Հայաստանի խորհրդային անցյալից միայն աղոտ հիշողություններ են մնացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 10, 2012 13:06

Եթե երիտասարդ սերնդի ներկայացուցիչները Հայաստանի կումունիստական անցյալի մասին աղոտ պատկերացում ունեն, ապա տարեցները շարունակում են կարոտել Խորհրդային տարիները:

Խորհրդային Հայաստանի փլուզումից 20 տարի անց էլ 85-ամյա Սեդրակ Մխիթարյանը դեռ հուզվում է, երբ հիշում է իր կյանքի այն լավագույն հատվածը, որն անցկացրեց խորհրդային երկրում: Ծերունական ձայնը հուզմունքից դողդողում է, խորհրդային հիշողությունները ամենաթանկն են, որոնց առարկայական հիշողությունն ամփոփվում են իր տանն ունեցած երկու կարմիր դրոշում եւ Լենինի անվան շքանշաններում:

Հայաստանում ապրող տարեց մարդկանցից շատերի նման, նա այդպես էլ չի կարողացել հարմարվել անկախ պետության կարգերին:

«Հայաստանն իր ոսկե դարն ապրեց Խորհրդային կարգերի ժամանակ: Դեմ էի սովետի քանդմանը, դեմ էի այդ հանրահավաքներին եւ գործադուլներին, արդյունքում այսօր բնակչության ամենամեծ հատվածը հավերժ գործադուլի մեջ է», – ասում է 85 ամյա Մխիթարյանը, ով այն տարիներին 14 տարի ղեկավարել է Էջմիածնի /քաղաքը եւ 40 գյուղեր/շրջանային խորհուրդը, տասը տարի Սպիտակի շրջանը, եղել է գյուղատնտեսության նախարարի տեղակալը:

Տարիների խորքից վերլուծելով տեղի ունեցածը եւ գնահատելով անկախության արժեքը`ծերունին թերահավատորեն ասում է. «Անկախ են լինում գերտերությունները, իսկ մեզ նման երկրները մտնում են սրա, նրա թեւի տակ:  Այն ժամանակ ասում էին`մենք սովետի ստրուկներն ենք, իսկ հիմա ու՞մ ստրուկն ենք» – հարցնում է նա, – «Մեր միակ ձեռքբերումը Լեռնային Ղարաբաղն է, ու եթե Խորհրդային Միությունը փուլ չգար, այդ հարցը, համոզված եմ, որ կլուծվեր առանց արյան»:

70 ամյա Խորհրդային Միությունը լուծարվեց ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովի օրոք`1991 թվականին: Նույն թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեով ՀՀ քաղաքացիների 94,99%-ի կողմ քվեարկությամբ  Հայաստանը հռչակվեց  անկախ ու ինքնիշխան հանրապետություն:

Անկախության տարիները հեշտ չեն տրվել Հայաստանին: Դեռեւս ուշքի չգալով 25 հազար կյանք խլած Սպիտակի ավերիչ երկրաշարժից`այն մխրճվեց ղարաբաղյան արյունալի պատերազմի մեջ:

Այն ժամանակ Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող եւ հիմնականում հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը պայքար սկսեց Ադրբեջանից անջատվելու համար: Այս ամենին հաջորդած պատերազմի, ինչպես նաեւ հարեւան Վրաստանում տեղի ունեցած հակամարտության արդյունքում`Հայաստանը բացարձակ տնտեսական շրջափակման մեջ հայտնվեց:

Նախքան ԽՍՀՄ փլուզումը, Խորհրդային Հայաստանը զարգացած արդյունաբերություն եւ գյուղատնտեսություն ուներ, սակայն 1991-ից հետո նորանկախ երկրի իշխանությունները նույնիսկ չէին կարողանում բնակչության էլեկտրամատակարարման խնդիրը լուծել: Այն ժամանակ երեւանցիներն օրական ընդամենը 1 ժամ էին էլեկտրականություն ունենում:

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով`1990-93թթ. ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն նվազեց 75 տոկոսով: Տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանի կոմունիստական կուսակցության վերջին քարտուղար Արամ Սարգսյանի նման հին կոմունիստների հայացքները կրկին արդիական դարձան:

«Մենք նման էինք գոմից բաց թողնված ցլիկների, որոնք ուրախությունից թռչկոտում էին`չհասկանալով, որ հարկավոր էր ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ որոշակի կանոններ կգործեին: Հասարակության բարոյական հիմքերը ոչնչացվեցին, սկսվեց ամենաթողությունը: Մենք ունենք ոսկու, պղնձի եւ մոլիբդենի պաշարներ, իսկ սա հարստություն է նման փոքր երկրի համար, եւ ոչինչ մեզ չէր խանգարում ճիշտ ձեւով արդյունաբերությունը զարգացնելու եւ գյուղատնտեության ոլորտը պահպանելու համար», -ասում է Սարգսյանը:

Նա նշում է, որ ներկայում Հայաստանը կախվածության մեջ է գտնվում Արժույթի միջազգային հիմնադրամից եւ Համաշխարհային բանկից, որոնք իբրեւ թե փրկեցին երկրի տնտեսությունը`փոխարենն իրենց կանոնները թելադրելով:

«Այս միջազգային կառույցները որոշեցին, որ Հայաստանին հարկավոր չէ զարգացնել արդյունաբերության եւ գիտության ոլորտները, այդ պատճառով այն պետք է դառնա տարածաշրջանի մակարդակով սպասարկող երկիր: Հետեւաբար, նրանք ֆինանսավորում տրամադրեցին ճանապարհների, ենթակառուցվածքների եւ բանկերի համար, այսինքն`այս տեսանկյունից մարդիկ արդեն ավելորդ դարձան, եւ սա էր բնակչության արտագաղթի պատճառներից մեկը», – ասում է նա:

Պաշտոնական տվյալներով`վերջին 20 տարում Հայաստանը լքել են 1 միլիոն 200 հազար մարդ: Երեւանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն ասում է, որ այդ քաղաքացիները, երկրից դուրս գալով, արդեն իսկ քվեարկել են Հայաստանի անկախության դեմ:

«Յուրաքանչյուր անկախության գործընթաց ապակայունացում է նշանակում: Եթե դու փոխում ես ստատուս քվոն, նշանակում է`այն տանում ես դեպի անկայունություն, դեպի արտաքին միջավայր: Մարդիկ մեկնեցին դուրս, որտեղ նրանց համար ավելի լավ է, անվտանգ:  Սա լավ գնահատական չէ, եւ դարձյալ կարոտախտ է արթնանում դեպի Սովետը», – ասում է նա:

«Քանդելը հեշտ է: Այն թանկը եւ դրականը, որ կար Խորհրդային Միությունում, պետք էր պահել ու զարգացնել: Կան շատ ընտանիքներ, որոնք կորցրեցին ոչ միայն իրենց կայուն տեղը հասարակությունում, այլ նաեւ իրենց եկամուտները», – ասում է նա:

45 ամյա Արայիկ Պետրոսյանի մայրը խնայդրամարկղում 80.000 ռուբլի գումար է ունեցել ժամանակին, սակայն կարգերի փոփոխումից հետո այս գումարը համարում են «կորած»:

«Մայրս մահացավ, հետո հայրս`առանց գումարները ստանալու: Պետությունը ընդունել է այդ գումարները որպես պետական պարտք եւ երբ հարստանա, այն հետ կվերադարձնեն, բայց արդյո՞ք ավանդատուները կենդանի կլինեն: Նրանց ժառանգները գումարը ստանալու իրավունք չունեն», – ասում է Արայիկը:

Աթանեսյանը նշում է, որ երկաթյա վարագույրից այս կողմ խորհրդային տարիներին մարդիկ հագնվում էին միանման: Հագուստները գնում էին նույն խանութներից, որոնք արտադրում էին նույն ֆաբրիկաները եւ այն էլ`միջինացված ստանդարտով:

«Բայց չնայած անհետաքրքիր կյանքով ապրելուն, մարդիկ ինքնահաստատված էին` ապահովված էին բժշկական անվճար ծառայություններով, ստանում էին կրթություն, ունեին աշխատանք եւ վստահ էին վաղվա օրվա վրա», – ասում է սոցիոլոգը:

«Եթե Խորհրդային Միությունում հագուստը եւ ուտելիքն էր դեֆիցիտ, ապա մեզանում` վստահությունը, մենք չենք վստահում իշխանություններին, մեկս մյուսին», – եզրակացնում է Աթանեսյանը:

Վերլուծաբանների կարծիքով`ներկայիս վստահության պակասը ժողովրդավարական համակարգի եւ մրցունակ տնտեսական դաշտի բացակայության հետեւանքն է:

«Մենք հրաժարվեցինք պլանային տնտեսությունից, սակայն փաստացիորեն ստեղծեցինք նմանատիպ համակարգ, որի դեպքում, եթե սեփականությունը չի վերահսկվում պետության կողմից, ապա դա արվում է իշխանության վերին օղակների կողմից: Մենք ազատվեցինք բոլշեւիզմից, սակայն չկարողացանք թոթափել Խորհրդային չարաբաստիկ ժառանգության բեռը: Հայաստանում նկատվում է գերկենտրոնացված`մեկ օլիգարխի տնտեսության զարգացման միտումը եւ փաստացիորեն սա Խորհրդային Միության վերականգնումն է, բայց առանց նավթի ու գազի», – ասում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

Թեւանյանը կարծում է, որ Խորհրդային Միությունից Հայաստանը ժառանգել է նաեւ կոռուպցիան, պրոտեկցիոնիզմը, ինչպես նաեւ թափանցիկ իրավական համակարգի բացակայությունը:

«Transparency International» միջազգային կազմակերպության տվյալներով`ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց նախկին Խորհրդային երկրներում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում. Հայաստանը կոռուպցիայի տարածման մակարդակով 183 երկրների ցանկում զբաղեցնում է 128-րդ տեղը:

Բարեբախտաբար, երիտասարդ սերունդը կարողացել է հարմարվել կարգերի փոփոխություններին եւ այժմ իրեն տեսնում է միայն անկախ Հայաստանում:

«Արմենիա Նաու» էլեկտրոնային պարբերականի փոխխմբագիր 35-ամյա Սուրեն Մուսաելյանն ավարտել է Խորհրդային դպրոցը: Նրա ուսանողական տարիները Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում համընկնել են անկախությանը: Ավելի ուշ`2003-ին Սուրենը մեկնել է 1 տարով Միացյալ Թագավորություն`Նոթինգեմի համալսարանում սովորելու:

«Եթե Սովետը չփլուզվեր, ես չէի կարող գնալ դրսում կրթություն ստանալու: Ես դա համարում եմ անկախության ձեռքբերումներից մեկը: Իսկ այն տարիներին դրա մասին անգամ չէին կարող երազել», – ասում է Սուրենը, ով 2009-ին երկրորդ անգամ ուսանելու է գնացել Միացյալ Թագավորություն Թոմսոն Ռոյթերի կրթական ծրագրով:

Մեծահասակներին իրենց հերթին հաճախ ապշեցնում է այն, որ երիտասարդներն աղոտ պատկերացում ունեն Խորհրդային կյանքի դժվարությունների մասին:

«Հայ երիտասարդությունն այլեւս չի հասկանա, որ ժամանակին որեւէ քաղաքի հասարակական զուգարանում շաբաթվա կտրվածքով օգտագործվող օճառների քանակը սահմանվում էր Մոսկվայում: Հայաստանը, ի տարբերություն այլ Խորհրդային երկրների, ամենից շատ է հեռացել խորհրդային անցյալից, ինչը պայմանավորված է այստեղ փլուզման մեծ մասշտաբներով», – ասում է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը:

Գայանե Մկրտչյան, Նաիրա Մելքումյան, Կովկաս

Կովկասյան լրատու # 623

Գայանե Մկրտչյանը ArmeniaNow էլեկտրոնային պարբերականի թղթակիցն է: Նաիրա Մելքումյանը ազատ լրագրող է:

 

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply