«Էրգենեկոն»-ի գործով մեղադրյալը դատարանում պնդել է, թե ինքը հայերին թշնամի չի համարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2012 10:41

Թուրքիայում «Էրգենեկոն-2» գործով հերթական դատավարության ժամանակ մեղադրյալներից Հասան Աթաման Յըլդըրըմը պնդել է, թե մեղադրական զեկույցում իրեն անհիմն մեղադրում են հայերին թշնամաբար վերաբերվելու մեջ։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 13-րդ դատարանում «Էրգենեկոն-2»-ի 148-րդ դատական նիստի ժամանակ մեղադրյալ Հասան Աթաման Յըլդըրըմը հայտարարել է, թե մեղադրական զեկույցում իրեն անտեղի մեղադրում են հայերին թշնամաբար վերաբերվելու մեջ։ «Իմ հայրը պատմել է, թե Էրզրումում մի հայ կացնով սպանել է իմ պապուն, սակայն հայրս թույլ չի տվել, որ իմ մեջ հայերի հանդեպ թշնամություն սերմանվի։ Իմ աղջկա ատամնաբույժը հայ է»,-ասել է Յըլդըրըմը։

«Էրգենեկոն-2» գործով անցնող մեղադրյալ, Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի նախկին փոխհրամանատար Իբրահիմ Շահինը եւս գտնվել է դատարանում, ում մոտից խուզարկության ժամանակ հայտնաբերվել էին անուների ցուցակ, ում հանդեպ պետք է մահափորձ իրականացվեր։ Այդ ցուցակի մեջ է եղել նաեւ Սըվազի հայերի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի անունը։

Հիշեցնենք, որ «Էրգենեկոն»-ը ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:

 

News.am

 

Դիտվել է 643 անգամ:
Print Friendly

Leave a Reply