Մեծ Բրիտանիայի դեսպանները հավատարմագրերի պատճենները հանձնեցին արտգործնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 10, 2012 16:29

Հունվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվզին (Jonathan James Aves) եւ Քեթրին Ջեյն Լիչին (Catherine Jane Leach)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպաններին իրենց առաքելության մեջ՝ նշելով, որ դեսպաններն իրենց կարեւոր ներդրումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման գործում:

Դեսպաններ Էյվզը եւ Լիչը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշեցին, որ պաշտոնավարման ընթացքում կանեն առավելագույնը հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդումը եւ խորացումը խթանելու համար:

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության հարաբերությունները շարունակական զարգացում կապրեն, ինչն իր արտացոլումը կգտնի երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի, առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի ընդլայնմանը:

Հայաստանի արտգործնախարարն ու Մեծ Բրիտանիայի դեսպաններն անդրադարձան նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանն եւ Ջոնաթան Ջեյմս Էյվզը ու Քեթրին Ջեյն Լիչը  քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:

 

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply