Կրիոթերապիա. Երբ ցրտահարվելն օգտակար է

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | September 22, 2009 19:34

dsc_44291Օրգանիզմի վրա ցրտի հրաշալի ազդեցության մասին վաղուց է հայտնի:

Դարեր շարունակ տարբեր երկրներում օրգանիզմի կոփման համար բժիշկներն օգտվել են ցրտի բուժիչ հատկություններից:

Մեր ժամանակներում դա կոչում են կրիոթերապիա, այլ կերպ ասած` ցրտի միջոցով բուժում կամ երիտասարդացում: Ռուս բժիշկները կարծում են, որ կրիոթերապիայի մեծ ժողովրդականությունը պատասխան է ժամանակակից աշխարհում տիրող սթրեսներին, հոգնածությանը, շրջակա միջավայրի աղտոտվածությանը, ինչը բնորոշ է քաղաքային կյանքին:

Կրիոթերապիան կիրառվում է կոսմետոլոգիական, մաշկաբանական, նյարդաբանական, գինեկոլոգիական խնդիրների դեպքում, շնչառական օրգանների հիվանդությունների բուժման, իմունիտետի բարձրացման, ծանր մարմնական, ինֆեկցիոն եւ վիրահատական հիվանդություններից հետո` վերականգնման նպատակներով:

Հայաստանում այն առայժմ մեկ գեղեցկության եւ առողջության սրահում է գործում: Բժշկուհի Նարինե Ավագյանն ու կոսմետոլոգ Արեւիկ Բեկնազարյանն արդեն աշխատում են կրիոթերապիայի սարքերով:

Հայաստանում կրիոթերապիան բոլորովին նոր երեւույթ է եւ առայժմ գտնվում է փորձարարական վիճակում: Հատկապես, կանանց համար կրիոթերապիան երիտասարդացման հիանալի միջոց է, – ասում է բժշկուհի Ավագյանը, – դրա շնորհիվ ձգվում է մաշկը, հարթվում են կնճիռները, վերանում են ցելյուլիտը, ավելորդ քաշը, այտուցները»:

Նա ասում է, որ հաճախորդներն առայժմ քիչ են, քանի որ մարդիկ տեղեկացված չեն, սակայն ճիշտ ինֆորմացիայի տարածման դեպքում այն Հայաստանում եւս հաճախորդների մեծ բանակ կունենա:

Կրիոթերապիան կիրառում են երկու ձեւով` ընդհանուր եւ տեղային:

Ընդհանուրի դեպքում` հաճախորդն օգտվում է կրիոխցիկից, որն առաջին հայացքից սոլյարիի խցիկ է հիշեցնում: Այնտեղ հաճախորդն անցկացնում է ընդամենը մեկերկու րոպե, որի ընթացքում խցիկը լցվում է հեղուկ ազոտով, իսկ խցիկում ջերմաստիճանը նվազում է մինչեւ 140-150 0C:

Ջերմաստիճանն այնպես է կարգավորված, որ սառչում է միայն մաշկի վերին շերտը, իսկ ընդհանուր օրգանիզմը սառչելուց զերծ է մնում:

Մաշկի երիտասարդացման, արտաքին էսթետիկ վիճակի բարելավման նպատակով բժշկուհին խորհուրդ է տալիս կրիոխցիկից օգտվել 10-20 անգամ` օրը մեկ կամ երկու օրը մեկ անգամ:

Ցելյուլիտի եւ ավելորդ քաշի վերացման համար, կախված քաշից եւ խցիկի ջերմաստիճանից, հաճախորդը մեկ պրոցեդուրայի ընթացքում կորցնում է 1000-3000 կկալ: Որոշ դեպքերում հաճախորդները 20-30 պրոցեդուրայի ընթացքում նիհարում են 7-10 կգով:

Ընդհանուր կրիոթերապիան մեծապես կիրառվում է բուժիչ նպատակներով: Ըստ Նարինե Ավագյանի, այն նպաստում է այնպիսի հիվանդությունների բուժմանը, ինչպիսիք են միգրենը, օստրոխոնդրոզը, հոդացավերը, պսորիազը, սեբորիան եւ այլն:

Կրիոթերապիան կիրառում են նաեւ որպես պրոֆիլակտիկա:

«Ընդհանուր կրիոթերապիան ունի իմունավերականգնող հատկություն, կարգավորում է նյութափոխանակությունը, հանում դեպրեսիան, կարգավորում քունը, վերականգնում աշխատունակությունը, – թվարկում է բժշկուհին, – այն լայնորեն կիրառվում է նաեւ գինեկոլոգիական նպատակներով` անպտղության, վիժումների, դաշտանադադարի, հղիության պլանավորման ժամանակ»: Ընդհանուր կրիոթերապիայի մեկ պրոցեդուրան` այսինքն կրիոխցիկում գտնվելու մեկերկու րոպեն, արժե 15.000 դրամ: Առավելագույն արդյունքի հասնելու համար հաճախորդը, կախված բժշկական, կոսմետոլոգիական խնդրից, առնվազն տասն անգամ պետք է պրոցեդուրան կրկնի, որը կնստի նրա վրա 150.000 դրամ:dsc_4579

Ինչպես յուրաքանչյուր թերապիա, ընդհանուր կրիոթերապիան եւս ունի իր հակացուցումները: Նախքան կրիոխցիկի մեջ հայտնվելը, խորհուրդ է տրվում արյան ընդհանուր եւ մեզի անալիզներ հանձնել:

Կրիոթերապիան հակացուցված է այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են հիպերտոնիան, սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, ցրիտից ալերգիան եւ էլի որոշ դեպքերում», – ասում է բժշկուհին:

Տեղային կրիոթերապիան կիրառվում է ձեռքի սարքի միջոցով, որի ժամանակ ազոտը մարմնի կոնկրետ հատվածի վրա է ազդում:

«Տեղային կրիոթերապիան հիմնականում կիրառում են կոսմետոլոգիայի բնագավառում` մաշկի վրա լաքաների, ցանի, ցելյուլիտի վերացման, կնճիռների հարթման, մաշկի ձգման, թարմացման եւ այլ նպատակներով, – նշում է կոսմետոլոգը:

Ի տարբերություն ընդհանուրի, տեղային կրիոթերապիան ավելի էժան է` մեկ պրոցեդուրան` 8.000 դրամ եւ չունի հակացուցումներ:

Դիտվել է 4940 անգամ:
Print Friendly

Leave a Reply