Արդյունքներն ամփոփվեցին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 29, 2011 12:27
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվել են ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» եւ «Լավագույն գյուղական մարզական համայնք» 2011թ. հանրապետական ստուգատեսների արդյունքները: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը տեղեկացրել է, որ հանրապետական ստուգատեսներին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ բոլոր մարզերը եւ Երեւան քաղաքը:
Ամփոփելով տվյալները` 2011 թվականի «Լավագույն քաղաքային մարզական համայնք» է ճանաչվել Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքը: Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար բաշխվել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի եւ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի միջեւ: «Լավագույն գյուղական մարզական համայնք» է ճանաչվել Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղական համայնքը: Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղական համայնքը ճանաչվել է 2-րդը, իսկ 3-րդը` Կոտայքի մարզի Բջնի գյուղական համայնքն է եղել: «Լավագույն մարզական բակ» ստուգատեսի մրցանակային տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ՝
1-ին տեղ` Լոռիի մարզի Սպիտակ քաղաքային համայնքի «Հյուսիս-արեմտյան թաղամասի» բակ
2-րդ տեղ` Սյունիքի մարզի Քաջարան քաղաքային համայնքի Տերյան փողոցի թիվ 1, 2, 3, եւ 4 շենքերի հարակից բակ
3-րդ տեղ` Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան զանգվածի, Կուրղինյան նրբանցքի 2-րդ շենքի բակ:
Բոլոր հաղթողներն արժանացել են դրամական պարգեւավճարների: Միջոցառման շրջանակներում ամփոփվել են նաեւ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում անցկացված մարզական փառատոնի արդյունքները: Փառատոնի նպատակն է` ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասսայականացում Հայաստանի Հանրապետության մարզերում եւ ԼՂՀ-ում, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացում: Փառատոնն անցկացվել է ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում մայիսի-սեպտեմբեր ամիսներին: 2010թվականին փառատոնին մասնակցել են՝ 23383 մարդ, իսկ 2011թվականին՝ 24495 մարդ։ 2011թ. տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ`
1-ին տեղ՝ Լոռիի մարզի Վանաձոր քաղաքային համայնք
2-րդ տեղ՝ Տավուշի մարզի Իջեւան քաղաքային համայնք
3-րդ տեղ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքային համայնք
Միջոցառման շրջանակներում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի շնորհակալագրերով պարգեւատրվել են նաեւ փառատոնը լավագույն ձեւով կազմակերպած 8 քաղաքային եւ գյուղական համայնքները: Դրանք են՝ Արագածոտնի մարզի Թալին, Արմավիրի մարզի Էջմիածին, Սյունիքի մարզի Սիսիան, Արարատի մարզի Արարատ, Կոտայքի մարզի Նոր Հաճն, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքային համայնքներն ու Շիրակի մարզի Ամասիա, Լոռիի մարզի Գուգարք գյուղական համայնքները:






Facebook
Tweet This
Email This Post
