Վահան Հովհաննիսյան. «Եթե այսպես շարունակվի, հերթը կհասնի նաև նախագահի հրաժարականը պահանջելուն»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 22, 2009 15:37

Անդրադառնալով հայ-թուրքական  արձանագրությանն ու «Դաշնակցություն» կուսակցության դիրքորոշմանը՝ այսօր հրավիրած ասուլիսում ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը  տեղեկացրեց, որ արձանագրության վերաբերյալ  տարբեր երկրների  փորձագիտական եզրակացություններում անգամ մտահոգություններ կան, որոնք պետք է բանակցությունների ընթացքում հաշվի առնվեն:

Նա «Անկախ»-ին հայտնեց, որ այդ  ուսումնասիրություններն արել են  միջազգային իրավունքի տարբեր կառույցների անկախ փորձագետները, որոնց մեջ  կան նաև սփյուռքահայեր.  «Մենք պատրաստվում ենք առաջիկայում հրապարակել այդ փորձագիտական եզրակացությունները»,-ասաց նա՝ շեշտելով, որ նման ուսումնասիրություններ, հավանաբար, կան նաև նախագահ Սարգսյանի ձեռքի տակ, ով ունի դրանք հայթայթելու իր աղբյուրները:

«Արձանագրությունների ստորագրման դեպքում շատ լուրջ փոփոխություններ տեղի կունենան մեր պատմության դասագրքերում, ինչը ես բնազդաբար զգում էի վաղուց»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա, Գերմանիայի և Լեհաստանի օրինակը բերելով, շեշտեց, որ երկու երկրներն այսօր լեզու են գտել, սակայն շարունակում են դասագրքերի հարցում կոշտ դիրքորոշում ունենալ և դասագրքերում բացեիբաց գրել այն բոլոր դեպքերի մասին, որոնք անցյալում տեղի են ունեցել:

«Հայկական դիվանագիտությունը խայտառակվել է,-կարծում է Հովհաննիսյանը,-ինչ ուզում ես այդ փաստաթղթի անունը դիր, միևնույն է, սա միջազգային պայմանագիր է` մեզ համար խոցելի, իսկ Թուրքիայի համար՝ ոչ: Թուրքիայի համար կարևորը իր շահերն են և ոչ թե արտաքին աշխարհի կարծիքը, մինչդեռ մենք ոգևորվում ենք, քանի դեռ մեզ ծափահարում են»:

Ըստ Հովհաննիսյանի՝ դիվանագիտական հարաբերությունները ենթադրում են պետականության ճանաչում և ոչ թե սահմանների ճշտում:

«Նույն Թուրքիան սահմանի խնդիրներ ունի Սիրիայի, Իրաքի հետ, սակայն միաժամանակ ունի դիվանագիտական հարաբերություններ այդ երկրների հետ,-նշեց նա,-Եվ եթե Հայաստանում ոմանց թվում է, թե այդ պրոտոկոլներով հարցը կլուծվի, ապա նրանք սխալվում են, քանի որ պրոտոկոլները թշնամանքի և շրջափակման շարունակությունն են»:

Այն հարցին, թե ինչու Դաշնակցությունը չի պահանջում նախագահի հրաժարականը, Հովհաննիսյանը պատասխանեց ասացվածքով. «Մեր խնդիրը պոպոք ուտելն է և ոչ թե պոպոքի պահակին ծեծելը»: Սակայն եթե էսպես շարունակվի, ապա հերթը դրան էլ կհասնի»:

Դիտվել է 1670 անգամ:
Print Friendly

Leave a Reply