Ալժիրի վարչապետ. Թուրքերին խորհուրդ ենք տալիս մեր արյունն առեւտրի առարկա չդարձնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2012 8:43

Յուրաքանչյուր կողմ իր շահերը պաշտպանելու գործում ազատ է, սակայն ոչ ոք իրավունք չունի չարաշահել Ալժիրի ժողովրդի արյունը, հունվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսում խոսքն ուղղելով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանին` հայտարարել է Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահյան. «Մեր թուրք գործընկերներին խորհուրդ ենք տալիս մեր արյունն առեւտրի առարկա չդարձնել»:

Ահմեդ Օյահյան նշել է, որ Թուրքիան 1830 թվականին Ալժիրը գրավելուց երեք օր անց երկիրը հանձնել է ֆրանսացիներին եւ այնուհետեւ մինչեւ Ալժիրի անկախությունը՝ 1962 թվականը, ՄԱԿ-ում քննարկման դրված Ալժիրի շահերը պաշտպանող բոլոր բանաձեւերին դեմ է քվեարկել:

«Թուրքիան Ֆրանսիայի կողմից Ալժիրում կատարված բոլոր սպանություններում ինչ-որ կերպ դեր է ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Ֆրանսիան նույն կազմակերպության զինամթերքով է կռվել Ալժիրի ժողովրդի դեմ: Ալժիրցիները սպանվել են Թուրքիայի արտադրած փամփուշտներով»,- ասել է Ալժիրի Ազգային-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ահմեդ Օյահյան, հաղորդում է AFP-ն:

Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Ազգային ժողովում հայոց ցեղասպանության հերքման քրեականացման հաստատման դեմ որպես հակազդեցություն Ֆրանսիային մեղադրել էր Ալժիրի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործելու մեջ: Էրդողանը ասել էր, որ «ալժիրցիների 15 տոկոսը 1945-1962 թթ. սպանվել են ֆրանսիացիների կողմից եւ դա ինքնին ցեղասպանություն է»:

 

NEWS.am

 

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply