Հայկական հաջողությունները պաշարման մեջ են պահում Թուրքիային շատ ավելի առաջ, քան ցեղասպանության հարյուրամյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 4, 2012 10:26

2011 թվականին Թուրքիայի ղեկավարները թույլ տվեցին լուրջ մարտավարական սխալ: Նրանց այնքան էր մտահոգել 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի գալիք ցունամին, որ անտեսել էին իրենց դիմագրավող ավելի անմիջական քաղաքական փոթորիկները:

 

Հայերն արագորեն օգտվեցին Թուրքիայի բացթողումից` կարողանալով հասնել մի շարք հաջողությունների. 1) Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ, 2) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց մի բանաձև, որը պահանջում է Թուրքիայից վերադարձնել հայկական եկեղեցիները և այլ կալվածները իրենց օրինական տերերին, 3) Իսրայելի խորհրդարանական հանձնաժողովը հանրային քննարկումներ սկսեց անցկացնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ և 4) ԱՄՆ Դաշնային դատարանը կարող է շուտով հեռակա վճիռ կայացնել ընդդեմ Թուրքիայի Հանրապետության:

 

Հակազդելով Ֆրանսիայի անդրդվելի նախագահին, ով չէր նահանջում վիրավորանքների ու սպառնալիքների առաջ, Թուրքիան սկսեց կուրորեն աջ ու ձախ հարվածել, ավելի խորացնելով իր խնդիրները և խոչընդոտելով իր` Եվրոպական Միության թեկնածությանը: Փարիզից հետ կանչելով իրենց դեսպանին` Թուրքիայի կառավարությունը իրեն զրկեց հմուտ մի դիվանագետի ծառայությունից` այնպիսի կարևոր մի ժամանակահատվածում, երբ Ֆրանսիայի սենատը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ: Դատելով նախկին փորձից` Թուրքիայի դեսպանը շուտով ետ կվերադառնա Փարիզ, որով իր թատերական հետկանչը կդարձնի փուջ գործելակերպ և կարժանանա դիվանագիտական համայնքի ծաղրանքին: Ետ կանչելով իր դեսպանին ամեն անգամ, երբ որևէ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը կամ ընդունում է Անկարայի ցանկություններին հակառակ որևէ որոշում` Թուրքիան պարզապես ինքն իրեն մեկուսացնում է արտաքին աշխարհից:

 

Թուրքիան իր շահերին էլ ավելի վնաս հասցրեց սպառնալով բոյկոտել «ոչ բարեկամ»համարվող երկրներից ներմուծված ապրանքները: Թուրքիան պարզապես վնասում է իր սեփական տնտեսութանը` գնելով այլ աղբյուրներից ցածրորակ ապրանքներ ավելի բարձր գնով: Ավելին, եթե Թուրքիան դադարի գնել բարձր տեխնոլոգիական ապրանքներ, ինչպիսիք են մարդատար ինքնաթիռներ և  արդիական հրթիռներ այն սակավաթիվ երկրներից, որոնք արտադրում են դրանք, ի վերջո Թուրքիան կունենա միայն հնացած օդային տրանսպորտային համակարգ, ինչպես նաև թույլ ռազմական ուժ: Այնուամենայնիվ, վերջին օրերին, Թուրքիայի ղեկավարությունը վախենալով հրաժարվեց ֆրանսիական ապրանքները բոյկոտ անելու իր ճոռոմ սպառնալիքներից, երբ հասկացավ, որ Առևտրի համաշխահրային կազմակերպությունը խիստ տույժեր կկիրառի Թուրքիայի նկատմամբ, եթե խախտի իր անդամակցության պայմանները:

 

Անդրադառնալով եկեղեցիները վերադարձնելու ԱՄՆ ներկայացուցիչների պալատի բանաձևին` Թուրքիայի կառավարությունը և նրա մեծածախս լոբբիստական ընկերությունները լրիվ անպատրաստ էին դիմակայելու նման զգայուն մի հարցի: Նրանք մեծ փորձառություն էին ձեռք բերել Հայոց ցեղասպանության բանաձևերը տապալելու հարցում, սակայն ոչ մի գաղափար չունեին, թե ինչպես պայքարեն այսպիսի օրինագծի դեմ, որով պահանջվում էր վերադարձնել եկեղեցիները և այլ կալվածները իրենց համապատասխան քրիստոնեական համայնքներին: Հետևաբար, բանաձևն ընդունվեց 43-1 ձայների հարաբերակցությամբ Պալատի արտաքին գործերի հանձնաժողովում և ամբողջ Պալատի ավելի քանի երկու երրորդ ձայներով: Առաջին անգամ ԱՄՆ կոնգրեսը պաշտոնապես հայտարարեց, որ պահանջում է, որ Թուրքիան վերականգնի ցեղասպանության զոհերի իրավունքները, և ոչ թե պարզապես ճանաչի Ցեղասպանությունը: Գալիք տարիներին և ամիսներին, հայերը կներկայացնեն իրենց պահանջների ամբողջական ցանկը միջազգային կազմակերպություններին, բազմաթիվ երկրների խորհրդարաններին, ինչպես նաև հենց Թուրքիայի կառավարությանը:

 

Երրորդ դրական զարգացումը տեղի ունեցավ Իսրայելում, երբ Կնեսետի Կրթության հարցերով հանձնաժողովը նախադեպը չունեցող երեք ժամ տևողությամբ հանրային լսումներ ունեցավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ` չնայած Թուրքիայի,  իր քծնող Ադրբեջանի և Նեթանյահուի կառավարության ճնշմանը: Հեռուստախցիկների առջև և ոչ թե փակ դռների ետևում կայացած այս քննարկումն ակնկալվում է, որ կշարուկակվի ավելի ուշ: Իսրայելի կառավարությանը պատիվ չի բերի, եթե շարունակի խափանել Հայոց ցեղասպանության ճանաչումը, հուսալով, որ նորից կշահի Թուրքիայի վստահությունը և զինակցությունը: Զանգվածային սպանություններ իրականացնողի հետ քաղաքական խաղեր խաղալու փոխարեն, նախընտրելի է, որ Նեթանյահուի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը հանուն իր իսկ հեղինակությանը:

 

Վերջին նպաստավոր զարգացումը ԱՄՆ դաշնային դատարանի կողմից Թուրքիայի կառավարության դեմ երկու հայցերով հավանական հեռակա վճիռ արձակելն է, որով պահանջվում է հատուցում վճարել Ցեղասպանության ժամանակ առգրավված հայկական կալվածների դիմաց: Նման վճիռը խիստ զգուշացում կլինի Թուրքիայի իշխանությունների համար առ այն, որ նրանք չեն կարող շարունակել վայելել ցեղասպանության զոհերի արյունոտ փողերից ստացված, անարդար վաստակած գումարները:

 

2015 թվականին սպասված հայկական ցունամիից դեռևս շատ առաջ, Թուրքիան շարունակաբար բախվում է ճնշումների, որոնք առնչվում են մարդու իրավունքների նկատմամբ ավելի մեծ հարգանքի, քրդերի ինքնիշխանության, ինչպես նաև հայկական ավելի խիստ պահանջների հետ, միևնույն ժամանակ ունենալով լուրջ խնդիրներ գրեթե իր բոլոր հարևանների հետ: Ներքին և արտաքին մեծ մարտահրավերներով ծանրաբեռնված թուրքական վարչակարգը նվազ վտանգ կսպառնա թե՛ իր բնակչությանը և թե՛ իր հարևաններին և ավելի հավանական է որ կլուծի անցյալի անարդարությունները և ներկայի հակամարտությունները:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

 

 

Դիտվել է 1654 անգամ:
Print Friendly

Leave a Reply