Միայն անկենդան մարմինը սթրես չի ապրում. Կարինե Նալչաջյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 10, 2012 14:00

Սթրեսը լարվածություն է, իսկ լարվածությունը կարող է առաջանալ ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներից: Սթրեսը մարդուն մոբիլիզացնող գործոն է: Այս Պարզաբանումն այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին տվեց հոգեբան Կարինե Նալչաջյանը` տարանջատելով դեպրեսիան սթրեսից: Հոգեբանի կարծիքով, եթե բազմաթիվ մարդիկ դիմում են այս հարցով, ուրեմն խնդիր իրոք կա: Իսկ հասարակությանը տվյալ մարդկան հուզող այդ երևույթը նա բնութագրեց, որպես ետտոնական սթրես, այլ ոչ թե դեպրեսիա, որովհետև դեպրեսիան ախտաբանական հիվանդություն է:

«Իմ դիտարկումներով` առկա է ավելի շատ մարդկանց տագնապ սթրեսի նկատմամբ, քան հենց բուն սթրեսը: Այսինքն` մարդիկ ավելի շատ մտածում են, որ եթե այդքան շատ են խոսում հետտոնական դեպրեսիաներից, սթրեսներից, ուրեմն իրենց մոտ էլ կարող են լինել այդ սթրեսները: Գոյություն ունեն սթրեսների տարբեր տեսակներ` ինչպես դրական, այնպես էլ բացասական պատճառներով պայմանավորված: Կոնկրետ հիմա սթրեսային վիճակներ ստեղծվում են, որովհետև, կարծում եմ, ամանորյա և Սուրբ ծննդյան տոները մեզ մոտ երկար են տևում: Մոտ 10-15 օր տոնական վիճակում ապրելով` անընդհատ կերուխումներ, փոխայցելություններ և այլն, ապրելու այդ ոճը դառնում է կենսաձև, որից դուրս գալը դժվար է լինում: Օրինակ` մարդիկ սովորում են երկար քնել, շուտ արթնանալ, աշխատանքի չեն գնում ու կամաց-կամաց հետ են վարժվում իրենց առօրյա, սովորական կենսաձևից: Իսկ երբ ավարտվում են տոները, նրանք արդեն դժվարությամբ են հետ վերադառնում իրենց նախկին վիճակին, ու այդ երևույթը սթրեսի պատճառ է դառնում: Բայց դրանք խիստ սթրեսներ չեն և մի քանի օր սովորական կենսաձևով ապրելուց հետո մարդիկ նորից մտնում են իրենց սովորական ռիթմի մեջ: Այլ տոներ ևս կան, բայց դրանք տևում են 1-2, կամ 3 օր, դրա համար նրանց ավարտին մարդիկ սթրեսային վիճակում չեն հայտնվում»,- ասաց Կարինե Նալչաջյանը:

Բանախոսը կարծում է, որ այս խնդիրը պետք չէ ուռճացնել և պրոբլեմ դարձնել: Ընդամենը մարդիկ հետ են վարժվում աշխատանքային վիճակից, իսկ հետ վերադառնալու համար պետք որոշակի քայլեր անել: Որպես այդպիսի քայլեր, հոգեբանը նշեց, որ մարդիկ ինտուիտիվ որոշակի քայլեր անում են, ինչպիսին, օրինակ, տոնի շարունակությունն է, երբ աշխատանքի վերադառնալու առաջին օրերին կիսաաշխատանքային-կիսատոնական վիճակներ են լինում, մարդիկ տնից իրենց հետ ինչ-որ բաներ են տանում աշխատանի վայրեր ու սկսում են նշել անցած տոները: Որպես շատ լավ քայլ, բանախոսը նշեց, որ մարդը մտաբերի իր կիսատ թողած գործերնյ ու խնդիրները, որովհետև աշխատելը մարդուն շատ արագ վերադարձնում է սովորական վիճակի:

 

Դիտվել է 1747 անգամ:
Print Friendly

Leave a Reply