«Ամեն մի խաղաղ տարի մեզ համար Աստծո պարգև է»

Հարցազրույց | | December 30, 2011 12:53

Այս օրերին  դարձյալ ազգովի ևս մեկ տարի պատմության գիրկն ուղարկելու, անցնող տարին վերլուծելու գործին ենք լծված: Մինչ տիկնայք  ջանասիրաբար ամանորի ճոխ  սեղան ունենալու փնտրտուքի մեջ են, իշխանավորներն ու բազմազբաղ քաղաքական գործիչները, ավանդույթի համաձայն, ծանրութեթև են անում անցնող տարվա արածն ու չարածը և գալիք ընտրական տարվա պլաններ մշակում: Թեև տարին նոր է սկսվում, բայց  դժվար չէ կռահել մեր ազգընտիր պատգամավորների` Ձմեռ պապին ուղղված նամակ-խնդրանքի բովանդակությունը` կրկին պատգամավոր դառնալ:

Ինչևէ, անցնող տարին վերլուծենք Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան հետ:

– Պրն Մանուկյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին Ձեզ համար և երկրի համար: Ի՞նչ շահեցինք ու ի՞նչ կորցրեցինք:

–                   Մեր ընտանիքի համար վատ տարի չէր: Առանձնապես չէր տարբերվում մյուս տարիներից: Ինչ վերաբերում է երկրին, լավ էր, որ պատերազմ չեղավ, որովհետև ամեն մի խաղաղ տարի մեզ համար  Աստծո պարգև է: Որոշ դրական փոփոխություններ նկատել եմ, այնուամենայնիվ, մենք տնտեսական խոր ճգնաժամ ենք ապրում, որն ազդում է մարդկանց վրա, նպաստում արտագաղթին, որը սարսափելի է մեր  փոքր երկրի համար: Չնայած այդ աստիճան մեծ չէ, ինչպես հաճախ  ներկայացվում է մամուլում, բայց դա առկա է: Իսկ եկող տարվանից, անկեղծ ասած, լավ բան եմ սպասում:

–              Անգամ եթե տարին ընտրակա՞ն  է:

–              Ընտրությունները միշտ  էլ լարվածություն են առաջացնում, բայց ԱԺ-ի ընտրությունները երբեք երկրի ներսում մեծ փորձություններ չեն բերում: Թեև մեծ պայքար է գնում, բայց ոչ ավելին, քան նախագահականն է ենթադրում, երբ երկու-երեք թեկնածու են պայքարում: Հայաստանի բոլոր կետերում պայքար է մղվում, երբեմն, ցավոք սրտի, ոչ մաքուր: Հուսանք, որ նոր Ազգային ժողովն ավելի լավ կազմ կունենա, քան նախորդն էր: Ավելի մաքուր, ավելի պրոֆեսիոնալ:

–              Շահերի բախումներ, ըստ էության, առկա են ամենուր, նաև մեր ներքաղաքական զարգացումներում: Այդ առճակատումները, Ձեր համոզմամբ, ի՞նչ  հետևանքներ կունենան գալիք ընտրություններում:

–                 Շահերի բախում միշտ լինում է, ողջ աշխարհում: Որ հաճախ փաստում ենք, թե միասնական ժողովուրդ ենք, չի նշանակում, որ շահերի բախում չպետք է լինի: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս քաղաքակիրթ, օրինական խողովակի մեջ մտցնես, որովհետև երբեք չես կարող խուսափել այդ բախումից, երբ աշխատավորի և գործատուի, արտահանողի և ներկրողի հակասություն կա: Այն առկա է աշխարհի բոլոր երկրներում, բայց կա նաև մի միացնող կաղապար, որը հայերիս մեջ էլ կա: Բայց մեր ցավն այն է, որ երբեմն այդ շահերի պայքարն անօրինականության է հանգեցնում: Դրա դեմ արդեն պետությունը պետք է պայքարի: Այդ դերը պետությունն այսօր այնքան էլ լավ չի կատարում:

–              Համահայկական մի  կարևոր խնդիր նաև ունենք` չափազանց պատասխանատու: ԼՂ կարգավիճակի հարցը, որը թվում էր, թե արցախցին մեկընդմիշտ լուծել է իրեն պարտադրված պատերազմով: Բայց արի ու տես, որ դիվանագիտությունը մեզ այլ քայլեր է պարտադրում, որի սայլն արդեն 18 տարի է, ինչ տեղից չի շարժվում, թեև ասում են, որ ժամանակը մեր օգտին է գործում: Դեռ որքա՞ն պիտի սպասենք, ի՞նչ լուծում եք տեսնում:

–              Գիտե՞ք, խնդիրն ինչ-որ տեսանկյունից լուծված է: Ղարաբաղը չի կարող բանակցությունների միջոցով կորցնել իր անկախությունը և մտնել Ադրբեջանի կազմի մեջ: Ադրբեջանը կհամաձայնի՞ Ղարաբաղի անկախությանը, եթե այո, ապա լուրջ բանակցություններ կսկսվեն փախստականների, սահմանների հստակեցման վերաբերյալ: Բայց այդ բանակցությունները շատ հեռու են, որովհետև, եթե Ղարաբաղն իրեն պարտադրված պատերազմում արդեն հաղթել է, և հիմա նոր սերունդ է այնտեղ ապրում, որն ի ծնե արդեն սովոր է անկախությանը, ո՞վ պետք է ստորագրի մի փաստաթուղթ, որով կորցնեն այդ անկախությունը: Դա անհնար է: Նաև խելքին մոտ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կընտելանա Ղարաբաղը իրենցը չլինելու մտքի հետ: Դա նշանակում է, որ մոտ ժամանակներում որևէ քաղաքական լուծում չի լինելու: Հետևաբար, Ադրբեջանը, դա շատ լավ գիտակցելով, շարունակ պատերազմի մասին է խոսում: Բայց պատերազմելու համար շատ մեծ ուժեր են պետք, որովհետև  հարձակվող կողմը երեք անգամ ավելի մեծ ուժ պիտի ունենա, որն Ադրբեջանը ոչ միայն այսօր, այլև մոտ ժամանակներս  էլ չի ունենա: Ուստի մրցակցությունն արդեն տնտեսության ոլորտ կտեղափոխվի: Գուցե  տասնյակ տարիներ պահանջվեն, բայց միայն տնտեսապես զարգացած երկիրը  կկարողանա քաղաքական մեծ դիվիդենտներ ստանալ, ողջ աշխարհում ընկալելի լինել և վերջնականապես ինչ-որ իմաստով խնդիր լուծել:

–                Տարեվերջն ամփոփիչ եզրագիծ է բոլորի համար: Անշուշտ, իր արածն ու չարածն ամփոփելու փորձ կանի նաև Հանրային խորհուրդը, որի կենսագրությունը, եթե չեմ սխալվում, սկսվել է 2009-ից: Ընդհանուր առմամբ, ի՞նչ գցեցիք մաղին:

–              Հանրային խորհուրդը մի նոր ինստիտուտ է, որը ստեղծվեց 2009-ին: Մինչ անկախությունը մենք ունեցել ենք դաշնակցական և կոմունիստական կառավարություններ, մի քիչ կեղծ Գերագույն խորհուրդ, բայց երբ անկախացանք, կրկին կառավարություն և բավական լուրջ խորհրդարան ունեցանք, բայց ոչ  Հանրային խորհուրդ: Խոսքը կատարելագործման մասին է: Հայաստանում Հանրային խորհուրդ  գոյություն չի ունեցել: Եվ սկզբում թվում էր, թե դա շինծու մի բան է, ստեղծվել է իրավիճակի թելադրանքով, ոչ թե մտածված: Պարզվեց, որ աշխարհի 60 երկիր ունի այդ կառույցը, ընդ որում, ինչպես եվրոպական  զարգացած երկրներ Ֆրանսիան, Իսպանիան, Հունաստանը, Իտալիան, այնպես էլ լատինաամերիկյան, աֆրիկյան շատ երկրներ: Անգամ ոչ այնքան  ժողովրդավար երկրներ, ինչպիսին, օրինակ, Չինաստանն է: Հանրային խորհուրդ կա նաև Ռուսաստանում: Պարզվեց, որ դա շատ կարևոր ինստիտուտ է, որը բնորոշ է ցանկացած զարգացող պետությանը, որում ժողովրդավարության,  հասարակայնության շահերի ամենօրյա պայքարի ձգտում կա: Այն մի մշտական խողովակ է թե° իշխանություն-հասարակություն երկխոսության,  թե° հարցեր լուծելու համար:

–              Եվ  դա հաջողվո՞ւմ է:

–              Ինչքան էլ երբեմն հպարտանում ենք մեր աշխատանքով կամ երբեմն թերահավատ ենք, միևնույնն է, երկու տարվա ընթացքում ինստիտուտը լրիվ կայանալ չէր կարող: Բայց մենք արդեն գիտենք, թե ինչ է պետք անենք ապագայում:

–              Որքանո՞վ կառույցը նպաստեց երկրի ժողովրդավարացմանը:

–              Ինչպես մի ծիծեռնակով գարուն չի գալիս, այնպես  էլ միայն Հանրային խորհրդով ժողովրդավարություն չի գա: Խորհուրդը նպաստում է ժողովրդավարությանը: Նախ և առաջ բազմաթիվ օրենքներ  պետք է ընդունել, որպեսզի այդ ինստիտուտը  ոչ թե անձնական հարաբերությունների և հեղինակությունների վրա  հիմնվի, այլ օրենքների: Դրա պակասը կա: Մենք իշխանություններին փաթեթ պետք է ներկայացնենք, թե ինչպիսի օրենքներ պիտի ընդունեք հետագայում, որպեսզի այդ ինստիտուտը կայանա: Կարծում եմ` շատ բան ենք արել: Ինչ-որ մարդիկ, ավելին սպասելով, հիասթափվում են, մի մասն էլ, ընդհակառակը, ոչինչ չսպասելով, ոգևորվում է:

– Օրինակ կարո՞ղ եք բերել:

– Դժվար է բազմաթիվ փաստերից մի քանիսն առանձնացնել: Օրինակ` կան ստրատեգիական ոլորտներ, ինչպիսին է գյուղատնտեսությունը, մենք աշխատում ենք 10-20 տարվա կտրվածքով: Կառավարություն-ՀԽ  հարաբերությունները հիմա այնպիսին են, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացման հետագա նախագծերը կազմելիս կառավարությունն իր նիստով չի փորձի հարց լուծել առանց ՀԽ-ի կարծիքի: Ոլորտի 10-20 տարվա ստրատեգիական ուղղությունը միասին ենք որոշելու: Միասնական քննարկման բազմաթիվ հարցեր կան, ինչպիսիք օդաչուների, Դալմայի այգիների խնդիրներն են, որոնք ամենօրյա քննարկման հարցեր են: Համաներման հարցը նախագահի կողմից նույնպես ՀԽ-ին տրվեց, մեր կարծիքը հայտնեցինք, որը կարևոր էր` ելնելով մարտի 1-ի դեպքերից:

– Շնորհակալություն, պրն Մանուկյան: Առջևում Ամանոր է, այն Ձեզ համար ի՞նչ խորհուրդ ունի, և Ձեր ամանորյա բարեմաղթանքը երկրին ու ժողովրդին:

–              Ես սիրում եմ այդ օրը, կարծում եմ` բոլորն են սիրում ու սպասում: Միշտ սպասումն ավելի մեծ է լինում, քան իրականությունն է: Հաճելի օր է, որը բարեկամների, ընկերների հետ ես անցկացնում: Եվ լավն այն է, որ վերջին տարիներին մենք կամաց-կամաց հեռանում ենք այն ձևական սովորությունից, որ բոլորը բոլորի տուն պիտի գնան: Հատկապես` պաշտոնյաների: Հիմնականում հիմա շատ մտերիմ մարդիկ են իրար այցելում: Հայերին նախ և առաջ լավատեսություն կցանկանամ: Գիտեք, կյանքը կարող է տասնյակ տարիներ էլ դժվար լինել, շատ երկրներ, այդ  թվում նաև մենք, բազմաթիվ դժվարությունների միջով ենք  անցել, բայց եթե կորցնում ես ապագայի նկատմամբ հավատը, ոչնչի չես հասնում: Բավականին հիասթափություն եմ տեսնում մեր ժողովրդի մեջ,  բազմաթիվ ուժեր էլ ներսից ու դրսից ուզում են խորացնել այդ հիասթափությունը` իրենց շահերից ելնելով: Շատ վտանգավոր է, եթե տրվենք այդ տրամադրություններին: Այնուամենայնիվ, պետք է հիշենք, թե ինչ հաղթանակներ ենք ունեցել: Դարեր շարունակ երազել ենք անկախ պետություն ունենալ: Աշխարհում 5000 էթնոս կա, որոնք ուզում են անկախ պետություն լինել, բայց երկրագնդի վրա միայն 200 պետություն կա, որոնցից մեկը մենք ենք: Վերջին հարյուրամյակների ընթացքում շարունակ կորուստներ ենք ունեցել: Ղարաբաղը Մեծ Հայքի, Հայաստանի վերջին հատվածն էր, որը բնակեցված էր բնիկ հայերով: Եվ մենք կարողացանք այդ վերջին բեկորը փրկել կործանումից:  Եվ դա մեծ հպարտություն պիտի լինի: Պետք է թևերը քշտած պայքարել մեր պետության ապագայի համար:

–              Միանգամայն համաձայն եմ, պիտի հաղթանակը սիրես, որ նոր հաղթանակներ ունենաս: Հաճախ ենք բարձրաձայնում. միայն խաղաղություն լինի, ամեն ինչ լավ կլինի, բայց աղքատության ցուցանիշը  դեռ բարձր է: Եթե նախկինում ժողովրդի սոցիալական վատ վիճակը պատճառ ուներ` երկրաշարժ, պատերազմ, հիմա էլ տնտեսական ճգնաժամով ենք փորձում ժողովրդի բերանը փակել: Բա, ինչո՞ւ այդ նույն ճգնաժամը չի սպառնում  նաև մեր ՙհարուստ խավին՚:

–              Ողջ աշխարհում է տնտեսական ճգնաժամ: Պատահական չէ, որ ԱՄՆ-ի պես զարգացած պետությունում ժողովուրդը հարուստների, բանկերի դեմ է դուրս գալիս: Ճիշտ պայքար է: Նույն իրավիճակն է նաև եվրոպական պետություններում: Մեզ մոտ էլ պետք  է պայքարեն: Ամեն ինչ սկսվում է ընտրություններից: Եթե մարդիկ գնում են ու իրենց ձայնը ծախում կամ այնքան հիասթափված են, որ նույնիսկ ընտրության չեն գնում, թող իրենցից բողոքեն: Ոչ մի երկրի ի վերուստ ոչինչ չի տրվել: Ցանկացած ժողովուրդ  իր շահերի համար  ներքևից պայքարելով է հասել  իր նպատակին:

Զրույցը վարեց Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆԸ

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply