Կսկսվի՞ համաշխարհային միջուկային պատերազմ. պարզ կդառնա մի քանի օրից

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 12, 2012 16:45

Հունվարի 23-ին ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, ըստ ամենայնի, կընդունվի իրանական նավթի արտահանման վրա էմբարգո դնելու որոշումը: ԵՄ անդամ 27 երկրներ նախապես հավանություն են տվել Իրանից ներկրվող նավթի վրա արգելք դնելու գաղափարին: Իրանական նավթի 40 տոկոսի ներկրող-սպառողները ԵՄ երկրներն են:

Իրանն իր հերթին սպառնացել է էմբարգոյի որոշումն ընդունելու դեպքում փակել Օրմուզի նեղուցը, որով անցկացվում է աշխարհի նավթի 1/3-ը: ԱՄՆ ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ նեղուցի անխափան աշխատանքն ապահովելու համար պատրաստ են անգամ ռազմական միջամտության: «Մենք հստակ հասկացրել ենք, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Օրմուզի նեղուցի փակումը: Սա ևս մեկ սահման է, որն անցնել չի կարելի: Մենք բավարար ուժ ունենք դրան պատասխանելու»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան:

Որոշ փորձագետների կարծիքով` սա Իրանի վրա հարձակվելու հարմար առիթ է ԱՄՆ-ի համար: Մյուս կողմից` կարծիք է հնչում նաև, որ Իրանի վրա հնարավոր հարձակումը կարող է դառնալ համաշխարհային միջուկային պատերազմի սկիզբ:

Արևմուտքի և Իրանի միջև լարվածության նոր փուլն ավելի թեժացավ, երբ Իրանը հայտարարեց, որ սկսում է ուրանի մինչև 20 տոկոս հարստացումը: Միջուկային նոր կենտրոնը գործարկվել է  մահմեդականների սրբազան Կում քաղաքում` Ֆորդու լեռան գաղտնի թունելներում, ինչը միջուկային կենտրոնն անխոցելի է դարձնում օդային հարձակման դեպքում: Մասնագետները նշում են, որ միջուկային կենտրոնի  պաշարները բավարար չեն միջուկային զենք ստեղծելու համար, սակայն նաև ավելին են, քան պետք է միջուկային ատոմակայանին վառելիքով ապահովելու համար:

Մինչ ԱՄՆ-ն փորձում է ողջ աշխարհում համախոհներ գտնել իրանական նավթի ներկրման վրա արգելք դնելու համար, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 5-օրյա այցով  Լատինական Ամերիկայում է` Վենեսուելայում, Էկվադորում, Նիկարագուայում, Կուբայում:

Ահմադինեժադի այցից առաջ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարեց, որ ԱՄՆ-ի` Իրանի հետ հարաբերությունները սահմանափակելու կոչերը ծիծաղելի են: Նա խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «զբաղվել իր երկրի գործերով», հավելելով, որ «Լատինական Ամերիկայի ժողովուրդներն այլևս երբեք ծնկի չեն գա և չեն ենթարկվի յանկիների իմպերիային»:

Իրանական լրատվամիջոցները տարածեցին նաև Թեհրանում Կուբայի դեսպան Ուիլյամ Քարբո Ռիկարդոյի խոսքերը, թե Իսլամական Հանրապետության նախագահի այցը Լատինական Ամերիկա զրոյի է հավասարեցնում Իրանի վրա կիրառված պատժամիջոցները և  ԱՄՆ-ի կողմից ներկայացված մեղադրանքները:

Ռիկարդոյի խոսքով` Իրանը 200 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ է բացել, որն ուղղված է Կուբայի և Իրանի առևտրային համագործակցության ամրապնդմանը. «Ակնկալվում է, որ Ահմադինեժադի այցի ընթացքում այդ գիծը կընդլայնվի մինչև 500 մլն դոլար»:

Իրանի դեմ կիրառվող սանկցիաներին դեմ է նաև Չինաստանը, որ իրանական նավթի հիմնական  սպառողն է (Չինաստանին է բաժին ընկնում իրանական նավթի 20 տոկոսը): «Չինաստանը դեմ է, որ որևէ երկիր միակողմանի սանկցիաներ կիրառի այլ երկրների նկատմամբ: Մենք, ինչպես և շատ այլ երկրներ, Իրանի հետ ունենք նորմալ առևտրատնտեսական հարաբերություններ, որոնք չեն խոչընդոտում ՄԱԿ-ի որոշումը»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուն Լեյը:

Չինաստանի կշիռը, սակայն, ստիպում է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին հաշվի նստել այդ երկրի կարծիքի հետ: Ուստի այս շաբաթ Բարաք Օբամայի հանձնարարությամբ Չինաստան կժամանի ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը` համոզելու ՉԺՀ ղեկավարությանը, որ գոնե չխանգարեն Արևմուտքին Իրանին ճնշելու գործում:

Իրանական նավթի սպառողներից է նաև Հարավային Կորեան (10 տոկոսը), որը ֆորմալ առումով ԱՄՆ դաշնակիցն է: Սակայն 2011-ին այստեղ գրանցված էներգետիկ ճգնաժամը, ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղումը և սղաճի ավելացումը կարող է պատճառ դառնալ, որ Սեուլը անսպասելի որոշում կայացնի:

Իրանական նավթի վրա էմբարգո դնելու որոշմանն ի սկզբանե դեմ են արտահայտվել նաև ԵՄ 3 երկրներ` Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, չնայած սանկցիայի մյուս կետերին կողմ են արտահայտվել:

Արևմուտքը, սակայն, չի սպասում մինչև էմբարգոյի մասին որոշման ընդունմանը և իրադարձությունների հետագա զարգացումներին:  Իրանական ափերին մեկը մյուսի հետևից ռազմանավեր են մոտենում: Պարսից ծոց  են ուղևորվել բրիտանական «Դերինգը» և ամերիկյան «Կարլ Վինսոն» ավիակիրը: Տարածքում է գտնվում նաև ամերիկյան հարվածային խումբը` «Ջոն Ստենիս» ռազմանավի գլխավորությամբ:

Չնայած ստեղծված իրավիճակին, որոշ քաղաքագետներ քիչ հավանական են համարում պատերազմը: «Ընտրություններից առաջ Իրանի հետ պատերազմ սկսելը խելահեղություն կլիներ ԱՄՆ-ի համար»,- օրերս հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` Իրանի վրա ճնշումը Արևմուտքի կողմից հայտարարությունների տեսքով ավելի շուտ քաղաքական նպատակներ է հետապնդում, քան պատերազմի նախապատրաստություն է: Իսկ սպառնալի հայտարարություններ Իրանի հասցեին ԱՄՆ-ն անում է 1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր:

«Իրանն այդ ճնշմանը դիմանում է շատ վստահ ու կայուն,- ասել է Իսկանդարյանը:- Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը, բայց այն չի ավարտվի նոր պատերազմով, առնվազն մոտ ապագայում»:

 

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply