Եվս մեկ օլիմպիական ուղեգիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 12, 2012 12:33

Լոնդոնում անցկացված մարմնամարզության օլիմպիական վարկանիշային մրցածարում օլիմպիական խաղերի ուղեգրի է արժանացել Արթուր Դավթյանը: Այսպիսով, Հայաստանն արդեն իրավունք ունի 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում մրցասպարեզ դուրս բերել 11 մարզիկ: Մինչև այդ այդպիսի պատվի էին արժանացել 6 ծանրորդ, 1-ական հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշ, բռնցքամարտիկ և հրաձիգ:

Իսկ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Դավթյանը   41 երկրների ներկայացուցիչների պայքարում պետք է զբաղեցներ առնվազն 25-րդ տեղը: Սակայն  Դավթյանը գերազանցեց ինքն իրեն: Նա բազմամարտում, հավաքելով 84,2 միավոր,  գրավեց 12-րդ տեղը:

Դավիթյանը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի սան է և իր վարպետությունը կատարելագործում է  ՀՀ վաստակավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ: Ի դեպ, վերջինս միջազգային մրցածարից առաջ չէր կասկածում, որ իր սանն օլիմպիական խաղերի ուղեգրի կտիրանա, թեև նախապատրաստվելու ժամանակ անգամ  ուսումնամարզական կարճատև հավաք անցկացնելու համար ֆինանսներ չէին գտնվել:

Վերջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարում հանդես էր եկել 1996-ին` Ատլանտայում: Մեր երկրի պատիվը պաշտպանել էր Նորայր Սարգսյանը:

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply