Բաքուն`գիշերային մրցավազքերի գերի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 11, 2012 16:56

 

 

Օրինապաշտ ադրբեջանական քաղաքացիները կոչ են անում ոստիկանությանն ավելի խիստ միջոցներ ձեռք առնել Բաքվում փողոցային մրցավազքեր կազմակերպող երիտասարդների դեմ:

 

Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչները բողոքում են, որ Բաքվի փողոցներում կազմակերպվող գիշերային մրցավազքերի երկրպագուներն իրենց հանգիստ չեն տալիս, իսկ ոստիկանությունը չի կարողանում պայքարել նրանց դեմ:

Փողոցային մրցավազքերը մայրաքաղաքի բնակիչների վրդովմունքի եւ ահաբեկման պատճառ են դարձել: Հասարակության մտահոգությունը առավել անհանգստացնող չափերի հասավ այն ժամանակ, երբ համացանցում հայտնվեց ոստիկանության կողմից նկարահանված տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես է խորհրդային արտադրության «Ժիգուլին», որը արեւմուտքում առավել հայտնի է «Լադա» մակնիշի ավտոմեքենայի անվան տակ, շրջադարձի ժամանակ կորցնելով վերահսկողությունը, շրջվում`զարնվելով պատին, ինչի արդյունքում 2 կին եւ մեկ երեխա է զոհվում:

Այս ողբերգական մահվան դեպքերը ստիպեցին հասարակությունը պայքար սկսել մրցավազքերի երիտասարդ սիրահարների դեմ, Facebook-ում արդեն իսկ 2 000 անդամներից բաղկացած խումբ է ստեղծվել, որտեղ օգտատերերը փոխանակում են ամենավտանգավոր օրինազանցների մասին օրինակները եւ կոչ անում ոստիկանությանն ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել նրանց դեմ:

«Ճանապարհային ոստիկանությունն իր պարտականությունները չի կատարում: Այն կոռումպացված է եւ վաճառում է վարորդական վկայականները բոլոր ցանկացողներին: Այս խուլիգանները խախտում են օրենքը հենց ոստիկանների առջեւ: Նրանք գերազանցում են արագությունը եւ մեքենան վարում ճանապարհի սխալ մասով, սակայն ոչինչ չի արվում այս ամենը կանխելու համար: Ադրբեջանում բոլորն էլ գիտեն, որ երթեւեկության ցանկացած խախտում կարելի է մոռացության մատնել`փոքր կաշառք վճարելով», – նշվում է խմբում տեղ գտած գրառումներից մեկում:

Բաքվի կենտրոնական թաղամասների բնակիչները նույն կարծիքին են:

«Աղմուկի պատճառով պարզապես հնարավոր չէ քնել: Նրանք դիտավորյալ հանում են մեքենայի խլացուցիչը, որ շարժիչի ձայնն ավելի բարձր լսվի: Ազդանշանների բարձր ձայնը, արգելակների աղմուկը, ամբոխի աղաղակը մեր կյանքն անտանելի են դարձրել», – IWPR-ին ասաց Լալա Քուլիեւան, ով ապրում է մայրաքաղաքի կենտրոնում`Ֆիզուլիի հրապարակի շրջակայքում:

Բաքվի կենտրոնում տեղակայված Ռաշիդ Բեյբուդովի անվան փողոցում բնակվող Մամեդ Ալիեւը նույնպես բողոքում է, որ իր ընտանիքին ողջ գիշեր հանգիստ չեն տալիս փողոցային մրցավազքերի սիրահարները, եւ այս վտանգը պահպանվում է անգամ ցերեկային ժամերին:

«Բոլորովին վերջերս`օրը ցերեկով, նրանցից մեկը հենց իմ աչքերի առաջ համարյա վրաերթի էր ենթարկում մի քանի անցորդների: Նրանց հաջողվեց փրկվել միայն այն պատճառով, որ կարողացան ժամանակին դուրս թռչել նրա ճանապարհից, իսկ խուլիգանը շարունակեց ճանապարհը նույն բարձր արագությամբ», – պատմում է Ալիեւը:

Ադրբեջանի ոստկանությունն իր հերթին հերքում է այն փաստը, որ աչք է փակում անզգույշ վարորդների պահվածքի վրա:

«Խուլիգանության այս ձեւը շատ լուրջ խնդիր է, եւ վերջերս մենք խստացրել ենք պայքարը սրա դեմ: Ճանապարհային ոստիկանությունը հատուկ ստուգումներ է կազմակերպել այս փողոցային մրցավազքերի երկրպագուներին բռնելու համար», – IWPR-ին ասաց Բաքվի ոստիկանության մամլո խոսնակ Վագիֆ Ասադովը:

Ասադովի խոսքերով`անցյալ տարի 302 վարորդներ են ձերբակալվել, որոնցից 51-ը տուգանք են վճարել նախկինում ունեցած բազում խախտումների պատճառով: Նրանց մեծ մասը 20-30 տարեկան երիտասարդներ են եղել:

Անցյալ տարի Բաքվում 307 մարդ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել, եւս 1 428-ը վիրավորվել են: Պաշտոնական տվյալներով`այս առումով ամենածանր ժամանակահատվածը եղել է ամանորյա տոներին, որոնց օրերին 31 մահվան դեպք է գրանցվել:

Բաքվում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների 51 տոկոսի դեպում վարորդները վրաերթի էին ենթարկել հետիոտներին:

«Հիմնականում այս ամենում խուլիգաններն են մեղավոր, ովքեր խելագարների պես են իրենց պահում փողոցներում`փորձելով հարվածել ճանապարհին եղած մյուս բոլոր մարդկանց: Նրանք հաճախ ավտոմեքենաներն անմիջապես խաչմերուկների միջով են վարում`փակելով այլ վարորդների ճանապարհը», – ասում է Ասադովը:

Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության մամլո խոսնակ Քեմրան Ալիեւը նշում է, որ ոստիկանները մեծ ջանքեր են գործադրում մրցավազքերը դադարեցնելու համար եւ տեսախցիկներ են տեղադրել մայրաքաղաքի ճանապարհների մեծամասնության վրա:

Փողոցային մրցավազքերի մասնակիցները որպես կանոն ոչ թե թանկարժեք արտասահմանյան ավտոմեքենաներ են վարում, այլ խորհրդային արտադրության հինավուրց մեքենաներ, եւ Ալիեւի խոսքերով`«մրցավազքերի մասնակիցների մեծամասնությունը միջին խավի ներկայացուցիչներ են եւ ոչ օլիգարխների երեխաներ, ինչպես մարդիկ են ասում: Հիմնականում սրանք 18-22 տարեկան երիտասարդներ են, ովքեր սիրում են իրենց վատ պահել փողոցում»:

Իրենք`մրցավազքերի մասնակիցները, նշում են, որ ոչ մի վտանք չեն ներկայացնում երթեւեկության համար եւ պնդում են, որ միեւնույն է`չեն դադարեցնի մրցավազքերը:

«Սա սպորտ է: Մենք մրցավազքեր ենք կազմակերպում, որպեսի պարծենանք մեր կարողություններով: Սա դիտարժան է, գեղեցիկ, հրաշալի: Համաձայն եմ, որ վտանգավոր է, բայց հիմնականում մեզ համար է վտանգավոր: Իսկական մրցավազքի սիրահարը երբեք ոչինչ չի անի ցերեկային ժամերին: Մեր մրցույթների անցկացման համար հեռավոր արվարձաններ եւ ամայի փողոցներ ենք ընտրում», – ասում է մրցվազքերի սիրահարներից մեկը`Ալեսկեր Հուսեյնովը:

Հուսեյնովը խոստովանում է, որ մրցավազքից հետո իր մեքենան հաճախ վերանորոգման կարիք է ունենում, սակայն նրա պնդմամբ. «Դժվար թե հրաժարվեմ իմ սիրելի զբաղմունքից»:

Ադրբեջանի խորհրդարանի անդամ, լրագրող Էլմիրա Ախունդովան դժգոհում է, որ անգամ իրեն հանգիստ չեն տալիս գիշերային աղմկոտ մրցավազքերը, չնայած նրա բնակարանը գտնվում է 16-րդ հարկում:

«Առավոտյան ժամը 2-ին, 3-ին կամ 4-ին շարժիչների ու արգելակների աղմուկի պատճառով հնարավոր չի լինում քնել: Չեմ հասկանում`ինչ է անում ճանապարհային ոստիկանությունը: Նրանք կանգնեցնում եւ տուգանում են թեթեւ խախտումներ անող հասարակ քաղաքացիներին… ինչո՞ւ չեն զբաղվում այս խուլիգաններով գիշերը», – տարակուսում է Ախունդովան:

Վերջինս նաեւ այն կարծիքին է, որ մրցավազքերի երկրպագուներին պատժելու փոխարեն, կարելի է այլընտրանքային`առավել ապահով ճանապարհով գնալ:

«Պետք է արագության սիրահարների համար ճիշտ հարմարություններ ստեղծել: Անհրաժեշտ է օրինականացնել փողոցային մրցավազքերը`հատուկ ճանապարհներ կառուցելով, որպեսզի քաղաքային բնակչությունը պաշտպանվի աղմուկ-աղաղակից եւ վտանգից», – ասում է Ախունդովան:

Նիգյար Մուսաեւա, Կովկաս

Կովկասյան լրատու # 624

 

 

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply