Փակ շուկան չի՞ արժանանա «Կրծած կուկուռուզի» ճակատագրին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 11, 2012 17:40

Այս տարվա հունվարի 4-ից Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» սկսվել են վերանորոգման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի` «Փակ շուկա» այցելության ժամանակ ասաց «այդտեղի տնօրենի» վստահված անձ Մարատ Ափինյանը (համենայնդեպս նա այդպես ներկայացավ-NEWS.am): Նրա խոսքով` դեռ հայտնի չէ, թե շինարարական աշխատանքները երբ կավարտվեն:

Մարատ Ափինյանի վստահեցմամբ` Փակ շուկայի դիմացի հատվածը կպահպանվի, վերանորոգվում է ներսը, այժմ նկուղներն են մաքրում, իսկ վերանորոգումից հետո Փակ շուկան պահպանվելու է, մարդիկ հնարավորություն են ունենալու նորից այնտեղ առեւտրով զբաղվել: Նրա խոսքով` վերանորոգումից հետո շուկայում ավելի լավ, քաղաքակիրթ  պայմաններ են լինելու, օրինակ՝ ստորգետնյա ավտոկայանատեղի եւս կլինի։

Փորձեցինք տեղում քաղաքացիներից  պարզել, թե ինչ կարծիքի են Փակ շուկայում ընթացող վերանորոգման աշխատանքների մասին, ինչ են կարծում՝ շուկան կպահպանվի՞, մարդիկ հնարավորություն կունենա՞ն այդտեղ նորից առեւտրով զբաղվել, թե` ոչ։  Մեզ հանդիպած քաղաքացիները կողմ արտահայտվեցին շուկայի վերանորոգմանը, միաժամանակ ցանկություն հայտնեցին, որ երկար տարիներ քաղաքի դեմքը հանդիսացող կարեւոր կառույցը չփոխվի իր տեսքը։ Նրանց համար Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկան ավելին է, քան պարզապես առեւտուր անելու մի վայր։

Քաղաքացիներից  Ռայան  NEWS.am-ի  թղթակից հետ զրույցում ասաց, որ դա իր սիրելի վայրերից մեկն է, միշտ գալիս էր Փակ շուկա  ոչ միայն գնումների, այլեւ զուտ հանգստանալու նպատակով։  Փակ շուկայում նախկինում միրգ, բանջարեղեն վաճառող մի կին էլ մեզ տեղեկացրեց, որ ղեկավարությունն իրենց խոստացել է, որ վերանորոգումից հետո աշխատելու են, իսկ վերանորոգումը նախատեսվում է ավարտել տարեվերջին։  Նա նշեց, որ եթե հանկարծ ղեկավարությունը չկատարի իր խոստումը եւ Փակ շուկան քանդվի, ապա իրենք հասարակական կազմակերպությունների հետ միասին կպայքարեն մինչեւ վերջ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող, Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկան» վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկան դարձնել ամենամեծ Yerevan City-ն։

Նշենք, որ Փակ շուկան Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ու ճարտարագետ Համազասպ Առաքելյանի ստեղծագործությունն  է։ Այն  անցած դարի 50-ականներին ճանաչվել էր որպես Հայստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը։

Հիշեցնենք, որ Երեւանի հայտնի կառույցներից մեկը` Երիտասարդական պալատը, որը քաղաքի բնակիչներին հայտնի էր որպես «Կրծած կուկուռուզ», մի քանի տարի առաջ քանդվեց, թեեւ հասարակության մեջ լուրջ հակազդեցություն կար: Երեւանցիները մտավախություն ունեն, որ նույն ճակատագրին կարող է արժանանալ նաեւ Փակ շուկան:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

 

NEWS.am

 

Դիտվել է 1552 անգամ:
Print Friendly

Leave a Reply