Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կայանալիք «Հայ ֆեստ» փառատոնի ներկայացումների տոմսերը կարժենան 500-1000 դրամ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 22, 2009 14:51

Արթուր Ղուկասյան

Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կկայանա «Հայ ֆեստ» միջազգային 7-րդ փառատոնը: «Հայ ֆեստ-2009»-ին հանդես կգան 22 երկրներից  33 թատերական խմբեր` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Վրաստանից, Իրանից, Նիդերլանդներից, ինչպես նաև Հայաստանից և այլ երկրներից:

«Այս տարի նախորդ տարվա համեմատ «Հայ ֆեստն» ավելի փոքր է լինելու, բայց շքեղության իմաստով չի զիջելու անցյալին.  ծրագրին կմասնակցեն Հայաստանի «Միհր», «Տիկնիկային», «Կամերային» թատրոնները, «ՆՓԱԿ»-ը, «Թատերական գործիչների միությունը»,-ասում է «Հայ ֆեստ»-ի նախագահ Արթուր Ղուկասյանը:

Լինելու են նաև բացօթյա ներկայացումներ Շառլ Ազնավուրի հրապարակում, ցուցադրվելու են ավելի քան 50 ներկայացումներ 16 բեմահարթակներում, լինելու են դրամատիկական, երաժշտական, պարային ներկայացումներ, ինչպես նաև մատների թատրոն:

«Հենց փառատոնի առաջին օրը, օրինակ, կարճ` 10-րոպեանոց ներկայացում կլինի, և դրան կհաջորդեն մնացած թատրոնների ներկայացումները: Իմ կարծիքով՝ ամենալավը Ֆիլիպ Ժանտի և Կրեդո թատրոններն են»,-ավելացնում է Ղուկասյանը:

«Հայ ֆեստ» միջազգային 7-րդ փառատոնը կբացվի Բուլղարիայի Կրեդո թատրոնի «Շինել» ներկայացումով` ըստ Գոգոլի հայտնի վիպակի: Փառատոնին ներկա կլինեն հայտնի փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից` Նոյել Վիտս, Պիտ Բրուկս(Լոնդոնի Արվեստի Համալսարանի պրոֆեսորներ), Յանա Պրեկովա(Պրահայի Թատերանկարչության և Բեմանկարչության Կվադրիենալե) և այլոք:

Ըստ Ղուկասյանի` փառատոնի նպատակը Հայաստանում համաշխարհային մշակույթ ներկայացնելն է, որն էլ կբարձրացնի հայ կատարողական արվեստը:

Այս տարվա «Հայ ֆեստ»-ին աջակցել են ՀՀ նախագահը, Կառավարությունը, Մշակույթի նախարարությունը: Կառավարությունը հատկացրել է 35մլն դրամ. փառատոնի նախագահը դժգոհ է Քաղաքապետանի աջակցությունից, բայց գոհ է, որ աջակցել են գոնե Շեքսպիրյան փառատոնին:
«Փառատոնն օգնում է հայ հանդիստեսին ավելի արհեստավարժ դառնալ, ընդունել համաշխարհային նորամուծությունները թատրոնում»,-ասում է փառատոնի նախագահը:

Տոմսերը մատչելի են լինելու՝ 500 -1000 դրամ. լինելու են նաև անվճար ցուցադրություններ:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply