Աչքի լույսի պես պահել տեսողությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | January 14, 2012 7:00

Քիչ է ասել, որ տեսողությունը կարևոր է. տեսողության շնորհիվ է մարդը ստանում զգայարանների միջոցով ստացվող տեղեկության 80%-ը: Ուստի հատուկ ուշադրություն ու խնամք է պահանջում` այս աշխարհը գունագեղ տեսնելու  պարգևն աչքի լույսի պես պահելու համար:

Կարճատեսությունը թերևս ամենահաճախ հանդիպող տեսողական շեղումն է, որի  առկայության դեպքում մարդը վատ է տեսնում հեռադիր օբյեկտները: Ակնախնձորը լինում է չափից ավելի  ձգված, այդ պատճառով էլ պատկերը ոչ թե ցանցաթաղանթի վրա է  կիզակետվում, ինչպես նորմալ է համարվում, այլ  դրա առջև, ու ստացվում է լղոզված պատկեր: Կարճատեսությունը լինում է տարբեր տեսակների ու աստիճանների: Յուրաքանչյուր առանձին դեպքի համար բժիշկն առանձին միջոց պետք է որոշի: Սակայն կան բաներ, որոնք ընդհանուր են բոլոր  խնդիր ունեցողների համար: Եթե այդ  օրենքները խստիվ պահպանվեն, ապա գոնե  տեսողության վատթարացում  չի լինի:

Առաջին պարտադիր պայմանն այն է, որ կարճատեսություն ունեցող մարդը երբեք չպետք է աչքերը կկոցի: Շատերն են դիմում այդ միջոցին` տեսողությունը լարելու համար, սակայն դա ընդամենը մի ակնթարթ է օգնում, բայց վնասում է աչքը, որը, չափից դուրս սեղմվելով, ավելի է ձգվում: Տրամաբանորեն կարելի է եզրակացնել, որ աչքերը կկոցելը խորացնում է կարճատեսությունը:

Երկրորդ օրենք. չի կարելի կարդալ, գրել և ընդհանրապես գտնվել լույսի ուղիղ ճառագայթների տակ: Եթե դուք, ասենք, գիրք եք կարդում  մութ սենյակում` միայն գրքին ուղղված լույսով, ապա այն  ցանցաթաղանթի վրա կիզակետվում է վառ փոքրիկ հետքով: Այդ դեպքում բիբը առավելագույնս սեղմված է լինում` վառ լույսին դիմադրելու ու դրանից ցանցաթաղանթը պաշտպանելու համար: Հենց դա է պատճառը, որ   մութ սենյակում հեռուստացույց դիտելուց կամ էլ գիրք կարդալուց աչքերը կարմրում են: Ցանցաթաղանթը պաշտպանելու նպատակով բիբը շատ սեղմվում է, ինչի հետևանքով արյան շրջանառությունն աչքում ուժգնանում է: Որքան ձեր շուրջը լույսը ցրված լինի, որքան մեծ լուսավոր գոտի լինի, այնքան աչքի համար հարմարավետ պայմաններ կլինեն: Հեռուստացույցի սիրահարներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում տնային կինոթատրոն ձեռք բերել. մեծ էկրանը նվազեցնում է ծանրաբեռնվածությունը տեսողության վրա: Սակայն չպետք է մոռանալ ցրված լուսավորության մասին: Եթե նույնիսկ մեծ էկրանով հեռուստացույց ձեռք բերեք, այնուամենայիվ մի մոռացեք  լուսավորության նշված ձևի մասին: Պարտադիր է հեռուստացույց դիտելիս որոշակի հեռավորության պահպանումը. անկախ այն հանգամանքից, թե  ինչպիսին է այն (մեծ, փոքր), պետք է հեռավորությունն առնվազն 1,5-2 մետր լինի:

Երրորդ օրենքը. երբեք, երբեք մի կարդացեք մետրոյում, այն էլ` ընթացքի ժամանակ: Աչքի ու գրքի միջև հեռավորությունը պետք է հաստատուն լինի: Տառերի ու գլխի անընդհատ  շարժումը ստիպում է, որ աչքը տարբեր հեռավորությունների վրա շարունակ հարմարվի, ինչը լուրջ լարվածություն է ստեղծում աչքերի մկանների համար ու, բնականաբար, խիստ հոգնեցնում: Իսկ եթե այդուհանդերձ որոշել եք կարդալ, ապա փորձեք հաճախակի կտրվել  ուշադրության օբյեկտից ու հայացքն ավելի հեռուն հառել, իսկ ընթերցանության ընթացքում օգտագործեք ձեր բնական ամորտիզատորը` ողնաշարը: Մեջքով մի հենվեք նստարանին, հնարավորինս այն թուլացրեք, այդպիսով կկարողանաք գրքի ու աչքերի միջև հաստատուն հեռավորություն պահպանել:

