար: Ի՞նչն էր պատճառը:

– Ինձ համար էլ անհասկանալի է, թե ինչու 2008-ի նախորդ օլիմպիական խաղերից հետո Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան  (ՖԻԼԱ) մրցավարական իմ կարգն իջեցրեց` օլիմպիականից դարձրեց առաջին կարգի: Այդ մասին ոչ մի խոսակցություն չէր եղել, առիթ չկար: ՖԻԼԱ-ի մրցավարական հանձնաժողովը գլխավորում էր մի կանադացի մասնագետ, որը, մեղմ ասած, Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ բարյացակամ վերաբերմունք չուներ: Բարեբախտաբար, երկու տարի առաջ նրան հեռացրին: Ինչ խոսք, ինձ համար որոշ ժամանակ հեշտ չէր: Իսկ  միշտ նեցուկ  է եղել, բոլոր հարցերում աջակցել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ստեփան Ղազարյանը, որի համար երախտապարտ եմ:

– 2012-ին ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցումներ սպասարկելո՞ւ եք:

– Անպայման: Բացի այդ, սպասարկելու եմ նաև Եվրոպայի առաջնությունը:

Մրցավարական աշխատանքով զբաղվելու համար տարիքի հետ կապված խնդիր չկա՞:

– 55 տարեկան եմ: Կարգը թույլատրում է մինչև 60 տարեկան դառնալը ըմբշամարտի միջազգային մրցումներ սպասարկել: Այնպես որ նաև  2016-ի օլիմպիական խաղերում կարող եմ մրցավարությամբ զբաղվել:

Եթե Հայաստանի ներկայացուցիչներն անհաջողության են մատնվում, առանց մեդալի են մնում ներկայացուցչական միջազգային այն մրցումներում, որոնք նաև դուք եք սպասարկում, ի՞նչ զգացողություն եք ունենում: Ձեզ որևէ բանում մեղավոր զգո՞ւմ եք, եթե մերոնց մասնակցությամբ հանդիպումներում օտարերկրացի մրցավարները արդար չեն լինում:

– Մարզիկը պետք է անարդարության հնարավորություն չտա: Մարզիչն էլ իր սանի մրցելույթին հետևելու ժամանակ պետք է ձերբազատվի հույզերից, օբյեկտիվ գտնվի: Մրցավարական աշխատանքի ժամանակ շատ դեպքեր են եղել, երբ անհամբերությամբ սպասել եմ, որ մրցակիցներից որևէ մեկը հաջող հնարք կատարի, որպեսզի  միավորներ շնորհեմ նրան: Ընդ որում, հնարքի կատարման ընթացքում արդեն շտապել եմ գնահատական տալ: Եվ երբ հետո դիտել եմ տեսագրությունը, նկատել եմ, որ գցումը ոչ թե 3, այլ 1 միավորի է արժանի: Այնպես որ թերություններ միշտ էլ կարող են լինել:

Ըմբշամարտն այն մրցաձևերի թվում է, որոնց հանդիպումների ընթացքում հնարավոր է` մրցավարներին տեսագրությունն օգնի, որպեսզի անարդարություններ չգրանցվեն: Ի՞նչ եք զգում, երբ բացահայտվում է, որ սխալվել եք:

– Սխալվում են բոլորը: Երբ նկատում ես, որ մրցամարտը վարելու ժամանակ որևէ վրիպում ես թույլ տվել, անմիջապես տրամադրությունդ ընկնում է: Իսկ սխալից հետո դժվար է շարունակել վարել հանդիպումը: Հոգեբանորեն արդեն  անկայուն վիճակում ես հայտնվում: Ինքդ քեզ ընկճված ես զգում: Միայն դա չէ, որ տրամադրություն է գցում: Լինում են դեպքեր, երբ մրցագորգի վրա անհավասար ուժեր են հանդիպում: Եվ թույլ, խոշոր հաշվով պարտվող մարզիկի մարզիչն անսպասելիորեն ընդհատում է գոտեմարտը, պահանջում է դիտել տեսագրությունը: Այդպիսի իրավիճակներն էլ փչացնում են  հանդիպումները, քանի որ մրցող մարզիկները, ժամանակավոր անգործության մատնվելով, «սառում են», կորցնում են տրամադրվածությունը: Իսկ օլիմպիական խաղերի ժամանակ լարվածությունը բազմապատկվում է: Ի դեպ, մեր մարզիկների մրցելույթներն էլ են ինձ համար խիստ կարևոր: Ասենք, եթե Հայաստանի ներկայացուցիչը պարտվում է, դժվարանում եմ ինքս ինձ վերագտնել:

Դեպք եղե՞լ է, երբ Հայաստանի ներկայացուցչի նկատմամբ մրցագորգի մրցավարն անարդարացի է վարվել, և դրա հետ կապված` հանդիմանել եք ձեր գործընկերոջը:

– Իհարկե: Ավելին, պատահել է, որ այդպիսի մասնագետի հետ վիճել եմ, ամիսներով չեմ խոսել:

Փաստորեն, կարևոր է` տվյալ միջազգային ստուգատեսում որևէ երկիր մրցավար ունի՞, թե՞ ոչ:

– Անկասկած: Օրինակ, եթե Անդորրան մրցումների ժամանակ մրցավար չունենա, ապա  երբ այդ երկրի ըմբիշներն են մրցագորգի վրա գոտեմարտում, ամեն բան հնարավոր է:

– 2011-ին մերոնք անարդարությունների հանդիպե՞լ են: Դա՞ է պատճառը, որ Հայաստանի ըմբիշների օլիմպիական ուղեգրերն առայժմ քիչ են:

– Ինքս ներկա չեմ գտնվել, սակայն ասում են, որ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի նկատմամբ աշխարհի առաջնությունում` գոտեմարտերից մեկի ժամանակ, մրցավարներն անկողմնակալ չեն եղել: Եթե նա հաղթեր այդ հանդիպումում, ապա մերոնք գործնականում օլիմպիական խաղերի ևս մեկ ուղեգրի կտիրանային:

 

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply