«Ուտել ցորեն հաց, խմել այծի կաթ` չունենալ սթրես…»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 10, 2012 15:43

Հոգեբան Կարինե Նալչաջյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին հաջորդող օրերին մարդկանց մոտ դիտվում է որոշակի լարվածություն, այսինքն` սթրես: Սակայն կան սթրեսի հանգեցնող մի շարք երևույթներ, որոնք կարող են մարդկանց նույնիսկ դեպրեսիայի վիճակի բերել: Որպես այդպիսի տարրեր, բանախոսը նշեց մի քանի երևույթներ` «Շատակերությունն, օրինակ, մարդու վիճակը ծանրացնում է, իսկ օրգանիզմի վիճակն անմիջականորեն ազդում է մարդու տրամադրության վրա: Դեպրեսիան ինքն էլ հենց տրամադրության հիվանդություն է»:

Դեպրեսիայի հանգեցնող տարրերի շարքում առաջատար դիրքեր է գրավում նաև ամանորյա ծախսերի երևույթը: Տոների առիթով մինչև վերջին կոպեկդ ծախսելն ու տոներից հետո առանց փող մնալը կարող են, և հաճախ հանգեցնում են հենց դեպրեսիայի, այլ ոչ թե սթրեսի:

«Տոները, սկսած հարսանեկան հանդիսություններից մինչև ամանորյա տոներ, մեզ մոտ ցուցամոլության աստիճանի են հասել: Եվ մարդիկ իրենց ամբողջ գումարը ծախսում են, որպեսզի այդ տոնակատարություններն ավելի ճոխ, ավելի շքեղ կազմակերպեն, որպեսզի ամեն ինչ լավ երևա, ուրիշներին զարմացնեն և այլն: Տոների ավարտին, բնականաբար, փողերը վերջանում են և մարդը արդեն կարող է հայտնվել ոչ թե սթրեսի, այլ դեպրեսիայի վիճակի: Բացի փողի վերջանալուց, այդ ծախսը`գնված սնունդը, մթերքները, սկսում են փչանալ, և մարդիկ ստիպված պետք է դրանք թափեն, ու դա էլ լրացուցիչ սթրես է»,- նշեց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանը համոզված է, որ ինչքան ցուցամոլության տարրը դուրս գա մեր կյանքից, այնքան մենք կսկսենք վայելել մեր տոները: Լավ կլինի, որ մարդիկ ուղղակի հաճելի ժամանակ անցկացնեն:

 

 

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply