Այսօր առանց մեքենայի համաշխարհային օրն է՝ «Առանց աղմուկի, սթրեսի և մեքենաների աղտոտվածության»

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 22, 2009 14:33

Այսօր ողջ աշխարհում նշվում է առանց մեքենայի (CarFree) օրը: Այն աշխարհի մեծ քաղաքներում նշվող ամենամյա տոն է՝ «Առանց աղմուկի, սթրեսի և մեքենաների աղտոտվածության» նշանաբանով:

Սեպտեմբերի 22-ը մեծ քաղաքներում նշում են` ամենուրեք ցուցադրելով ու պրոպագանդելով մեքենային փոխարինող տրանսպորտի այլընտրանքային միջոցներ:

Առանց մեքենայի օրեր կազմակերպվել են նաև 1970-ականների նավթային ճգնաժամի ընթացքում, բայց  պաշտոնապես առաջին անգամ տոնվել է  1999թ. Եվրոպայում` ՄԱԿ-ի «Իմ քաղաքում` առանց մեքենայի» ծրագրի շրջանակում:

Հայաստանում ավտոտրանսպորտի արտանետումները կազմում են մայրաքաղաքի օդի աղտոտվածության 95%ը: Համեմատած հանրապետության այլ քաղաքների հետ` մայրաքաղաքում արտանետումներն անհամեմատ մեծ են:

Բնապահպանության նախարարության Հողերի և մթնոլորտի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Մարտիրոս Ծառուկյանն ասում է, որ օդի վիճակն ավելի վատ էր մինչև 2003 թ.: «2003-2004թ.-ից մայրաքաղաքում դիտվում է օդի աղտոտվածության նվազում, քանի որ մեքենաները մեծապես բենզինից անցել են գազի օգտագործման»,-բացատրում է Ծառուկյանը:

Բնապահպանության մասնագետները մշակել են ավտոտրանսպորտի արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագիր` կանգառների ճիշտ կազմակերպում, միակողմանի փողոցների համադրում, ստորգետնյա անցումների կառուցում:

Ծառուկյանը հորդորում է վարորդներին հետևել մեքենա վարելու կանոններին` ավելորդ արագացումներից խուսափել, կտրուկ արգելակումներ չանել, որպեսզի ոչ միայն վթարները, այլև ավելորդ արտանետումները նվազագույնի հասնեն:

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply