Ոստիկանապետը շնորհավորում է Ամանորն ու խոստումներ տալիս

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 29, 2011 20:35

Մոտենում է 2012 թվականը: Հնի ու նորի սահմանագծին ենք և նորացած ու նորոգված պիտի մտնենք Նոր տարի: Ասված է` նոր գինին նոր տիկերի մեջ պահեք, հին գինին` հին տիկերի…
Ուրախալի է, որ այդ նորի առաջին ծիլերն արդեն երևում են թե՛ ոստիկանության աշխատանքի կազմակերպման, թե՛, որ ամենակարևորն է, ոստիկանների հոգեկեցվածքի ու իրենց առաքելության հանդեպ վերաբերմունքի մեջ: Առավել ուրախալի է, որ հասարակությունը գնահատում է բարենորոգման այս ընթացքն ու համարժեք արձագանքում ամեն նորին ու լավին, որ այսօր նախաձեռնում է ոստիկանությունը:
Շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին, որ սկսել է հավատալ և ակնկալիք ունի ոստիկանությունից: Վստահեցնում եմ, որ հուսախաբ չենք անի աստիճանաբար հասունացող ձեր հավատը:
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության անձնակազմի այն նվիրյալներին, ովքեր կարճ ժամանակահատվածում ընկալեցին նոր մոտեցումներն ու կարողացան բեկում մտցնել ինչպես իրենց հոգիներում, այնպես էլ` գործի մեջ:
Սա դեռ սկիզբն է: Գալիք տարում շատ ավելին ենք անելու` ամրապնդելով ու խորացնելով նորոգման այս ընթացքը:
Մենք հապաղելու ժամանակ չունենք: Ուրեմն համախմբենք մեր ուժերը, կարճ ժամանակում ունենանք նոր ոստիկանություն, որովհետև ինչպիսին ոստիկանությունն է, այնպիսին էլ կլինի մեր երկրի ու զավակների ապագան:
Հավատա՛նք, արժանի՛ լինենք մեր մարդասեր առաքելությանը, մե՛ր մեջ կառուցենք Խղճի ու Օրենքի Տաճարը, և ամեն բան Արդարությամբ կլինի:
Շնորհավոր Սուրբ Ծնունդ:
Շնորհավոր Տիրոջ Սուրբ Ծննդյամբ պայծառացող Ամանոր:
Աստված ձեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ

 

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply