Հունաստանում ՀՀ դեսպանությունում հայ գրապտության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 29, 2011 19:51


Դեկտեմբերի 28-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ հայ գրատպության 500-ամյակի նախատոնական միջոցառում, որտեղ ցուցադրվեցին հունահայ արվեստաբան, թարգմանիչ պարոն Հակոբ Ջելալյանի հավաքածուից հայերեն հնատիպ գրքերի, ինչպես նաեւ Հայաստանին առնչվող հայ եւ օտար հեղինակների վիմանկարների 17-19-րդ դարերի բացառիկ նմուշներ:

ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր ելույթում ներկայացրեց հայ գրատպության պատմությունը, խոսեց Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման եւ 2012 թվականին ամբողջ աշխարհում Հայ գրատպության 500-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումների մասին: ՀՀ դեսպանը հունահայ համայնքի ներկայացուցիչներին հանձնեց Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների կողմից Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ շնորհված պարգեւները:

Պարոն Հակոբ Ջելալյանը պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեյի ներկայացուցիչ Գեւորգ Քոլանյանին հանձնվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալը, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի մասնաճյուղի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը եւ պրն Հայկ Զաքյանը պարգեւատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: ՀՀ սփյուռքի նախարարության պատվորգրեր հանձնվեցին «Արմենիկա» հանդեսի խմբագիր Մայք Չիլինգիրյանին, հայ-հունական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Հովսեփ Քասեսյանին եւ պարոն Սերգո Գույումջյանին:

Պաշտոնական արարողությանը հետեւեց գեղարվեստական մաս:

Ցուցահանդեսը բաց է այցելության համար մինչեւ հունվարի 13-ը:

 

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply