Նախագահը հանդիպել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | January 10, 2012 16:35

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորվել է Բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի  հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ սահմա­նադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու  Էմիլ Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

Հանձնաժողովն անցկացրել է իր առաջին նիստը, որի ընթացքում ընտրվել են հանձնաժողովի նախագահ և տեղակալ: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Էմիլ Բաբայանը, իսկ տեղակալ` Արեգ Շուշյանը:

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նորանշանակ անդամների հետ: Հանդիպման ընթացքում Հանրապետության ղեկավարը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իր տեսլականը` կարևորելով այս նորաստեղծ կառույցի առաքելությունը:

Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը հետևողական քայլեր է իրականացնում պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության բարեփոխման և կատարելագործման ոլորտում, այդ թվում` պետական համակարգում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման և իրականացման ձևով: Սերժ Սարգսյանի խոսքով, այս գործընթացի տրամաբանական շարունակությունը  հանդիսացավ 2011 թվականին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի ելակետային պահանջներից մեկն էլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծումն է:

«Հանձնաժողովի ստեղծման ու գործունեության հետ կապված հարցերն այսուհետ, բնականաբար, լինելու են հանրային հատուկ ուշադրության օբյեկտ: Իսկ հանձնաժողովի գործունեության արդյունքներն ըստ էության պետք է դառնան կոռուպցիայի կանխարգելման համար համակարգային փոփոխությունների, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարի ավելի լավ հնարավորությունների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական մոտեցումներն ու վարքագիծը փոխելու չափանիշներ»,- ընդգծել է Նախագահը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, հանձնաժողովի առաքելությունը՝ երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է և «արդար կառավարման» համակարգի ներդրումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը: Հանձնաժողովի գործունեության տիրույթը, ըստ Նախագահի, ներառելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումը, շահերի բախման դեպքերի և էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը, էթիկայի կանոնների խախտումների մասին կոնկրետ տեղեկատվության հրապարակումը և այլ գործառույթներ:

«Կարծում եմ, որ այս պայմաններում հանձնաժողովի անկախությունը պահանջում է հանձնաժողովի անդամների պատասխանատվության բարձր աստիճան և լիազորություններն իրականացնելիս, բնականաբար, մասնագիտական լավագույն ունակությունների ու կարողությունների դրսևորում և ամենակարևորը` եզրակացություններ և առաջարկություններ ներկայացնելու գործում քաղաքական չեզոքություն ու անկողմնակալություն: Ուզում եմ հատուկ շեշտել, որ որևէ ազդեցություն չի կարող լինել հանձնաժողովի անդամների վրա, բացի օրենքի ազդեցությունից և ձեր բարոյական չափանիշներից»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը համոզվածություն է հայտնել, որ հանձնաժողովի ստեղծմամբ դրվում են այն ինստիտուցիոնալ կառույցի հիմնաքարերը, որոնք պետք է Հայաստանը դարձնեն ավելի լավ երկիր:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր անմիջական ուշադրության կենտրոնում է պահելու հանձնաժողովի աշխատանքները: Նախագահը նշել է, թե  ակնկալում է, որ կարճ ժամանակում հանձնաժողովը կավարտի իր աշխատանքները՝ կապված  արդյունավետ և թափանցիկ ներքին ընթացակարգերի ընդունման հետ: Հանրապետության ղեկավարի խոսքով, Նախագահի աշխատակազմն ըստ պատշաճի կապահովի  հանձնաժողովի տեխնիկական սպասարկումը:

Նախագահ Սարգսյանը նշել է, թե հանձնաժողովի կայացման ու զարգացման գործում ակնկալում է աշխատանքային սերտ հարաբերություններ բոլոր այն պետական մարմինների հետ, որոնք կիրարկելու են «Հանրային ծառայության մասին» ՀՀ  օրենքը:  Սերժ Սարգսյանը կարևորել է նաև աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ՝ ընդգծելով, որ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկությունները, նկատառումներն ու դիտողությունները պետք է պատշաճ ուշադրության արժանան: «Ծանոթ եմ բոլորիդ մասնագիտական կարողություններին, գիտեմ նաև, որ որոշ չափով ուսումնասիրել եք միջազգային փորձը, և սա հենց այն հարթակն է, որտեղ այդ գիտելիքներն ու փորձը պետք է կիրառել և պետք է կիրառել արդյունավետ»,-ընդգծել է Նախագահը:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել հանձնաժողովի անդամներին՝ նրանց բարձր և պատասխանատու աշխատանքում:

 

 

Դիտվել է 1675 անգամ:
Print Friendly

Leave a Reply