Եվ գլխավոր կանոնը կարճատեսություն ունեցողների համար. եթե ստիպված եք երկար ժամանակ աշխատել տեքստի կամ էլ մանրամասերի վրա, կարդալ կամ գրել, կամ էլ ձեր աշխատանքը համակարգչով է, փորձեք պարբերաբար աչքերի մարզանք կատարել: Օրինակ` փորձեք  աչքերը փակ` «կույր», համակարգչի վրա տեքստ հավաքել. աչքերը կհանգստանան և թերևս  ավելի կվարպետանաք ձեր գործում ու կկարողանաք առանց ստեղնաշարին նայելու կատարել աշխատանքը: Կամ էլ կես կամ մեկ ժամ աշխատելուց հետո փորձեք մոտադիր օբյեկտներից հայացքը սևեռել հեռուն, նայեք, ասես անսահմանության: Աչքերը պտտեք մեկ աջ, մեկ ձախ, վերև-ներքև: Նման մարզանքը հնարավորություն կտա  աչքերի մկանային լարվածությունը թոթափել, հետևաբար` աշխատունակությունը բարձրացնել:

Կարճատեսության վերացման ժողովրդական միջոցներ

– Տեսողությունը կարելի է բարելավել հասարակ վարժություններով, որոնք տատիկներից են մեզ փոխանցվել: Ցուցամատի ծայրով մերսել աչքի ներքին անկյունները: Գործողությունը կատարել այնքան ժամանակ, մինչև կոպերի տակ լրիվ սև դաշտ հայտնվի:

-Ականջաբլթակի վրա են գտնվում տեսողության պատասխանատու կետերը: Ցուցամատով ու բութով բլթակները հարկավոր է տրորել 10 վայրկյան: Մերսումը պետք է կրկնել ոչ մեծ ընդմիջումներով, 5 անգամ: Այս մերսումով կարող եք հոգնածությունը անցկացնել, ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես աչքերը սկսում են ակտիվորեն շնչել: Կարճատեսությունը կանխել կարելի է նաև առողջ սնունդով: Ձեր կերակրացանկում թող հաստատուն տեղ զբաղեցնեն տավարի լյարդը, հնդկաձավարի շիլան, մեղրն ու, իհարկե, գազարը:

Մի լավ խորհուրդ էլ 80-ամյա մի տղամարդուց, որ մինչ օրս ակնոց չի կրում: Առավոտյան լվացվելիս բաց աչքերով սառը ջուր ցողել աչքերի մեջ: Այս միջոցն ամրացնում է աչքերի մկանային համակարգը:

Հետաքրքիր փաստեր կարճատեսության մասին

Առաջ կարճատեսության դեպքում բժիշկները խորհուրդ էին տալիս խստորեն սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը: Այսօր հակառակն է, բոլորը կողմ են մարզումներին: Հետազոտություններով պարզվել է, որ  մարզումները բարելավում են  ողջ, այդ թվում և աչքի մկանային համակարգի աշխատանքը: Բացառություն  են բոքսը, ըմբշամարտը, ծանր ատլետիկան, հոկեյը, թռիչքները, ֆուտբոլը: Այսինքն` մարզաձևեր, որոնցով զբաղվելիս չեն բացառվում հարվածները, ուժեղ ցնցումներն ու գերլարումը: Ամենօրյա 30-40 րոպե տևողությամբ  ֆիթնեսը գերազանց է կարճատեսության դեպքում:

Ի դեպ, կոնտակտային լինզաների հեղինակը Լեոնարդո դա Վինչին է: 1508-ին նա նկարել է մի սարքավորում, որը տեսողությունը «սրբագրում» է: Ըստ էության` նա ներկայացրել է ժամանակակից լինզաների  նախատիպը:

Առաջին փափուկ լինզան հայտնվել է միայն XX դարի  50-ականներին. չեխ գիտնական Օտտո Վիխտերլենն առաջին անգամ սինթեզեց թափանցիկ պոլիմեր, որը կարող է հագենալ ջրով:  Առաջատար արտադրողները հենց այդպիսի պոլիմերներ են կիրառում կոնտակտային լինզաների արտադրության համար:

 

Դիտվել է 3012 անգամ:
Print Friendly

Leave a Reply