Պայքար օլիգարխների դեմ, թե ՕԲԽԵՍԻ վերադարձ . հարկային տեսուչի մասին աղմկահարույց օրինագիծն ընդունվեց

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | September 22, 2009 20:47
ai380901

Օլիգարխներն ու ընդդիմադիրները միասնական են. Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի պատգամավոր Վարդան Բոստանջյանը և «7օր» ինտերնետային թերթի խմբագիր,տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը դեմ են հարկային փաթեթին

Այսուհետ 76 խոշոր ձեռնարկություններում հարկային տեսուչները կհսկեն ապրանքի քանակը, գինը և, թե ում են առաքում:

Հարկային տեսուչի մասին այս աղմկահարույց օրինագիծը Ազգային ժողովն ընդունեց սեպտեմբերի 15-ին (73 կողմ, 23 դեմ և 1 ձեռնպահ ձայներով):

ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասում է, որ հարկային գործակալների ներդրման արդյունքում բյուջե կմուտքագրվի մոտ 30 մլրդ լրացուցիչ գումար:

6 տարբեր նախագծերի ամբողջություն կազմող այս հարկային փաթեթը կառավարությունը ներկայացրել էր ԱԺ մայիսի 23-ին: Բացի հարկային տեսուչի մասին նախագծից, այն պարունակում է նաև փոփոխություններ` շահութահարկի, ակցիզային հարկի ու ԱԱՀ հարկերում:

Սակայն պատգամավորների մոտ դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց, այն որ նոր օրենքով հարկային տեսուչը ներկա պետք է լիներ մասնավոր բիզնեսում: Օրինագիծը երկու անգամ մերժվեց:

Ըստ նախնական նախագծի` 4 մլրդ դրամ տարեկան շրջանառությունը գերազանցող և 500մլն. դրամ տարեկան շրջանառությամբ ներմուծող ընկերությունների մոտ հարկային մարմնի ներկայացուցիչն առանց ձեռնարկատերին տեղյակ պահելու, ցանկացած պահի կարող էր անարգել ելումուտ անել ձեռնարկություն, հետևել բոլոր գործընթացներին ու անգամ մասնակցել գործարար հարաբերություններին:

Այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար հարկային տեսուչը կփոխվի ռոտացիոն սկզբունքով:

Կառավարությունն այս ձեռնարկը ներկայացնում է որպես ստվերի դեմ պայքար, իսկ պատգամավորներն այն որակեցին որպես հարկային տեռոր, որի նպատակը «որոշներին սնանկացնելն ու նրանց ունեցվածքը էժան գնով խլելն է»: Քաղաքական շրջանակներում վստահ էին, որ օրինագիծը հատկապես ուղղված է օլիգարխների և նրանց աճող իշխանության դեմ, մասնավորապես շրջանառվում էր Գագիկ Ծառուկյանի անունը:

«Սա տնտեսական տեռոր է և Հայաստանի տնտեսությունը կտանի դեպի փլուզում,- մայիսին ԱԺում հայտարարեց դաշնակցական Կարեն Վարդանյանը,-այս օրինագծին կողմ քվեարկած ցանկացած պատգամավոր կնպաստի Հայաստանի տնտեսության քայքայմանը»:

ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է, որ հարկային տեսուչի ներկայությունը կօգնի հնարավորինս բացառել ստվերային բիզնեսը, բայց պետք է մտածել մեթոդների մասին, քանի որ օրինագծում տեղ գտածը խոշոր բիզնեսի շրջանում դժգոհություններ է առաջացրել:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը մայիսյան հանրային քննարկումների ժամանակ կարծիք հայտնեց, որ աղմկահարույց օրինագիծն ամենայն հավանականությամբ ԱԺն կմերժի: «Յուրաքանչյուր անձ պարտավոր է պետության առաջ կատարել իր հարկային պարտականությունները,- ասել էր Բոստանջյանը,- բայց հարկային տեսուչի ներկայությունը խոշոր բիզնեսում հակասում է ոչ միայն առողջ տրամաբանությանը, այլ նաև Սահմանադրությանը: Հարկային տեսուչն օժտված է այնպիսի լիազորություններով, ինչպիսին չունի անգամ տնտեսվարողը»:

«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն ասում է, որ կառավարությունը՝ հաստատելով մեծ բյուջե (այս տարվա բյուջեն 940մլրդ դրամ է), իրականացնում է ամբողջ տնտեսությունն իր ձեռքը հավաքելու քաղաքականություն:

«Այդ քաղաքականության առաջին զոհը դարձավ փոքր ու միջին բիզնեսը (ՓՄՁ), որի համար վերացվեց պարզեցված հարկը, և առաջ քաշվեց ՀԴՄների հարցը,- ասում է Թևանյանը,- դա բյուջեն լցնելու ձև է: Նրանցից քամելով այն, ինչ հնարավոր է, այժմ անցել են մեծածախին` չեկիստներ նշանակելով»:img_8039-copy

«Նոյյան տապան» լրատվական գործակալության տնտեսական մեկնաբան Հարություն Խաչատրյանը միանշանակ դրական է գնահատում հարկային փոփոխությունները. «Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ փորձում է հետևողականորեն իրականացնել իր առջև դրված խնդիրը, այսինքն` ստվերը մտցնել հարկային դաշտ»:

Խաչատրյանն ասում է, որ հարկային պարտականություններից խուսափելը սիստեմային հիվանդություն է, իսկ թե ինչպես բուժել այն. «տակտիկայի հարց է»:

Ընդառաջ գնալով խորհրդարանականներին՝ կառավարությունը փոփոխեց օրինագիծը: «ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված առաջարկությունները կառավարության համար ընդունելի են»,- այն ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության կողմից օրինագիծը խմբագրվելուց հետո՝ հունիսին կրկին վերադարձավ խորհրդարան:

Վարդան Այվազյանն ասաց, որ հարկային տեսուչի իրավունքները սահմանափակվել են. «Այժմ նա կարող է հսկել ընդամենը երեք բան. ինչ քանակությամբ ապրանք է բաց թողնվում, ում է բաց թողնվում և ինչ գնով»: Սակայն օրինագիծը կրկին մերժվեց:

Հունիսին ԲՀԿական Բոստանջյանը հայտարարեց, որ անընդունելի է համարում հարկային փաթեթի ցանկացած խմբագրում:

Իսկ այն, որ աշնանային նստաշրջանում արդեն օրինագիծը հենց առաջին ընթերցմամբ ու ձայների գերակշիռ մեածամասնությամբ անցավ, Հարություն Խաչատրյանը քաղաքական իմաստով համարում է կարևոր ձեռք բերում. «Հանրապետության նախագահը՝ լինելով կառավարության միակ հենարանը, ինչպես նաև իշխող Հանրապետական կուսակցության ղեկավարը, երկու անգամ ԱԺում չկարողացավ անցկացնել նախագիծը,- ասում է Խաչատրյանը,- և հարց էր, թե կկարողանար նախագահն այնքան ուժ ունենալ, որ ճնշեր օլիգարխների ընդվզումները: Այն նույն օլիգարխների, որոնց վրա հիմնվելով` նա եկել է իշխանության»:

Մինչև խորհրդարանում օրինագծը կդրվեր քվեարկությանհիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայան ասաց, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովի բոլոր առաջարկներն ընդգրկվել են փաթեթում:

Տնտեսական հանձնաժողովում դրական եզրակացությանը դեմ էին քվեարկել միայն գործարար Հրանտ Վարդանյանի պատգամավոր որդիները` Կարենն ու Միքայելը, իսկ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊի Ալիկ) եւՀակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ) կողմ էին քվեարկել:

«Նոր, լրամշակված տարբերակում հարկային ներկայացուցիչն իր առաքելությունն իրականացնելիս` իրավասու է լինելու միայն պատրաստի ապրանքի առաքման ժամանակ, հսկել բաց թողնվող արտադրանքը, իրացման գները և իրացման հետ կապված փաստաթղթերը, ասում է Սուրեն Կարայանը,- հարկայինի ներկայացուցիչը զերծ է մնալու արտադրություն մուտք գործելուց` նրան հասու չեն լինելու ոչ մի արտադրական գաղտնիք և ոչ մի արտադրական գործընթաց»:

Ընդունված օրինագծով հարկային տեսուչը կարող է հսկել միայն 4 մլրդ դրամ տարեկան շրջանառությամբ, ինչպես նաև եռամսյակի ընթացքում 500մլն դրամի ներմուծում ունեցող ձեռնարկություններում: Կստուգվեն նաև ԱԱՀ հարկ մուծող այն ձեռնարկությունները, որոնց հաշվետվությունները հարկայինի ստուգման համեմատ ունենա 100մլն. դրամ տարբերություն: Նաև, եթե հարկ վճարողը ցանկանա, որ իրեն հսկի հարկային տեսուչը:

Նոր օրինագծով նվազեցվել է նաեւ այն ձեռնարկությունների թիվը, որտեղ հարկային տեսուչ պետք է նշանակվի. նախկին 116-ի փոխարեն այդպիսի ձեռնարկություններն այժմ 76-ն են: Հարկային տեսուչի ներկայությունից ազատվել են ալկոհոլ արտադրող ընկերությունները:

Օրինագծին դեմ քվեարկեցին «Դաշնակցություն»Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» խմբակցությունները:

Ամենակոշտ ելույթն ունեցավ Հրանտ Վարդանյանի որդին` Կարեն Վարդանյանը: «Սա աբսուրդ է և տնտեսությունը վերահսկելու կոմունիստական ոճ,- ասաց նա,- ով գրել է այս փաստաթուղթը, ուզում է վերադարձնել սովետական ՕԲԽՍԵի տարիները: Ես չեմ վստահում վերահսկող մարմիններին: Կամ ձեր ինչի±ն էր պետք խոշոր արտադրողի վզին տնտեսական ճգնաժամի ընթացքում կապել էս օրինագիծը: 131 պատգամավորներից 100-ը դեմ է, բայց մարդիկ կան, որ խուսափում են խոսել` տարբեր պատճառներով: Սա հակապետական մոտեցում է»:

ԲՀԿական Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք փաթեթը չեն քննարկել, սակայն ինքն անձամբ դեմ է այդ փաթեթին: Նա ասում է, որ վտանգավոր է առաջնորդվել հանցագործի կանխավարկածով և մտածել, որ բոլոր գործարարները հանցագործ են: «Այդ դեպքում ես կարող եմ հակընդդեմ հարց առաջադրել, իսկ ինչ երաշխիքներ կարող ենք ունենալ, որ Պետական եկամուտների կոմիտեում աշխատում են բացարձակապես հրեշտակներ և այդ կանտորան հրեշտակների կանտորա է», – ասաց նա:

Հանրապետական խմբակցությունը կողմ էր փաթեթին, սակայն այնտեղ էլ կային պատգամավորներ, որոնք դեմ էին օրինագծերին: Ալիկ Պետրոսյանն ասաց, որ սա ստուգման ամենալավ տարբերակը չէ. «Շատ տհաճ է, երբ մարդն իր կոլեկտիվի անդամների հետ է ու 3-րդ անձ կա, որը չգիտես, թե ով է ու առավոտից երեկո քո հիմնարկում նստած է»:

«Օրինաց երկիր» խմբակցության դիրքորոշումը հայտնի չէր:

«ՀՀ Կառավարության հարկային վարչարարությունը տանում է դեպի բոլշևիզմ և միակենտրոն տնտեսական համակարգի,- ասում է Թեւանյանը,-իշխանությունը ստվերային տնտեսության դեմ պայքարի դրոշի ներքո իրականացնում է սեփականության վերաբաշխում»:

Աղմկահարույց փաթեթը սպասում է երկրորդ ընթերցմանը, որը Հարություն Խաչատրյանի կարծիքով` կանցնի:

Դիտվել է 1705 անգամ:
Print Friendly

Leave a Reply