Ժխտումի քրեականացումը ` Բաքվից դիտված

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 11, 2012 19:14


Ֆրանսիայի ծերակույտն այս ամիս իր օրակարգին վրա կներառե ցեղասպանություններու ժխտումը քրեականացնող օրինագիծի քննարկումն ու քվեարկությունը: Այդպես են բազմակողմանի լրատվություններուն հաղորդումները, ընդ որում` պաշտոնական լրահոսինը:
Թրքական վայնասունը կշարունակվի ցուցական ձևով: Փարիզ վերադարձած թուրք դեսպանը կբարձրացնե ահազանգին աստիճանը` ազդարարելով, որ Ֆրանսիայի նախագահը մտադրած է ժխտումի քրեականացումը համաեվրոպականացնել: Անկախ, թե ըսվածը որքանո՞վ կհամապատասխանե իրականության, պետք է մտածել նման հայտարարություններ կատարելու շարժառիթին, բուն պատճառին և ունենալիք հավանական հետևանքներուն մասին:
Նման հայտարարություն մը նախ հասարակական մակարդակով ավելի կշիկացնե Թուրքիո մեջ ստեղծված հակաֆրանսա տրամադրությունը: Սակայն հայտարարությունը ամբոխային տրամադրություններու շիկացումով քաղաքական նպատակներ կհետապնդե անշուշտ: Ամբոխային տրամադրություններու ձևավորումը միայն Թուրքիո մեջ չէ, որ տեղի կունենա՛: Եվրոպայի տարածքին ապրող թուրքեր բնականաբար անմասն չեն մնար այս մթնոլորտեն: Ներքին սպառումի համար առնված նման քայլեր, սակայն, իրենց հաշվարկներուն մեջ պետք է ներառեն եվրոպական առումով զանգվածային տրամադրություններու գոյառումը. այս պարագային նախ և առաջ ֆրանսիացի ժողովուրդին և ապա ընդհանրապես եվրոպացիներուն համար, որոնց առջև առնվազն ոչ քաղաքակիրթ պահվածքի արտառոց տարբերակներ կցուցադրեն եվրոպականանալ ուզող թուրքերը:
Հակաֆրանսա տրամադրություններու սերմանումն ու քաղաքական մակարդակի վրա առնված քայլերը իրար չեն համապատասխաներ: Որքան ալ հասկնալի ըլլա, որ ճնշամիջոցներու զինանոցը մեկ անգամեն պարպել պիտի չուզեր Անկարան, համենայն դեպս Անկարա-Փարիզ որևէ խզումի առաջնորդող գործողություն ցարդ չէ հայտնված քաղաքական բեմին վրա:
Լուսարձակները պահ մը հեռացնենք Անկարա-Փարիզ պարանաձգութենեն և կեդրոնացնենք Բաքվի վրա` փորձել հասկնալու համար ցուցադրված զուսպ վերապահություններու և քննադատություններու էությունը: Անշուշտ, ձևական քննադատություններ անպայման պիտի արձանագրվեին Բաքվեն` ուղղված Էլիզեի պալատի հասցեին: Պարզ է, որ Բաքուն ամենեն հանգիստ վիճակներուն մեջ կուզե՛ր տեսնել Ցեղասպանության թեմայով խորանալիք քաղաքական ճգնաժամերը` միշտ ի մտի ունենալով ղարաբաղյան խնդիրին նախապայմանականությունը:  Հարցը այստեղ չավարտի՛ր անշուշտ: Բաքվի համար, որքան ալ անցանկալի ըլլա, այսուհանդերձ Մինսկի խմբակը համաձայնեցված ձևաչափն է արցախյան հակամարտության միջնորդական առաքելություն իրականացնելու համար: Իսկ այդ խմբակի համանախագահի լիազորություններ ունի Փարիզը:
Բաքուն հնարած է փաստորեն, առանց Ֆրանսիայի հետ կամուրջները այրելու, իր ավագ եղբոր զորակցություն հայտնելու տարազը: Ազրպեյճան կնախապատրաստվի քրեականացնել Խոջալվի “ջարդեր”-ու ժխտողականությունը: Զավեշտալին այն է այստեղ, որ ժխտումի միջավայրը նույնինքն Ազրպեյճանն է. այլ խոսքով` Ազրպեյճանի մեջ կքրեականացվին ազրպեյճանցի այն պատմաբաններն ու քաղաքական գործիչները, որոնք կժխտեն Խոջալվի «ջարդեր»-ը:
Այս բոլորին մեջ մտահոգիչ կետ մը ինքզինք տեսանելի կդարձնե` առայժմ ոչ անմիջականորեն: Պատահականության պետք չէ վերագրել ֆրանսիացի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեի հայտարարությունը, որ կգերադասե տարածքային ամբողջականության սկզբունքը: Ֆասիե ցարդ նման որևէ հայտարարություն չէր կատարած: Պաշտոնաթողությունն ալ արդարացնող հիմնավորում չէր կատարված հայտարարության:
Պատճառ ունինք գեթ մտածելու Ֆրանսիայի հավասարակշռություն պահպանող քաղաքականության մասին: Եթե ցեղասպանության հարցին մեջ Փարիզը անկաշկանդ և աննախադեպ կշռույթներով ու տարողություններով հառաջ կերթա՛, ապա նույնը կարելի չէ ըսել ղարաբաղյան հարցին պարագային: Չմոռնանք, որ նախագահ Սարքոզի Երևանի մեջ նույնիսկ ուշադրություն գրավող հայտարարություն չկատարեց Ղարաբաղի մասին:
Ցեղասպանության ժխտումի քրեականացումը պետք չէ սակարկել ղարաբաղյան հարցով: Հայկական կողմը մինչև վերջ անջատ գործընթացներու մոտեցումով պարտի մերժել երկու թղթածրարներու ուղղակի-անուղղակի փոխկապակցվածությունը: Բան մը, որ թե՛ թուրքերուն և թե՛ ազրպեյճանցիներուն համար վաղեմի ռազմավարության նշանակություն ունի:

 

Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

 

 

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply