Ալիևները տարվա առաջին հարվածը ստացել են Գերմանիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2012 14:48

Գերմանական «Դեր Շպիգել» հանդեսն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչախմբի դիկտատորական իմիջը փոխելու համար ծախսվող փողերին: «Ազադլիգը» թարգմանաբար ներկայացրել է Ադրբեջանում քաղաքական ռեժիմին և նրան լոբբիստական ծառայություն մատուցողներին քննադատող հոդվածը:

«Ադրբեջանի ավտորիտար վարչակարգը ցանկանում է մինչև այս տարի անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթը բարելավել իր հեղինակությունը: Այդ գործում նրան օգնում են նաև գերմանացի քաղաքական գործիչները:

Գերմանիայի առաջին տիկին Բետինա Վուլֆը մասնակցել է Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված մշակութային միջոցառմանը, որ կազմակերպվել է Բեռլինում, Գերմանիայի պատմության թանգարանում: Ինչպես գնահատել են գերմանացի քաղաքագետները, միջոցառումը նաև քաղաքական ենթատեքստ է ունեցել: Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների գծով լիազոր Մարկուս Լյոնինգն այդ կապակցությամբ հայտարարել է, որ անձամբ ինքը չէր մասնակցի այդ միջոցառմանը, քանի որ Բաքվի ռեժիմը դրանով ցանկացել է լավացնել իր իմիջը, ինչի համար մեծ փողեր է ծախսում Գերմանիայում:

«Բաքուն իսկապես ունի իր իմիջը լավացնելու կարիք: Այդ վատ համբավի մասին տեղեկացրել է Amnesty International-ը` նշելով, որ Ադրբեջանում խեղդվում է խոսքի ազատությունը: «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը հայտնում է, որ 178 երկրների շարքում մամուլի ազատությամբ Ադրբեջանը զբաղեցնում է 152-րդ տեղը: Գերմանիայի ԱԳՆ-ի տեղեկագրում նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը խնդրահարույց է:

«Հեղինակությունը լավացնելու» արշավը Ադրբեջանը տանում է Գերմանիայում և այլ երկրներում առկա «փիառ» մասնագետների հետ միասին: Այդ գործում իրենց ֆինանսական ծառայությունները չեն խնայում Բաքվի իշխանությունն ու ազդեցիկ օլիգարխները: Ադրբեջանի վարչախմբի մարտավարությունը հենվում է փողի և գերմանացի քաղաքական գործիչների անհասկանալի պահվածքի վրա: Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մարինա Շուստերը գտնում է, որ Գերմանիայում Ադրբեջանի նման գործունեությունն արդեն հասել է «լկտիության վերին սահմանին»: Նրա կարծիքով` «նման լոբբիստական գործունեությունն անթույլատրելի է», -հայտնում է «Դեր Շպիգել» հանդեսը:

 

 

Panorama.am

Դիտվել է 696 անգամ:
Print Friendly

Leave a Reply