Որտե՞ղ եւ ինչպե՞ս են դիմավորում Ամանորը հայ աստղերը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 30, 2011 1:20

2011թվականը Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչների համար ավելի շատ ձեռքբերումների, քան բացթողումների տարի է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին իրենք` աստղերը եւ որոշ մանրամասներ պատմեցին, թե ինչպես են իրենք դիմավորում Նոր տարին:

Օրինակ,  2011թ-ը երգչուհի Նառայի համար ձեռքբերումների տարի է եղել: «Ձեռքբերումներս շատ են, տղաս ամուսնացավ, նոր բնակարան տեղափոխվեցի, նոր մեքենա գնեցի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգչուհին:

Ինչ վերաբերում է բացթողումներին, նա ասաց. «Մի քիչ երգարվեստից, սիրած գործից հետ մնացի, որովհետեւ ավելի շատ ընտանեկան արարողություններն էի կարեւորում»: Ի դեպ, Նառան վերջին 4-5 տարիների ընթացքում, 2012թ-ին առաջին անգամ պետք է Նոր տարին անցկացնի Հայաստանում` ընտանիքի հետ: «Կցանկանամ, որ առաջին հերթին բոլորը լինեն առողջ,  հաջողակ, սիրված, սիրեն, ունենան իրենց առջեւ լուրջ նպատակներ ու իրականություն դարձնեն դրանք»:

Երգիչ Անդրեն եւս 2011թ-ին բացթողումներ չառանձնացրեց, նշելով. «Այս տարի բացթողում չեմ ունեցել: Հակառակը, դեռ մի բան էլ սպասվածից ավելիին եմ հասել: Բացի երգի ասպարեզից  2011թ-ի ընթացքում ձեռքբերում եմ համարում նաեւ իմ ջինսային բրենդի ստեղծումը, որն արդեն եւ Հայաստանում է  վաճառվում, եւ ԱՄՆ-ում: Իսկ երգերի առումով նոր ձայնասկավառակս եմ ձայնագրել, նկարահանել եմ 4 տեսահոլովակ, որը շատ կարեւոր է յուրաքանչյուր երգչի համար»:

Ինչ վերաբերում է ընտանիքում ավանդույթ դարձած ամանորյա ավանդույթին, Անդրեն անկեղծացավ. «Արդեն երկու տարի է, որ ես այդ օրը հրաժարվում եմ բոլոր կարգի միջոցառումներից, որպեսզի կարողանամ ընտանիքիս հետ դիմավորել Նոր տարին: Որպես ամանորյա ուտեստ, ես կառանձնացնեի հնդկահավը, որը միշտ անպակաս է մեր սեղանից: Ի դեպ, այս տարի քույրիկս մեզ հետ չի լինելու, քանի որ 2011թ-ին ամուսնացավ եւ ամուսնու հետ մեկնել է Մոսկվա»:

Անդրեն բարեմաղթանքներից եւս զերծ չմնաց. «Ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցներին ցանկանում եմ միասնականություն: Ցանկանում եմ, որ բոլորի ընտանիքներում միշտ ապրի սերը եւ բոլորս լինենք առողջ:  Ես կարծում եմ, որ եթե ունենք առողջություն, մնացածին ինքներս կարող ենք հասնել, թեկուզ դժվարությամբ, բայց  կարող ենք ստեղծել»:

Իսկ ահա երգչուհի Աիդա Սարգսյանն Ամանորը ընտանիքի հետ միասին դիմավորելու է Արաբական միացյալ էմիրություններում, քանի որ այնտեղից հրավեր է ստացել: 2011թ-ին երգչուհու խոսքով, իր կյանքում արտառոց փոփոխություններ չեն եղել: Նա նշեց, որ վերջին երկու տարում է, որ Ամանորը դիմավորում է իր նորաստեղծ ընտանիքի հետ, իսկ մինչ այդ միշտ հյուրախաղերի է եղել: 2011-ին գործնական առումով այնքան էլ ակտիվ չի եղել, քանի որ բալիկին մենակ չի կարող թողնել:

Երգչուհի Արմինկան եւս դժվարացավ բացթողումներ առանձնացնել 2011թ-ի ընթացքում հիմնավորելով.«Բացթողումներ կդժվարանամ հիշել, քանի որ բավականին բեղմնավոր ու արդյունավետ տարի է եղել գործական առումով: Տարվա ընթացքում թողարկել եմ 2 տեսահոլովակ եւ նոր ձայնասկավառակ: Ունեցել եմ բազմաթիվ հյուրախաղեր արտերկրում: Այսինքն` ստեղծագործական առումով տարին եղել է բավականին բեղմնավոր: Դրա համար երերի թե բացթողումներ 2011թ-ի ընթացքում չեմ կարող առանձնացնել, քանի որ հասցրել եմ ավելի շատ բան անել, քան  կարող էի: Ինչը 2012թ-ի ընթացքում ցանկանում եմ նաեւ բոլորին: Շնորհավորում եմ, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս ապրող հայերի Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը:Մաղթում եմ, որ միասնական լինենք, լինենք ուժեղ: Թող ձմեռ պապիկը մեզ բերի ավելի շատ ուժ, ավելի շատ միաբան լինելու ունակություն, սեր եւ թող մեր երկիրը լինի միշտ խաղաղ եւ երեխաները ապրեն խաղաղ, անամպ երկնքի տակ: Ինչպես նաեւ լինի բարօրություն եւ բարեկեցություն բոլորի կյանքում ու բոլորի ընտանիքներում»: Արմինկայի խոսքով, իրենց ընտանիքում տոնի հետ կապված սովորույթ դարձած ավանդույթ չկա, քանի որ ամեն տարի իրենց ընտանիքում էքսպրոմտ է լինում, թե ինչպես նշել, ուր նշել կամ ում հետ  նշել Նոր տարին: «Կարեւորը որտեղ էլ, որ լինենք ժամը 12-ին պարտադիր լինենք միասին: Իհարկե, այն դեպքում, եթե ես աշխատանքի մեջ չեմ: Ես էլ իմ հերթին աշխատում եմ այնպես անել, որ գոնե 12 դիմավորեմ ընտանիքս անդամների հետ տանը, հետո նոր անցնեմ գործերիս: Օրինակ, 2012 ընտանիքով անցկացնելու ենք արտերկրում մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններում` Դուբայում: Իսկ պատճառը այն է, որ երկիրը մոտ է, քանի որ արդեն երեխայի հետ ենք մեկնում: Իսկ, ամենակարեւորն այն է, որ Դուբայում շատ տաք է: Անկեղծ ասած ես ցանկանում էի  2012թ-ը Եվրոպայում անցկացնել, բաց նաեւ չեմ ցանկանում Ալեքսին շատ տանջել եւ մրսեցնել»:

Արամեն Ամանորի մասին իր խոսքն սկսեց բարեմաղթանքներով. «Ինչպես ամեն տարի այս տարի եւս ցանկանում եմ, որ բոլորը լինեն առողջ, Նոր տարին դիմավորեն ընտանիքի բոլոր անդամներով, առանց պակաս մարդկանց: Բոլորի երազանքները իրականացում եմ մաղթում, բոլոր հայ ընտանիքներից միշտ  հնչի լավ ուրախ երաժշտություն եւ միշտ ու ամենուր  լինեն ժպիտներ:Ինչպես նաեւ լիքը լավ, լավ բաներ»: Արամեն նաեւ նշեց, որ Նոր տարին դիմավորելու է տանը, ընտանիքի անդամների հետ միասին: «Նոր Տարին անցկացնելու եմ տանը, քանի որ Նոր տարին ընտանեկան տոն է: Այս տարի ամեն, ինչ արեցի, որ տանը լինեմ եւ տարին սկսեմ իմ ընտանիքի հետ»,-նկատեց Արամեն:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

 

NEWS.am

 

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply