Հայրենական արտադրողների միություն. Թուրքիայի հետ սահմանի բացումը մարտահրավեր է տեղական արտադրողին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 22, 2009 16:08
Վազգեն Սաֆարյան

Վազգեն Սաֆարյան

Հայրենական արտադրողը պետք է օգտվի հայրենական հումքից. այս կարծիքն այսօր ասուլիսին հայտնեց Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` ի պատասխան «Անկախ»-ի հարցին, թե Թուրքիայի սահմանը բացելուց հետո չե՞ն  էժանանա արդյոք այն տեղական ապրանքները, որոնք Թուրքիայից ներկրված հումքից են պատրաստվում.

«Եթե մենք ունենք պղինձ և որոշակի արտադրական պրոցեսներից հետո կարող ենք արտադրել կաբել (մալուխ), ինչու՞ է հայկական շուկան լցված թուրքական կաբելներով»,- հարցնում է Սաֆարյանը:

Նախորդ տարի Թուրքիայից Հայաստան է ներկրվել 269մլն դոլարի ապրանք, իսկ արտահանվել է ընդամենը 1.8մլն դոլարի` հիմնականում չմշակված մորթեղեն և մետաղի ջարդոն: Արտահանում-ներմուծում հարաբերակցության այսպիսի անհամաչափ բաշխումը  մտայնության տեղիք է տալիս, որ սահմանի բացումից հետո Թուրքիայից ներմուծված ապրանքները կկլանեն հայկական շուկան, և տեղական արտադրությունը կկանգնի: «Դա այդպես չէ,- ասում է Սաֆարյանը,-դա պարզապես մարտահրավեր է տեղական արտադրողին, իսկ զարգացում արձանագրվում է միայն մրցակցության պարագայում»:

Սաֆարյանն ասում է, որ սահմանի բացման պարագայում կառավարությունը պետք է կանգնի հայրենական արտադրողի թիկունքին և նոր տնտեսական քաղաքականություն մշակի: «Դա պետք է ստիպի կառավարությանն ավելի լուրջ վերաբերվել տեղական բիզնեսին,- ասում է Սաֆարյանը,- մասնավորապես՝ կառավարությունը պետք է գնա էժան և երկար փողի քաղաքականության ճանապարհով` վարկավորելով տեղական արտադրությունը: Իսկ ներգրաված միջոցները կարող են լինել թե միջպետական և թե, օրինակ, ԱՄՀ-ից(Արժույթի միջազգային հիմնադրամ) ներգրաված վարկերը: Կոմերցիոն բանկերի տված տոկոսադրույքներով տեղական բիզնեսը չի կարող զարգանալ»:

Առկա տնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումները Սաֆարյանը գնահատում է բավարար. «սակայն անհասկանալի է, թե ինչու ներգրաված վարկերի մի զգալի բաժին ուղղվեց շինարարության ոլորտ, փոխանակ վարկավորվեր փոքր ու միջին բիզնեսը»:

Սաֆարյանն ասում է, որ արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է 20-22 տոկոս, մինչդեռ Սովետական տարիներին այն եղել է 60 տոկոս: «Պետք է գիտակցել, որ միայն արդյունաբերության զարգացմամբ Հայաստանը կարող է զարգանալ, ստեղծել աշխատատեղեր,- ասում է Սաֆարյանը,- իսկ դրա համար կառավարությունն  առևտրաշրջանառությունում պետք է մասնաբաժին ունենա և դրանից ստացված եկամուտներն ուղղի արդյունաբերական ոլորտի զարգացմանը»:

Դիտվել է 1894 անգամ:
Print Friendly

Leave a Reply