Նախորդ տարվա դրական ու բացասական արդյունքներն ըստ Ահարոն Ադիբեկյանի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2012 16:38

Նախորդ տարի Հայաստանում չեղան սոցիալական ցնցումներ: Սա սոցիոլոգիական հետազոտությունների արձանագրած կարևոր դրական կողմերից է, որ Հայաստանում դիտարկվել է նախորդ տարվա համար: Այսօր լրագրողներին այդ ուսումնասիրությունների դրական և բացասական բացահայտումները ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ամբողջ հետսովետական տարածքում մենք այդպիսի ցնցումների ականատես եղանք` Ուկրաինայում, Վրաստանում, Միջին Ասիայում, այն երկրներում, որոնք ոնց որ թե  բարեկեցիկ են երևում` Ուզբեկստանում, Ադրբեջանում և վերջերս նաև Ռուսաստանում: Այդ առումով Հայաստանում բավականին հանգիստ անցավ նախորդ տարին: Դրա պատճառն այն է, որ նախ` փորձ եղավ ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների կամ երկխոսության ձևավորման ուղղությամբ, որը թեև արդյունքի չբերեց, բայց այդ ձգտումը բավականին դրական արժեք ունի և դա կարելի է շարունակել»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Որպես երկրորդ  դրական արդյունք, սոցիոլոգը նշեց, որ քաղաքական պայքարը, ընդդդմադիր և իշխանամետ ուժերի մեջ լարվածությունը պոլիտկոռեկտության սահմանում է  եղել: Նա Դրական արդյունք է համարում նաև որոշ տնտեսական աճը:

«Այն, ինչ մենք արտադրեցինք, բավարարեց, որպեսզի տնտեսական ցնցում չլինի: Մենք, որպես սոցիոլոգներ, գնհատում ենք այն բոմժերի, աղբանոցների մոտ հավաքվածների, կանգառներում գիշերները քնողների և նման մարդկանց թվաքանակով: Ոնց որ թե նրանց թվաքանակը մնում է կայուն, և դա էլի տնտեսական կայունության ցուցանիշ է»,- հայտնեց բանախոսը:

Որպես այլ դրական արդյունքներ, Ահարոն Ադիբեկյանը նշեց Ղարաբաղի հիմնահարցի սառեցված մնալը և դրամի կայուն լինելը: Դա նշանակում է, որ բիզնես ոլորտը կարող է պլանավորել իր խնդիրները: Նա նշեց նաև մի շարք բացասական խնդիրներ, օրինակ` արտագաղթը, ծնելիության մակարդակի կրճատման հետ միասին, որ բերում են ազգագարական լուրջ պրոբլեմների: Սոցիոլոգը որպես բացասական խնդիր է դիտարկում նաև դպրոցների «բարեփոխումը», որը բուհերին զրկեց ակնկալվող ուսանողների թվաքանակից: Ինչպես նաև ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքները:

Ամենավատ երևույթներից են նաև ներդրումային անբարենպաստ պայմանները, արտաքին պետական պարտքը, քանի որ հասնում ենք այն կարմիր գծին, որից հետո մեզ կարող է այլևս վարկ չտան, և խնդիր է դառնում, թե դրանից հետո մենք ինչպես ենք մեր հարցերը լուծելու:

 

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply