2011թ-ին հայ հոգեբանները հաճախ են առնչվել ագրեսիվ փոքրիկների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հունվարի 12, 2012 16:09

2010թ-ի համեմատ 2011թ-ի ընթացքում հայ հասարակությունը ավելի հաճախ է դիմել հոգեբանի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ տարեցտարի Հայաստանում քիչ-քիչ ձևավորվում է հոգեբանին դիմելու մշակույթը:
«Մեզ հիմնականում դիմում են կանայք: Նրանց հիմնական խնդիրն ընտանիքը բաժանումից փրկելն է, կամ ամուսնու ու երեխաների հետ կապված խնդիրներին լուծում գտնելն է»,- ասաց նա:

Հոգեբանը առանձնացրեց նաև այն մարդկանց, ովքեր իրենց են դիմում վշտից ու ունեցած կորստից հետո:
«Նախորդ տարիներին դիմում էին երբ դանակը հասնում էր ոսկորին: Բայց 2011թ-ին մարդիկ ավելի շատ դիմում էին կորստից հետո և խնդրում իրենց օգնել հաղթահարելու վիշտը»,- բացատրեց հոգեբանը:

Նախորդ տավա ընթացքում հայ մայրերն իրենց երեխաներին հաճախ են տարել հոգեբանների մոտ՝ անհանգստած լինելով հատկապես երեխաների ագրեսիվ պահվածքով:

«Դրանց պատճառները հիմնականում ներընտանեկան խնդիրներն են: Իսկ ներընտանեկան խնդիրները հաճախ գալիս են սոցիալական խնդիրներից և, փաստորեն, անդրադառնում երեխայի պահվածքի ու հոգեբանության վրա: Բայց այսօր քիչ չեն նաև տեխնոլոգիաների փոխանցած ագրեսիվությունը՝ խաղերի ու ֆիլմերի տեսքով»,- ասաց Մարիամ Մեհրաբյանը:

Հայ հասարակությունը հոգեբաններին չի դիմում ալկոհոլիզմի, թմրամոլության և սեռական շեղումների ժամանակ: Ըստ հոգեբանի՝ պատճառն այն է, որ այն ամենն ինչ կապված է կախվածության հետ, դրանց մասին մարդիկ նախընտրում են հիմնականում լռել:

Tert.am

 

Դիտվել է 744 անգամ:

Leave a Reply