2010-2011թ.թ. պարբերաբար մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց եւ հափշտակել շուրջ 150 միավոր տարբեր գրքեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 11, 2012 16:54

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում  քննվում է Հայաստան ազգային գրադարանի եւ Երեւանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011 թ.թ. ընթացքում  առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն  դրամ արժողության  գրքերի գողություն եւ յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝  Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան  Ե.Ղամբարյանն ու Վրաստանի քաղաքացի  Վ.Ազարիաշվիլին, նախնական համաձայնության գալով, 2010-2011թ.թ. պարբերաբար մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց եւ հափշտակել շուրջ 150 միավոր տարբեր գրքեր: Գրապահոցից գողություն կատարելու հերթական փորձը կատարվել է 2011 թվականի դեկտեմբերի 26-ին, սակայն հանցավոր խումբը վնասազերծվել է, եւ ՊՈԱԿ-ի շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման են ենթարկվել:

Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաեւ առ այն, որ Վրաստանի քաղաքացի  Վ.Ազարիաշվիլիի դրդմամբ Երեւանի պետական համալսարանի գրադարանի բաժնի վարիչը շուրջ 19 միավոր տարբեր գրքեր է վաճառել նրան, իսկ ստացած գումարը տնօրինել անձնական նպատակներով:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ բաժնի վարիչը մեղադրվում է յուրացում, իսկ մնացած 5-ը, նրանց թվում՝ Վրաստանի քաղաքացի  Վ.Ազարիաշվիլին եւ  ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Ե. եւ Դ. Ղամբարյանները, ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող Վ.Ե.-ն եւ քաղաքացի Կ. Հովհաննիսյանը մեղադրվում են գողություն եւ գողության փորձ կատարելու մեջ:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply