Հայաստանում Ամանորին նորմալ վայրում հանգստանալու համար 4 հոգանոց ընտանիքից պահանջվում է 2-4 հազար դոլար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 11, 2012 17:23

Այսօր Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանն ու Տուրօպերատորների ասոցիացիայի հիմնադիր-անդամ Մարինե Կպրյանը խոսեցին ներգնա և արտագնա տուրիզմի ծավալների ու միտումների մասին` մասնավորապես Ամանորյա տոներին:

Բանախոսները հայտարարեցին, որ ընդհանուր առմամբ ներգնա տուրիզմի բնագավառում այս տարի Հայաստանում գրանցվել է աճ։ Կա նաև սեզոնային երկարացում: Նոյեմբերից մինչև փետրվար ամիսները տուրիզմի առումով պասիվ ամիսներ են Հայաստանում: Այդպես էլ չի զարգանում ձմեռային տուրիզմը: Ամանորին ևս Հայաստանն օտարերկրյա այցելուներ շատ չունի: Ըստ մասնագետների, գներն այս դեպքում էական կապ չունեն, քանի որ տոնական օրերին ողջ աշխարհում են հյուրանոցային գները թանկանում: Կպրյանն, օրինակ, դա բացատրեց այն հանգամանքով, որ հանգստյան գոտիները չեն առաջարկվում ամանորյա հետաքրքիր միջոցառումներ և ամենակարևորը` չեն գովազդում դրսում:

Փոխարենը տարեցտարի Ամանորին նկատվում է ներգնա տուրիզմի աճ Հայաստանցիների առումով: Մարդիկ ավելի ու ավելին են ձգտում Ամանորն անցկացնել տնից դուրս` հյուրանոցային պայմաններում: Հակոբ Հակոբյանի խոսքով, Հայաստանում նորմալ վայրում հանգստանալու համար 5-6-օրյա փաթեթը 4 հոգանոց ընտանիքի համար կազմում է 2-4 հազար դոլար: Նա ամենևին էլ այդ գինը բարձր չի համարում, հատկապես, երբ դա համեմատում է արտերկրյա հանգստի հետ, որի դեպքում արդեն անհրաժեշտ է 5-6 հազար դոլար: Չնայած հայաստանյան տարբեր վայրերում Ամանորյա հանգիստն անցկացնելու թանկությանը, հանգստացողների թիվը գնալով ավելանում է. դեկտեմբերի կեսից հազիվ թե գտնվի մի հանգստավայր, որն ազատ տեղեր ունենա:

Չի նվազում նաև այն հայաստանցիների թիվը, ովքեր նախընտրում են տոներն անցկացնել դրսում: Ըստ Կպրյանի, այս տարի շատ հայեր հանգստացել են Արաբական Միացյալ Էմիրություններում, Հորդանանում, Եգիպտոսում (սակայն ավելի քիչ, քան նախորդ տարիներին), անգամ Շրի Լանկայում։ Եվրոպա գնացողների միտումը նվազել է։ Հիմնականում գնացել են Ֆրանսիա։ Բանախոսները դա պայմանավորում են եվրոպական բարձր գներով:

Ի դեպ, Հակոբյանը համամիտ չէ այն կարծիքին, թե Հայաստանում հանգստանալն ավելի թանկ է, քան արտերկրում. «Դա ընդամենը հեքիաթ է,-ասաց նա,-ողջ աշխարհում հյուրանոցների միջին գները տատանվում են օրական 70-150 դոլարի սահմաններում»։

Ըստ Կպրյանի, Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացմանը խոչընդոտում են հյուրանոցների պակասը, հարևան երկրների համեմատ գների թանկությունը (հյուրանոցային ծառաայություններ, ավիատոմսեր), վիզային ռեժիմի խնդիրը, թույլ գովազդը: «Միգուցե տարօրինակ թվա, սակայն տարվա սկզբին արդեն բոլոր հյուրանոցները զբաղված են լինում, և եթե լրացուցիչ այլ առաջարկ է լինում դրսից, մենք չենք կարողանում ապահովել»,-ասաց Կպրյանը հյուրանոցների պակասի վերաբերյալ:

Անդրադառնալով հարևան երկրների համեմատ հայաստանյան բարձր գներին` մասնագետները պարզ օրինակով նշեցին, որ եթե նույն հանգիստը Հայաստանում արժե, ենթադրենք, 500 դոլլար, ապա Վրաստանում` 400 դոլար: Կարևոր և լուրջ խնդիր է գովազդը: Բանախոսների խոսքով, Հայաստանի գովազդով հիմնականում զբաղվում են մասնավոր տուրօպերատորները, որոնք ժամանակ առ ժամանակ մասնակցում են միջազգային ցուցահանդեսների և հենց այդ ժամանակ էլ իրականացնում «Էստի համացեքի» գործընթացը: Նրանց խոսքով, շատ կարևոր է, որ այդ հարցում տուրօպերատորներին աջակցի պետությունը:

Ըստ վիճակագրության, եթե 2000թ. Հայաստան է ժամանել 45.000 զբոսաշրջիկ, ապա 2010 թվականին այդ թիվը կազմել է 780.000: Միայն 2011 թ. հունվար-հունիս ամիսներին հանրապետություն են ժամանել 266.155 զբոսաշրջիկներ: 2010 թ. նույն ժամանակաշրջանում այդ թիվը եղել է 230 154:

Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների, 2011 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 19.5 %-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին (Ռուսաստանի Դաշնություն-16.2%), իսկ 80.5%-ը` ոչ ԱՊՀ երկրներին (ԵՄ երկրներ- 38.1 %, այլ երկրներ-42.4 %, այդ թվում` ԱՄՆ-14.6%, Իրան-9.2%, Վրաստան-2.8%):

2011 թ. հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջության ցուցանիշներն` ըստ նպատակի (բերված տվյալներն արտացոլում են միայն հյուրանոցներում և հյուրանոցային հանգրվաններում հաշվառված զբոսաշրջիկներին). գործնական- 15276, հանգստի և ժամանցի-8393, կրթության-16, բուժման-246, այլ-28524:

Ընդհանրացնելով` բանախոսներն ընգծեցին. որքան էլ ոգևորիչ են   Հայաստանում արձանագրված ներգնա տուրիզմի աճի միտումները, այնուամենայնիվ թվերը գոհացուցիչ չեն, հատկապես այն դեպքում, երբ տուրիզմը պաշտոնապես հայտարարվել է տնտեսության զարգացման առաջնահերթ ճյուղ: «10-15 տոկոս աճն այս դեպքում զգալի չէ,-նկատեց Հակոբյանը,-եթե լիներ, ասենք, 30-35 տոկոս, մենք ուրախանալու առիթ իսկապես կունենայինք»:

Հ.Գ.

Որպես թարմ տվյալ բերելով անձնական օրինակը` նշեմ, որ հայաստանյան լավագույն հյուրանոցներից մեկում (Սևանի ափին) դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 5-ն անցկացրած հանգիստն իմ դեպքում կազմեց 1000 դոլար (2 մեծահասակ, 4 տարեկան երեխան` անվճար): Մեր մասնագետներն այդ գինը բավականին մատչելի համարեցին` բերելով այլ օրինակներ, ըստ որոնց Դիլիջանի հանգստյան տներից մեկում այդ թիվը կազմել է մոտ 500 հազար, իսկ Լոռվա մարզում գտնվող հանգստյան տներից մեկում` 700 000 դրամ: Հետաքրքիրն այն է, որ վերջին 2 հյուրանոցներն այդ օրերին լեփլեցուն են եղել, մինչդեռ այն հյուրանոցը, որն այս երկուսից ավելի մատչելի էր, մարդաշատ չէր, ավելին, հունվարի 2-3-ից հետո այնտեղ հատուկենտ հանգստացողներ էին մնացել:

 

 

 

Դիտվել է 1839 անգամ:
Print Friendly

Leave a Reply