Արտաշես Ալեքսանյան. Ամենայն Հայոց բացասական կերպար կերտողը

Շաբաթվա լուր | | September 22, 2009 19:40

Արտաշես ԱլեքսանյանՆենգ հայացք, սափրած գլուխ, մազոտ մարմին: Բոլոր ռեժիսորները խոսքները մեկ արած նրան բացասական դերեր են տալիս` մարդ է սպանում, կանանց առեւանգում, ծեծում, թալանում: Իսկ ո՞վ է այս դերասանը կյանքում ու ինչպիսի մարդ` իրականում:

Արտաշես Ալեքսանյանին հանդիպեցի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի մուտքի մոտ, առանց մեկ վարկյան մտածելու մոտեցա ու ասեցի, որ կուզեի հարցազրույց վերցնել: «Իհարկե», – ժպտալով պատասխանեց, շատ զարմացա, որովհետեւ դերասանները սիրում են «չեմուչում» անել:

«Այսօր շատ զբաղված եմ, բայց զանգեք, պայմանավորվենք, հանդիպենք», – ու ասաց հեռախոսի համարը, անունը «save» անելու ժամանակ կարկամեցի, որովհետեւ հասկացա, որ դերասանի անունը մոռացել եմ, իսկ նա նայում էր հեռախոսիս. «Արտաշես», – ժպտալով ասաց, ես հանգստացած ծիծաղեցի: Ինչո՞ւ հանգստացած, որովհետեւ չգրված օրենքով, նա պիտի զայրացած գոռար. «Համ մոտենում ես ինտերվյու խնդրում, համ էլ անունս չես հիշո՞ւմ»: Այսպես ես ծանոթացա շատ համեստ, շատ պունկտուալ, շատ տաղանդավոր ու, որ ամենակարեւորն է` հումորով Տյուշի հետ (այդպես են անվանում նրան մտերիմները):

Ուզում եմ ընթերցողն իմանա, որ այս արտիստը դրական էներգիա է լուսարձակում, ամենեւին նման չի իր կերտած չար հերոսներին:

Արտաշեսն ասում է. «Ամենայն Հայոց բացասական կերպար կերտող եմ դարձել: Ինչո՞ւ, երեւի այն պատճառով, որ նույնիսկ իմ բացասական կերպարին հանդիսատեսը սիրում է, իսկ թե ինչպես եմ դրան հասնում, դա գաղտնիք է, որի մասին լռում եմ»:

Արտաշեսը անընդհատ շրջապատված է կանանցով` կոմպլիմենտներ է անում, ժպտում իր կանաչակապտաշագանակագույն աչքերով: Երբ մենք` «Անկախի» լուսանկարիչ Իննա Մխիթարյանը եւ ես, նստած սրճարանում զրուցում էինք Արտաշեսի հետ, կողքի սեղանին երկու սիրուն աղջիկ իրեն էին սպասում, մի քանիսին հեռախոսով խոստացավ ժամանակ գտնել զանգելու, մեկ ուրիշն էլ ընթացքում միացավ մեզ:

«Արտաշես, որքան շատ աղջիկներ կան ձեր շրջապատում»: «Կանայք, ոչ միայն աղջիկներ», – ծիծաղելով պատասխանեց նա: «Իսկ կինդ չի՞ խանդում», «Խանդը հիվանդություն է, որը հիմնված է չհավատալու, չվստահելու վրա, խանդը բուժելի հիվանդություն է, կինս ինձ վստահում է»:

Մի քանի ամիս առաջ հեռուստադիտողը Արտաշեսին տեսնում էր «Ճակատագրի գերիները» հեռուստասերիալում, իսկ այժմ նա մարմնավորում է Հակոբ Սարոյանի դերը` «Դժբախտ երջանկությունում»: Սերիալի գլխավոր հերոսուհի ընդմիշտ դժբախտ Աննային (դերակատար` Լուիզա Ղամբարյան), Սարոյանը առեւանգել է եւ պահում է ինչոր մի տանը: Հակոբ Սարոյանը Աննայի հանդեպ ամենավատ արարքներն անելով հանդերձ` սիրահարված է նրան. «Յուրաքանչյուր մարդ էլ իր մեջ ունի վատ ու լավ կողմեր, նայած մարդն ինքն իր մեջ որ կողմերն է բացահայտում, կարող է պատահի, որ Սարոյանն էլ մի օր իր մեջ դրական կողմեր գտնի: Համ էլ սիրուն հասնելու բոլոր միջոցներն արդարացի են», – ասում է Արտաշեսը:img_4551

Երեւանում է ծնվել, չի ցանկանում հիշել, թե որ թվին, իսկ խաղացած դերերի առատությունն ու բազմազանությունը գլխապտույտ հարուցեցին: Ներկայումս կա չորս ռեպերտուարային ներկայացում` Վահրամ Սահակյանի «Ժանգոտ բանալի», «Երկու ընկեր, չհաշված կյանքը», Սունդուկյանի թատրոնում խաղում է «Մեր ծնողների նեւրոզները» բեմադրության մեջ, Դրամատիկական թատրոնում Հորացիո` Շեքսպիրի «Համլետ»-ում:

Հայրենիքից դուրս Արտաշեսը խաղացել է 28 գեղարվեստական ֆիլմում, որից 22-ը Ռուսաստանում, իսկ մյուսները` Իտալիայում, Իսպանիայում, Կանադայում: Հայկական կինոարտադրության մեջ նրան կարելի է տեսնել «Անիծվածները», «Մի վախեցիր» ֆիլմերում, «Ինկած բերդի իշխանուհին» հեռուստաներկայացման մեջ, նաեւ ռեժիսոր Սուրեն Բաբայանի ֆիլմերում: Պրագայում եւ Սանկտ Պետերբուրգում արտիստը զբաղվել է ռեժիսորությամբ, բեմադրել է մի շարք ներկայացումներ, որոնցից երկուսը խաղացանկի մեջ են եղել յոթ տարի: «Իտալիա, ֆրանսիա, Ռուսաստան, Մարոկո` այս պետությունների համատեղ ֆիլմն էր, կոչվում էր «Երեք թագավորների կռիվը», այստեղ էլ եմ խաղացել, աշխարահռչակ դերասաններ էին մասնակցում` Օմար Շարիֆ, Կլաուդիա Կարդինալե, Հարվի Քեյթլ, Սերգեյ Բոնդարչուկ»:

Նա չափից ավելի համբերատար է ու հարմարվող` աստղերի հետ խաղը «երկնքում», եւ հետո սերիալ «երկրում» ու չի դժգոհում իր ներկայիս կարգավիճակից:

Նկարահանման տաղավարում անտանելի շոգ է, սենյակը շատ փոքր է, կադրի հետեւում կանգնած բազմաթիվ տղամարդիկ հերթով ծխում են: Ինչպե՞ս եք հարմարվում. «Հայրենիքին չեն հարմարվում, հայրենիքը սիրում են»:

«Արտիստ» բառը Արտաշեսինն է, միշտ ուղղում է, երբ «դերասան» են անվանում իրեն, դերասանի մեջ չի տեղավորվում նրա ստեղծագործական բազմազանությունը: Արտասահմանում ունեցել է գեղանկարչական ցուցահանդես. «Հիմա չեմ նկարում կտավի վրա, փոխարենը նկարում եմ իմ այգում: Շատ սիրուն այգի ունեմ, ամեն օր ջրում եմ, խնամում, որոշում` ինչը որտեղ պետք է դրված լինի, որ ծաղիկը որ կողմում պիտի աճի, նկարել չեղա՞վ»:

img_4488Կոկիկ է հագնվում, մատին մեծ մատանի, ձեռքին թեւնոց, վզից կախված է մեծ սեւ խաչ: Արդյո՞ք, նկարահանման համար են այս զարդերը. «Մատանին ու թեւնոցը իմն են, ես կրում եմ սրանք ամեն օր, իսկ այս մեծ խաչը` չէ, իմը չէ` Հակոբ Սարոյանինն է»:

Արտաշեսը կատակում է, որ իր կերպարը գրող Վիլյամ Սարոյանի եղբորորդին է. «Մեկը գրող ա, մյուսը` զլոյ. մեկի ձեռքին` խաչ, մյուսի ձեռքը` սիրտ»:

Տաղավարում, մինչ նկարահանման սկսվելը, Արտաշեսն ու Հովակ Գալոյանը (սերիալում` Արման Ուսնունց) տեքստ են կարդում, փորձում են անգիր հիշել: «Իհարկե դժվար է անգիր հիշել, ընթացքում լինում են ինպրովիզներ: Հազվադեպ են հուշում», – ասում է Գալոյանը:

Երբ հեռուստասերիալում դերասաններին տեսնում եք բազմոցին նստած, հավատացած եղեք, որ նրանց տակ թաքցված է սցենարը, որպեսզի կադրի մեջ սպիտակ թուղթ չերեւա, նաեւ մոտ լինի, որ ընթացքում հեշտ լինի արագ հանել, եւ տեքստը վերհիշել:

Մի գաղտնիք բացահայտեցի` Արտաշեսը Արցախյան պատերազմի մասնակից է: Բազմաթիվ հարցերս պատերազմի մասին կարողացավ շրջանցել` այդ մասին խոսել չի ցանկանում, միայն ծիծաղելով ասաց, որ «բարաթն» էլ կա: Հուսամ մեկ անգամ էլ առիթ կունենամ շփվելու արտիստի հետ, եւ իմ ու «Անկախի» ընթերցողի համար կլուսավորեմ այս, դեռեւս, մութ կետը:

Դիտվել է 4331 անգամ:
Print Friendly

Leave a Reply