Առաջիկայում Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ ոլորտի առաջատարը՝ տարածաշրջանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 22, 2009 16:27

Էներգետիկ անվտանգության առումով Հայաստանը տարածաշրջանում առաջատար է. զիջում է միայն Իրանին, սակայն համաշխարհային մակարդակով Հայաստանն անվտանգության միջին մակարդակ ունեցող երկիր է. նման եզրակացություն է կատարել Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի նախագահի օգնական Արսեն Հովասափյանը` համադրելով 124 երկրների էներգետիկ անվտանգության ինդեքսը:

Ուսումնասիրության հիմքում ընկած են 14 չափորոշիչներ, ինչպես` տվյալ երկրում 1 մարդուն հասնող էներգոռեսուրսները, տնտեսությունում էներգոռեսուրսների ունեցած մասնաբաժինը և այլն:

Դիտարկվել է 1990-2005 թթ ընկած ժամանակահատվածը:

Էներգետիկ անվտանգության ինդեքսը, ըստ Հովասափյանի, ցույց է տալիս, թե էներգետիկ ոլորտը որքանով է անկախ, և կա արդյոք այլընտրանքային տարբերակ և այլն:

Հովասափյանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էներգետիկ առումով ամենաանվտանգ երկիրը ողջ աշխարհում Միացյալ Թագավորությունն է, իսկ ամենավտանգավորը, 2005-ի տվյալներով, Ղազախստանն է: Էներգետիկ առումով ամենավտանգավոր երկրների տասնյակում 2005-ին հայտնվել է նաև Ադրբեջանը:

«Էներգետիկ անվտանգության ինդեքսը ողջ աշխարհում գնալով նվազում է, եթե 1990-ին միջին ցուցանիշը 0,33 էր, ապա 2005-ին` 0,31»,- ասում է Հովասափյանը` հավելելով, որ հաճախ էներգոռեսուրսներով հարուստ երկրների էներգետիկ անվտանգության ինդեքսը ցածր է քիչ էներգոռեսուրսներ ունեցող երկրներից:

Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանն ասում է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա էներգետիկ անվտանգության ռազմավարություն, սակայն «Հայաստանում միայն վերջին տարիներին է էներգետիկ անվտանգության հարցը դարձել քննարկման առարկա»: Ըստ Մարկոսյանի` Կառավարությունը մի շարք ստրատեգիական միջոցառումներ է իրականացնելու` զարգացնելու էներգետիկական ոլորտը:

Հայաստանը, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի կարծիքով, կարող է դառնալ տարածաշրջանում առաջատար երկիր էներգետիկ ոլորտում: Աղանբեգյանն ասում է, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի և կարող է էլեկտրաէներգիա արտահանել հարևան Իրան, Թուրքիա, Վրաստան, նաև Իրաք, որոնք էներգոդեֆիցիտ ունեն: «Սակայն, նախևառաջ, Հայաստանը պետք է նվազեցնի արտադրական ծախսերը` առավելագույն շահույթ ստանալու համար»:

Աղանբեգյանն ասում է, որ ՀՀ տնտեսությունն ունի մոտ 10 ճյուղեր, որոնց զարգացումն անմիջապես առաջ կմղի տնտեսությունը. դրանց թվում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը, պղնձամոլիբդենային և քիմիական արտադրության ոլորտները, տուրիզմը և այլն: Այս շարքում, ըստ Աղանբեգյանի, իր կարևոր տեղն ունի էներգետիկայի ոլորոտը:

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply