Նոր տարին աշխատավայրում
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | January 11, 2012 17:40«Հինգ, չորս, երեք, երկու, մեկ, ուռա~ա~ա~, շնորհավո~ր», այս արտահայտությունը, որ ուղեկցվում է բաժակների զրնգոցով, ծիծաղով, նաև հրավառությամբ, ազդարարում է Նոր տարվա սկիզբը: Ամանորը ընտանեկան տոն է, ու մարդիկ մեծ մասամբ այն նախընտրում են անցկացնել հարազատների և ընկերների միջավայրում:
Սակայն կան մարդիկ, ովքեր աշխատում են անգամ ամանորյա կեսգիշերին` ապահովելու համար մյուսների տոնը և կյանքի բնականոն ընթացքը:
47-ամյա Հակոբը պատմում է, որ 1993-ից ի վեր երբևէ Նոր տարին իր ընտանիքի հետ չի դիմավորել, միշտ աշխատավայրում է եղել:
Հակոբն ավտոմատ հեռախոսակայանում ճարտարագետ է: Տոնական գիշերը միշտ հերթապահության է, քանի որ օրը ծանրաբեռնված է ու պատասխանատու. «Միշտ էլ ընտանիքից կտրվելը դժվար է, մանավանդ որ չգնահատված աշխատանք է: Ինչքան ուզում ես լավ աշխատի, մի անգամ զումեռ չեղավ, վերջ, ուրեմն վատ ենք աշխատում»: Նրա խոսքով, նոր տարին հերթապահության մեջ դիմավորելն իր համար սովորական է, ընդհակառակը` անսովոր կլինի, եթե տանը դիմավորի. «Տանը չեմ կարողանա դիմավորել Նոր տարին, ուշքս ու միտքս հեռախոսակայանում կլինի, ի վերջո, պատասխանատու եմ անխափան հեռախոսակապի համար»:
Հակոբն իր երեք անչափահաս երեխաների հետ նոր տարին նշել է կեսգիշերից մի քանի ժամ առաջ, իսկ տարին սկսել է բուռն աշխատանքային գործընթացով:
Մարտունին և հարակից երեք գյուղերը սպասարկող ավտոմատ հեռախոսակայանում տոնական կեսգիշերին հերթապահ տեխնիկը եղել է 49-ամյա Մարիետան: Նա պատմում է, որ տան գործերը հազիվ է հասցրել, կեսգիշերից մի քանի ժամ առաջ ճաշերն է դրել ջեռոցին ու աշխատանքի վազել. «Նոր տարվա առաջին իսկ վայրկյաններին մեր աշխատանքի ամենաթեժ պահն է: Անգամ երեխաներիս զանգին չեմ կարողացել պատասխանել»:
Հերթապահ տեխնիկն ու ճարտարագետը շարքերով դասավորված սարքավորումների շուրջը 40 րոպե վազվզել են, գերծանրաբեռնված հեռախոսագծերը կարգի բերել, որից հետո միայն կարողացել են իրենց հարազատների զանգերին պատասխանել, շնորհավորել միմյանց. «Զանգահարելուց, համար հավաքելուց մեզ մոտ չխկչխկոց է լսվում: Նոր տարվա առաջին վայրկյաններին միանգամից զանգահարում են բոլոր բաժանորդները, սենյակում միայն զանգերի ձայնն է լսվում»:
Տիկին Մարիետան պատմում է, որ այս տարի, նախորդ տարիների համեմատ, հերթապահությունը թեթև է անցել, կարողացել են անխափան կապ ապահովել, գուցե պատճառն այն է, որ մարդկանց մի մասը բջջայինով է փորձում զանգահարել: Նա կատակում է, թե անխափան հեռախոսակապ ապահովելը մի թերություն ունի. նախկինում մարդիկ զանգահարում էին, խնդրում վերացնել իրենց համարի հետ կապված խնդիրները, նաև շնորհավորում էին. «Հիմա ոչ ոք չի հիշում մեզ, չեն էլ շնորհավորում»:
Եթե շատերի համար Նոր տարին անակնկալների, հրաշքների և այլ հաճելի բաների հետ է զուգորդվում, ապա էլեկտրամոնտյորների համար այս տոնը նշանակում է առնվազն 15 օր լարված նախապատրաստական աշխատանք, սովորականից ուժեղացված հերթապահություն, որպեսզի նախատոնական և տոնական օրերին սովորականից մի քանի անգամ շատ հոսանքօգտագործումը վթարների ու էլեկտրամատակարարման խափանումների պատճառ չդառնա:
Մարտունու տարածաշրջանում սովորաբար հերթապահում է երեք մարդ, իսկ տոնական օրերին` 8 մասնագետ:
Օպերատիվ շրջագայող խմբի հերթապահ, էլեկտրամոնտյոր Արթուր Մելքոնյանը պատմում է, որ վերջին վեց տարիներից երեքը նոր տարվա գիշերը հերթապահության է եղել: Այս տարին էլ առանձնահատուկ է եղել նրանով, որ ընտանիքը երեք մասի է բաժանվել. ինքը` հերթապահության, որդին` բանակում, իսկ կինը, դուստրը և ծնողները` տանը:
Հերթապահությունն այս տարի հանգիստ է անցել. «Մի քանի տներ վթարի պատճառով դեկտեմբերի 31-ի երեկոյան հոսանքազրկվեցին, բայց մի քանի րոպեում էլեկտրամատակարարումը վերականգնեցինք: Իսկ գիշերվա ընթացքում պատահարներ չեն գրանցվել»: Արթուրը նշում է, որ կեսգիշերից հետո զանգահարել է ընտանիքի անդամներին, շնորհավորել. «Իրենք էլ նորմալ են ընդունում, որ միասին չենք նշել: Նախապես գիտեին, որ աշխատանքի եմ լինելու: Ամեն մարդ իր աշխատանքում ունի իր պատասխանատվության չափը: Հերթապահությունը կարող է լինել Նոր տարվա, ծննդյան օրը կամ մարդու համար այլ կարևոր օրերի, պատասխանատվությունը դրանից չի նվազում: Եթե ամեն մարդ իր աշխատանքին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի, մեր հանրապետությունն էլ կնորմալանա»:
Արթուրը հիշում է, որ 2 տարի առաջ, երբ տարին քամոտ էր, պատահարներն էլ հաճախակի էին, Նոր տարին դիմավորել են պատահարի վայրում. «Կեսգիշերին վթար էինք վերացնում: Հենց այդ պահին էլեկտրամատակարարումը միացրեցինք, բաժանորդը լույս ունեցավ, իսկ մենք նոր տարին դիմավորեցինք հենասյան տակ, աշխատողներից մեկն էլ` հենասյան գլխին: Այդպես էլ է պատահում, աշխատանքն առաջնային է»:
Հերթապահությունը հանգիստ, բայց բուռն աշխատանքային է անցել նաև Մարտունու ծննդատանը: Այստեղ մանկիկներ են ծնվել թե՛ 2011-ի վերջին, թե՛ 2012-ի առաջին ժամերին:
Մանկաբարձ տիկին Վարսիկը չի հիշում մի տարի, որ առաջին գիշերը ծնունդ չունենան: Նրա խոսքով, պայմանավորված սեզոնային արտագաղթի երևույթով, Մարտունիում օգոստոսից փետրվար ընկած ժամանակահատվածում երեխաներ շատ են ծնվում, մինչդեռ մյուս ամիսներին ծնունդներ քիչ են լինում: Հանգամանքով պայմանավորված` նոր տարվա գիշերը ևս երեխաներ շատ են ծնվում: Այս տարի տոնական հերթապահության ընթացքում ծնվել է 4 երեխա` երեք տղա, մեկ աղջիկ: Տղաներից մեկը ծնվել է դեկտեմբերի 31-ի երեկոյան, մյուս երեք երեխաները` մինչև հունվարի մեկի առավոտյան ժամը 9-ը: Իսկ առաջին մանկիկը լույս աշխարհ է եկել ժամը 1-ին:
Այստեղ, հունվարի 8-ի դրությամբ, գրանցվել է 30 ծնունդ, որից 19-ը տղա, 11-ը` աղջիկ:






Facebook
Tweet This
Email This Post
