Մարտունիում կրակոցներից վիրավորվել են ՊՆ աշխատակիցն ու պատահական անցորդը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 10, 2012 0:57

Հունվարի 5-ին Մարտունիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունիի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Մարտունի քաղաքի բնակիչ, 26-ամյա Սարգիս Սարգսյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Սեւակ Միլիտոնյանը NEWS.am-ին հայտնեց, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, թե Սարգսյանը վնասվածքը ստացել է ուսի շրջանում:

Ոստիկանության Մարտունիի բաժնի աշխատակիցները պարզել են, որ նույն օրը, ժամը 21-ի սահմաններում Մարտունիի Աբովյան փողոցին հարակից «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, որին մասնակցել են Մարտունիի բնակիչներ Արմեն Գասպարյանն ու Համլետ Պողոսյանը: Վիճաբանության ժամանակ Արմեն Գասպարյանը իր մոտ եղած ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով վնասվածքներ է ստացել պատահական անցորդը` Սարգիս Սարգսյանը:

Վնասվածքներ է ստացել նաեւ Համլետ Պողոսյանը: Վերջինս պաշտպանության նախարարության աշխատակից է եւ տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

Արմեն Գասպարյանը դեպքից հետո դիմել է փախուստի, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանություն) եւ 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով:

NEWS.am

 

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply