Իլհամ Ալիևի հոբելյանը և ադրբեջանցի պատմաբանների հերթական «նվերը»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | December 28, 2011 22:59


Դեկտեմբերի նախավերջի ամբողջ շաբաթը տոնական էր միջազգային ողջ հանրության համար: Մեծ շուքով նշվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 50-ամյա հոբելյանը: Շնորհավորականների մի մասը նախագահ Ալիևը սկսեց ստանալ թերևս ամսի 22-ին և 23-ին` չնայած այն հանգամանքին, որ նախապես շնորհավորելը վատ նշան է: Այսպես, դեռ դեկտեմբերի 22-ին նախագահ Ալիևն իր նախիջևանյան կլանի անդամների (նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիև, արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարով և ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբով) կողմից որպես նվեր ստացավ ոչ ավել, ոչ պակաս` հենց իր անձին նվիրված գիրքը` «Իլհամ. նախագահի դիմանկարը», որն, ի դեպ, հեղինակել է «պատվերով» գրող ոմն Գրեմ Ուիլսոնը:

Նվերների մասին այլ մանրամասնություններ չեն նշվում և մեզ մնում է միայն գուշակել, թե վերոհիշյալ գիրք կոչվածից բացի ինչ այլ նվերներ է ստացել «Բրեժնևյան նվերամոլությամբ» տառապող Ալիևների ընտանիքի հայրը: Հայտնի է միայն ադրբեջանական, կներեք արտահայտությանս համար, պատմաբանների կողմից արված նվերը. ձգտելով ուրախացնել շեֆին` իրենց պատմաբաններ հռչակած մի խումբ ինքնակոչեր աչքի ընկան ադրբեջանական ազգին հատուկ հերթական գիտական տաղանդով: Այսպես, դեկտեմբերի 23-ին` Իլհամ Հեյդար օղլուի ծննդյան օրվան ընդառաջ, Բաքվում կայացավ պատմա-վերլուծական erevangala500.com կայքի շնորհանդեսը, որը  նվիրված է «Էրիվանյան բերդի 500-ամյակին»:

Ընդհանուր առմամբ` Երևանի շուրջ 2800 տարվա պատմությունը և հայոց բազմահազարամյա քաղաքակրթությունը վերացնելու և քաղաքը հերթական անգամ թյուրքացնելու փորձից բացի, Ադրբեջանի պատմաբաններն, ի լուր ամբողջ առաջադեմ հասարակության, «նոր պատերազմ բացահայտեցին», որի արդյունքում մեղմ ասած փոփոխության է ենթարկվել ոչ միայն Հայաստանի և Իրանի, այլև Ռուսաստանի պատմությունը: Այսպես, ուսումնասիրելով կայքի նյութերը` կարելի է գալ այնպիսի «եզրակացության», որ փաստորեն համաշխարհային պատմության անբաժանելի մաս հանդիսացող բոլոր ռուս-պարսկական պատերազմները, որոնք XVIII և XIX դարերում որոշում էին երկու գերտերությունների ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, ռուս-ադրբեջանական են: Ընդ որում, Ցարական Ռուսաստանը բոլոր դեպքերում ներկայացվում է որպես զավթիչ պետություն, օկուպանտ: Մինչդեռ, օրինակի համար, նույն Երևանի գրավումը Ցարական Ռուսաստանի կողմից տեղի է ունեցել 1826-1828 թթ.` ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, որը հրահրել էր Պարսկաստանը` փորձելով հետ բերել Գյուլիստանի պայմանագրով Անդրկովկասում կորցրած տարածքները, սակայն արդյունքում արժանիորեն կորցրել էր Երևանի և Նախիջևանի խանությունները:

Իրոք` մառազմը սահմաններ չունի: Հաշվի առնելով «այսպիսի մտքի թռիչքի և երևակայության» խաչասերումը` պետք է սպասել, որ շուտով Գավգամելայի ճակատամարտը կդառնա հունա-ադրբեջանական, իսկ, օրինակ, Կարթագենը` հռոմեացիների կողմից օկուպացված և ավիրված թյուրքական հինավուրց քաղաք:

Ադրբեջանի «նորաստեղծ պատմությունից» վերադառնալով ամենայն Ադրբեջանի հայրիկի որդի Իլհամ Ալիևի 50-ամյակին, նշեմ` Իլհամն իր 50-ամյակը դիմավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանային, կամ ինչպես ադրբեջանցիներն են անվանում, մերձճակատային գոտում: Նույնիսկ իր ծննդյան օրը Ալիևը չմոռացավ Հայաստանի մասին և հերթական անգամ սկսեց պատմել Հեյդար պապու հեքիաթները Լեռնային Ղարաբաղը ցանկացած պահին ռազմական ճանապարհով ազատագրելու, «Ադրբեջան» պետության նվաճումների և Հայաստանում առկա բազմահազար խնդիրների մասին` կրկին աչքաթող անելով Ադրբեջանի մարզերում և նույնիսկ Բաքվի ծայրամասերում առկա ողբալի վիճակը:

Ամեն դեպքում, կասկածից վեր է, որ իր 50-ամյա հոբելյանի օրը նմանատիպ «թեժ կետեր» այցելություններ կատարելով` Ալիևը ուզում է սեփական երկրի բնակչությանը ցուցադրել ոչ միայն ղարաբաղյան հարցի` «իր համար առաջնային լինելը, այլև իր խիզախությունը և արիությունը»: Սակայն այստեղ հարց է առաջանում` որտեղ էր գտնվում հենց նույն Իլհամը 1991թ. դեկտեմբերի 24-ին` իր երեսնամյա հոբելյանի օրը, երբ ամբողջ հունով ծավալվում էր ղարաբաղյան հակամարտությունը: Հետաքրքիր է, որ Ալիևի փայլուն կենսագրության մեջ տվյալ ժամանակաշրջանը շրջանցվել է:

Մինչդեռ, լինելով զինապարտ, Իլհամը պետք է մեկներ ճակատ` Լեռնային Ղարաբաղ, և կռվեր հենց այն հողերի համար, որոնց նա այսօր «բուն ադրբեջանական» է անվանում և անընդհատ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով` սպառնալով հարցը լուծել ռազմական ճանապարհով` այդպիսով թեժացնելով իրավիճակը տարածաշրջանում:

Երբևէ իր ձեռքերում զենք չբռնած Ալիևի պաշտոնական president.az կայքում տեղադրված ինքնակենսագրության մեջ նշվում է, որ պատերազմի տարիներին Իլհամը աշխատել է մասնավոր ձեռնարկատիրության բնագավառում` գլխավորելով մի շարք առևտրային ձեռնարկություններ: Այստեղ ևս հարց է առաջանում. մի՞թե ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ որևէ ընկերություն գլխավորելը ոչ խաղաղ պայմաններում ազատում է զինապարտ քաղաքացուն ժամկետային զինվորական ծառայությունից: Իհարկե` ոչ: Ի դեպ, ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, որ իրականում Իլհամը 90-ական թթ. սկզբներին պորտաբույծ կյանք էր վարում Թուրքիայում` խաղատներում մատնելով միլիոնավոր դոլարներ և զվարճանալով թեթևամիտ թուրք երգչուհիների հետ:

Այսպիսին է մեր հարևան Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Չի բացառվում, որ պարբերաբար ռազմատենչ հայտարարություններով հանդես եկող Ալիևը պատերազմի վերսկսման դեպքում ընտանեկան սովորության համաձայն «կհավաքի իր տաք շորերը» և կվերադառնա Թուրքիա` 90-ականների սկզբի իր «աշխատանքին»` այսպիսով իր պետությանը թողնելով բախտի քմահաճույքին և հակառակորդի գթասրտությանը:

Տիգրան Աբրահամյանց

 

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply