Չբացահայտվող հանցագործություններ չեն լինում (նաև՝ տեսանյութ)

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 31, 2011 20:21
Այո, չբացահայտվող հանցագործություններ չեն լինում: Պարզապես պետք է կամք, հետևողականություն, պրոֆեսիոնալիզմ, և հանցավոր հանգույցը կբացվի: Ինչպես որ բացվեց այս տարվա ապրիլի 27-ի ավազակային հարձակման դեպքը: Եվս մեկը` նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործություններից…
Ապրիլի 27-ին Երևանում կատարված հանցագործությունը մեծ հնչեղություն ստացավ:
Ժամը 10.40-ին ոստիկանության Երևան քաղաքի հերթապահ մասից Նոր Նորքի բաժին հաղորդում ստացվեց, որ Բուսաբանական այգու մոտ հարձակում է կատարվել Ոստիկանության զորքերի 1033 զորամասի անձնակազմի աշխատավարձերը տեղափոխող ավտոմեքենայի վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ զորամասի հաշվապահը, 93 միլիոն դրամ աշխատավարձը ստանալուց հետո, երկու զինծառայողների ուղեկցությամբ, նրանցից մեկի անձնական օգտագործման «ԳԱԶ 2410» մակնիշի մեքենայով, մեկնել է զորամաս: Ավանի Ծարավ աղբյուրի փողոցում նրանց մեքենային է բախվել հանդիպակաց երթևեկող «Մոսկվիչ» մակնիշի, առանց պետհամարանիշի մի ավտոմեքենա, որի վարորդը, իջնելով, զինվորականների օգնությունն է խնդրել` թե մեքենայի սրահում հրդեհ է բռնկվել: Նպատակը ծառայողների ուշադրությունը շեղելն էր: Նույն պահին մոտեցած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայից իջած, ատրճանակներով զինված երկու անձինք, օգտվելով խառնաշփոթից, զենքի սպառնալիքով փորձել էին հափշտակել գումարը, սակայն զինվորականներից մեկը նրանց վրա ուղղելով ինքնաձիգը` պահանջել էր ցած գցել ատրճանակները: Դիմադրության հանդիպելով` ավազակները դիմել էի փախուստի:
Այն ժամանակ հարուցվեց քրեական գործ, նախաքննություն սկսվեց, դեպքը հայտնվեց զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում, պտտվեց լուրերի ու բամբասանքների շրջանակում և… մնաց չբացահայտված:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի, Նոր Նորքի և Վաղարշապատի բաժինների ծառայողները, համատեղ միջոցառումների ընթացքում օպերատիվ տվյալներն իրացնելով, յոթամսյա վաղեմության հանցագործությունը կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 28-ին Արգավանդի խճուղուց բերման ենթարկեցին եղբայրներ Վարդան և Դավիթ Սարգսյաններին: Իրենց բնակության վայրերից բերման ենթարկվեցին Ռադիկ Հովակիմյանը որդիների` Ֆրիդոնի և Գևորգի հետ: Գևորգ Հովակիմյանը ոստիկանության զորքերի վերոհիշյալ զորամասի պայմանագրային զինծառայող է:
Դավիթ Սարգսյանի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերվել է իրեղեն ապացույց հանդիսացող «Վալտեր» տիպի պնեվմատիկ ատրճանակ, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն:
Վարդան և Դավիթ Սարգսյանները, Գևորգ և Ռադիկ Հովակիմյանները ձերբակալված են:
Ֆրիդոն Հովակիմյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 1358 անգամ:
Print Friendly

Leave a Reply