Ո՞ր դպրոցներում են ձմեռային արձակուրդները երկարաձգվել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 9, 2012 13:59

Երեւանի 23 դպրոցներում դասերը կսկսվեն հունվարի 23-ից: Այս մասին այսօր` հունվարի 9-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` հավելելով, որ այդ դպրոցները ձմեռային արձակուրդը երկարացրել են մեկ շաբաթյա գարնանային արձակուրդի եւ լրացուցիչ մեկ շաբաթյա արձակուրդի հաշվին:

Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ Սյունիքի, Լոռիի, Շիրակի մարզերի բոլոր դպրոցներում այսօրվանից արդեն սկսել են պարապմունքները: Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի մարզերում մեկ շաբաթով հետաձգվել են պարապմունքները: Նրա խոսքով, Արագածոտնի, Արմավիրի մարզերում դպրոցների մի մասը, որոնք ջեռուցման խնդիր չունեն, դաս են անելու, մի մասը դաս չի անելու: Կոտայքի մարզում 25, իսկ Վայոց Ձորում` 21 դպրոցներ հետաձգել են իրենց պարապմունքները: Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ այն դպրոցները, որոնք օգտվել են գարնանային արձակուրդից, գարնանն այլեւս արձակուրդ չեն ունենա: Իսկ լրացուցիչ արձակուրդից օգտվողները, մասնավորապես` Երեւանի 23 դպրոցները, պետք է այն լրացնեն, օրինակ` 5-օրյա ռեժիմով դաս անողները 6-օրյա գան կամ ավել պարապմունքներ կազմակերպեն:

Հիշեցնենք, որ հիմք ընդունելով Հայաստանի մարզերից ստացված առաջարկությունները` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին, որում նշվում է, որ ՀՀ ԿԳՆ-ն չի առարկում, որ  սովորողների գարնանային արձակուրդները, անհրաժեշտության դեպքում, միացվեն  ձմեռային արձակուրդներին: ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նկատի ունենալով ձմռանը դպրոցների ջեռուցման կազմակերպման հետ կապված դժվարությունները՝ ուսումնական հաստատությունները կարող են արձակուրդները հունվարին երկարացնել եւս մեկ շաբաթով եւ բաց թողած դասաժամերը լրացնել լրացուցիչ պարապմունքների կազմակերպման միջոցով:

Հատկանշական է, որ առիթի դեպքում միշտ նշվում է, որ հանրապետության դպրոցները ջեռուցման խնդիրներ չունեն, սակայն այսօր բազմաթիվ դպրոցներ, ըստ էության, ցրտերի հետ կապված երկարաձգել են ձմեռային արձակուրդները:

 

News.am

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply