Հանրային խորհուրդը որոշեց դիմել ՀՀ նախագահին` համաներման առաջարկով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 10, 2009 14:55
untitled3

Վազգեն Մանուկյան

Երեկ Հանրային խորհրդի (ՀԽ) նիստում քննարկվեց համաներում հայտարարելու առաջարկով ՀՀ նախագահին դիմելու հարցը: Մինչ այդ կառույցի 12 հանձնաժողովները քննարկել և խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին էին ներկայացրել իրենց տեսակետերն այն մասին, թե ընդհանրապես արժե արդյոք համաներում իրականացնել, թե ոչ, և ում վրա պետք է այն տարածվի:

Ըստ ՀԽ Քաղաքացիական հասարակության հարցերի կայացման հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի` քվերակության արդյունքում 84 տոկոս կողմ և 16 տոկոս դեմ ձայներով ՀԽ-ն որոշեց դիմել նախագահին` համաներում հայտարարելու առաջարկով:

17

Հովհաննես Հովհաննիսյան

Հովհաննիսյանի կարծիքով` հանրապետության նախագահը հազիվ թե դեմ լինի ՀԽ որոշմանը, քանի որ այն ստեղծվել է նրա անմիջական նախաձեռնությամբ և ունենալով խորհրդատվական բնույթի գործառույթ`կապող օղակ է հասարակական կարծիքի և իշխանությունների միջև:

«Շուրջ 960 հկ-ների, միությունների և հիմնադրամների մոտ 1500 անդամները գրեթե միակարծություն են հայտնել համաներում հայտարարելու անհրաժեշտության վերաբերյալ»,- ասել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկվա նիստում:

Առաջարկի նախնական տարբերակով` համաներման պետք է արժանանան սոցիալապես անապահով ընտանիքների անդամները, 60 տարեկանից բարձր, իրենց խնամքի տակ անչափահաս երեխաներ ունեցող, դիտավորյալ, սակայն ոչ ծանր հանցանքներ կատարած, հայրենիքի պաշտպանությանը մասնակցած, 3-5 տարվա ազատազարկման դատապարտված անձինք: Համաներումը, նախնական նախագծով, չպետք է տարածվի կրկնահանցագործների, առանձնապես ծանր հանցագործություն կատարածների, ընտրակեղծիքներ իրականացրածների հանդեպ:

Ըստ Հովհաննիսյանի` 1-2 օրվա ընթացքում ՀԽ-ն վերջնական տեսքով այն կներկայացնի հանրապետության նախագահին:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply