Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունը մտնում է ԱԺ քննարկման

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 22, 2009 13:32

Հանրապետական կուսակցության(ՀՀԿ) մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ ՀՀԿ-ն միշտ կողմակից է եղել առանց նախապայմանների (առանց Ցեղասպանության և ԼՂՀ հարցի շահարկման) Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն:

«Անհասկանալի է Լևոն Տեր-Պետրոսյանի այժմյան դիրքորոշումն այն դեպքում, երբ 1990-ականներին նա դեմ է արտահայտվել Ցեղասպանության խնդիրն անկախության հռչակագրի մեջ մտցնելուն,- ասաց Շարմազանովը՝ մասնավորեցնելով միջկառավարական հանձնաժողովի էությունը.  «այն ոչ թե պատմաբանների փաստահավաք խումբ է, այլ  հանձնաժողովի, որի ստեղծումը ենթադրում է 7 ենթահանձնաժոովների ստեղծում»:

Շարմազանովի խոսքով` Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «BBC»-ին տված վերջին հարցազրույցում էլ ասել է, որ Ցեղասպանության հարցը փոխզիջման առարկա լինել չի կարող, և մեզ ամեն գնով սահմանի բացում անհրաժեշտ չէ:

Շարմազանովի  խոսքով`տրամաբանական չէ Դաշնակցության առաջարկը, թե արձանագրության մեջ պետք է ներառվեն բառացիորեն նախապայմաններից զերծ մնալու կետեր: Ըստ նրա`պետք չէ ենթատեքստեր փնտրել այնտեղ, ուր կարիք չկա նման բան անելու:

Շարմազանովն «Անկախ»-ին ասաց, որ լավ կլիներ`Րաֆֆի Հովհաննիսյանը պահպաներ իր պատգամնավորական մանդատը և ոչ թե նամակներով դիմեր այս կամ այն քաղաքական ուժին:

«Հիմա արդեն չգիտենք էլ` ժառանգությունն ով է, ով չէ: Մենք ասել և ասում ենք, որ պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցել»,- ասաց նա:

Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հայ-թուրքական նախաստորագրված արձանագարությունը կքննարկվի Անվտանգության խորհրդում և Ազգային ժողովում:

Շարմազանովը չբացառեց, որ Թուրքիան կարող է ձգձգել արձանագրության վավերացումը,  բայց և ասաց, որ համոզված է`այդ դեպքում Թուրքիան արտաքին ճնշումների կենթարկվի:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply