Մարտի մեկի հանձնաժողովի զեկույցը չի պատասխանում հարցերին
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | Մարիա Կարաթորոսյան | September 22, 2009 20:12
Թեև ԱԺ մարտի 1-ի հանձնաժողովի խնդիրը 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած բախումների ու զոհվածների մահվան պատճառների ուսումնասիրությունն էր, սակայն` անցյալ շաբաթ հրապարակված եզրակացությունը չտվեց բոլոր հարցերի պատասխաններն ու չբավարարեց շատերին:
ՀԱԿ–ի հանրահավաքի ժամանակ անդադառնալով հանձնաժողովի եզրակացությանը` Լևոն Տեր–Պետրոսյանն ասաց, որ այս դեպքերն էլ հոկտեմբերի 27-ի նման չեն բացահայտվելու, և իշխանությունները փորձելու են ամեն ինչ բարդել մի քանի շարքային ոստիկանի վրա:
«Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարծում են, որ կարողանալու են մարսել մարտի 1-ը, չարաչար սխալվում են»,- հայտարարեց նա:
ՀԱԿ–ը հրաժարվել էր մաս կազմել հանձնաժողովին, և այն ծաղրելու համար Տեր– Պետրոսյանը հայտարարել էր, թե հանձնաժողով է ուղարկում ՀՀՇ Գևորիկին (մտավոր խնդիրներ ունեցող ՀՀՇ ակտիվիստ):
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հանձնաժողովն ի սկզբանե բացահայտումներ անելու համար չէր ստեղծվել:
Սակայն հանձնաժողովի ստեղծման որոշման մեջ ասվում է. «զոհվածների մահվան հանգամանքների ճշտում», որը ճշտված չէ հրապարակված 140 էջանոց փաստաթղթում:
Քաղաքագետ Սերգեյ Մովսիսյանի համոզմամբ, պետք էլ չէր ակնկալել, որ եզրակացությունը կարող էր բավարարել բոլոր կողմերին: «Բոլորն էլ ոչ թե օբյեկտիվ, այլ քաղաքական գնահատական էին ակնկալում»,- ասում է նա ու ավելացնում,որ օբյեկտիվ գնահատականի պետք է սպասել ավելի ուշ, երբ կրքերը հանդարտվեն:
Հրապարակված զեկույցից ոչ գոհ, ոչ էլ դժգոհ էր Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, այն համարում է միակողմանի մասնավոր դրույթներում, օբյեկտիվ` ընդհանուրում:
«Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովն իր զեկույցում փորձել է սկզբից մինչև վերջ խնայել դատախազությանը,- գնահատելով ասաց Արմեն Հարությունյանը,- Դատախազությունը խոստացել էր, որ կբացահայտվեն խոշտանգումների դեպքերը, սակայն մինչ օրս արդյունք չկա»:
Հանձնաժողովի եզրակացությանը կողմ արտահայտվեցին կոալիցոն բոլոր ուժերը: Հանձնաժողովի` ԲՀԿ–ից անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այն հնարավորինս անկողմնակալ է: «Երբ որ կրքերը հանդարտվեն ու մարդիկ սթափ կարդան, կհամոզվեն: Զեկույցում բոլոր հարցերի պատասխանները կան` բացի նրանից, թե զոհերն ում գործողությունների արդյունքում են եղել»,-ասաց նա:
ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ այս գործընթացը շարունակվում է, և էջը դեռ չի փակվել:
Եզրակացությունից դժգոհ էին «Ժառանգություն»–ը և մասամբ` Դաշնակցությունը: «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ իրենք շրջանառության մեջ են դնելու նոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ, քանի որ մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվել:
Նոր հանձնաժողով ստեղծելուն կողմ է նաև ՀՅԴ–ն: Հանձնաժողովի դաշնակցական անդամներ Արծվիկ Մինասյանն ու Արտյուշա Շահբազյանը, թեև ստորագրեցին եզրակացության տակ, սակայն փաստաթղթի որոշ դրույթների դեմ էին և եզրակացությանը կցեցին ՀՅԴ հատուկ կարծիքը: Այստեղ ասվում է «Ազատության» հրապարակում և դրան հարակից տարածքներում կիրառվել է անհարկի ուժ, հետևաբար ոստիկանության գործողությունների անհամաչափությունը կասկածի տակ է առնվում: Երևանի քաղաքապետարանին հարող տարածքներում «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի ոչ իրավաչափ գործադրումն արդեն իսկ խոսում է մասնավորապես` անհամաչափության դրսևորման, իսկ ընդհանրապես` նաև ոչ իրավաչափության մասին»:
Իսկ հանձնաժողովի եզրակացությամբ` «Ազատության» հրապարակում, մարտի 1-ի առավոտյան ոստիկանության կողմից իրականացված գործողությունները եղել են իրավաչափ և համաչափ` բխելով «Ոստիկանության մասին» օրենքի դրույթներից:
Եզրակացությունը չստորագրեցին հանձնաժողովի ընդդիմադիր 2 անդամներ («Նոր Ժամանակներ»–ից` Արամ Կարապետյան և ԱԺՄ–ից`Արտավազդ Վարդանյան):
Այնուհանդերձ, Արծվիկ Մինասյանը ասում է, որ զեկույցը միակողմանի չէ. «Ըստ էության, եզրահանգումներն ամփոփում են թե իշխանությանը, թե ընդդիմությանը ուղղված մեղադրանքները»,- ասաց նա:
Բոլոր կողմերը համաձայն են մի հարցում` Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությունը չի կարելի ավարտված համարել, քանի դեռ 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտված չեն:






Facebook
Tweet This
Email This Post
