Վարդան Օսկանյան. «Ես երբեք այսպիսի փաստաթուղթ (հայ-թուրքական արձանագրությունը) չէի ստորագրի, երբեք խիղճս չէր տանի ասել «այո՛»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 22, 2009 19:16

vardan-oskanyanՀայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրումը  նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անընդունելի է համարում: Օսկանյանն արձանագրություններում տեսնում է պարտվողականության միտում:

Նա արձանագրություններն ուսումնասիրելուց հետո եկել է այն եզրակացության, որ «այդ փաստաթղթի շուրջ ինչ-որ մի տեղ բանակցել են, ընդ որում` թուրքերի մասնակցությամբ,և պարտադրվել է հայկական կողմին, կամ հայկական կողմն ինքը խորապես համոզված է եղել, որ Հայաստանի ամբողջ ապագան և զարգացումը կախված է հայ-թուրքական սահմանի բացումից»:

Օսկանյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի այսօր կազմակերպած՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քննարկամանն  ասաց, որ չի կարողանում հասկանալ այդ փաստաթղթի տրամաբանությունը, քանի որ դրանով Թուրքիային տրվում է այն, ինչը նա ցանկացել է 17 տարի շարունակ` հրաժարվել հողային պահանջներից: «Այս փաստաթղթով մենք ոչ միայն ճանաչում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, այլև  զիջում ենք պատմական իրավունքները, փակում ենք պատմական արդարության վերականգնումը, թեկուզև ձևական հնարավորությունը»:

Ըստ նրա՝ այս փաստաթուղթը հավասար հիմքեր չի ստեղծում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հետագայում նորմալ, բարեկամական հարաբերություններ ստեղծելու համար: «Հայաստանը խիստ ծանր վիճակում է գտնվում, անհասկանալի տնտեսական անկում է ապրում` 18.5 տոկոս, երբ համաշխարհային միջինը 2-3 տոկոս է: Մեր հասարակությունը երբևէ այսքան պառակտված, անհույս չի եղել իր երկրի ապագայի հանդեպ: Նորից մեզ ասվում է, որ եթե մենք չլուծենք ԼՂՀ հարցը, չբացվի սահմանը, այս երկիրը հեռանկար չի ունենա: Ես մեծ համոզումով կարող եմ ասել, որ մենք այդ ճանապարհն անցել ենք, և այս երկիրը զարգանալու մեծ պոտենցիալ ունի»,-ասաց Օսկանյանը և հավելեց, որ Հայաստանը և Սփյուռքը իրարից այսքան հեռու չեն եղել, քան երբևէ:

Նրա մտահոգության մյուս առարկան պատմական հանձնաժողովի ստեղծման պահանջն է: Նա ասաց, որ այս կերպ Թուրքիան ցանկանում է քողարկել դժկամությունը և հրաժարվել Ցեղասպանության իրավահաջորդի պատասխանատվությունից և եվրոպական երկրներին ցույց է տալիս, որ պատրաստ է նորմալ հարաբերություններ հաստատել հարևան պետությունների հետ:

Նա նշեց, որ Թուրքիայում խոսում են, թե արձանագրությունների ստորագրելուց հետո Թուրքիայի խորհրդարանը պետք է դիմի բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը` պահանջով առկախել այն. « մենք պետք է հրաժարվենք այս փաստաթուղթը ստորագրելուց»:

«Սահմանի փակ լինելը չի եղել հասարակական տարբեր արժեքների ներմուծման խոչընդոտը, խոչընդոտը եղել է մեր նախորդ և ներկա իշխանությունների դժկամությունը: Մեր խնդիրները ներսում են, լուծումները` ևս»,-ասաց Օսկանյանը և հավելեց, որ ստորագրված փաստաթղթերը նոր խնդիրներ են ծնելու երկրի ներսում, որին կարող է դիմագրավել միայն միասնական ուժեղ, ազատ հասարակությունը: Օսկանյանը չբացառեց, որ հասարակական ալիք կբարձրանա և նշեց, որ ինքը պատրաստ է կանգնել առաջատար դիրքերում:

Հարցին, թե որն է հետ գնալու ճանապարհը, եթե ստորագրվի, նախկին արտգործնախարարն ասաց. «շատ դժվար է հետ գնալը լինելու»:

Օսկանյանն ասաց, որ չի հավատում այն պնդմանը, թե փաստաթուղթը միտված է ապագային, քանի որ այսկերպ հայկական կողմն է զիջումներ անում, ինչը  մեր դիվանագիտության անհեռատեսության արդյունք է:

«Ես երբեք այսպիսի փաստաթուղթ չէի ստորագրի և չեմ նախանձում այն մարդուն, ով շուտով պետք է ստորագրի այն»,-ասաց Օսկանյանը։ Նա նշեց, որ ցանկանում է ասել «այո՛» բաց սահմաններին, սակայն «հաջորդ սերունդների առաջ երբեք խիղճը չէր տանի այս փաստաթղթին ասել «այո՛»»։

Ինչ վերավերում է ՀՅԴ՝ արձանագրությունների դեմ կազմակերպած ստորագրահավաքին, Օսկանյանն ասաց, որ Դաշնակցությունը տեղյակ է իր դիրքորոշմանը։ «Չեմ միացել ՀՅԴ ստորագրահավաքին, սակայն խնդիր չեմ տեսնում ստորագրելու մեջ»,-ասաց ՀՀ նախկին արտգործնախարարը։

Օսկանյանն ասաց նաև, որ որևէ տեղեկություն չունի Ղարաբաղի վերաբերյալ հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին, սակայն նշեց, թե «չի բացառում, որ մի օր առավոտյան կարթնանանք և կանգնած կլինենք փաստի առաջ»։

Դիտվել է 2643 անգամ:
Print Friendly

Leave a Reply