Քաղաքական ՓիԱր թերապիա. ինչպես են կուսակցությունները պատրաստվում ընտրություններին

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 10, 2012 7:00

Քաղաքական ողջ դաշտը մեծ թափով պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, և յուրաքանչյուր քաղաքական ուժ իր պարտքն է համարում հնարավորինս տեսանելի դարձնել իր այս կամ այն քայլը` փորձելով ընտրողներին իր կողմը գրավել: Որքանո՞վ են կուսակցությունները կարողացել պահպանել իրենց դիրքերը ՓիԱրի տեսանկյունից նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո, և արդյոք առհասարակ աշխատե՞լ են այդ ուղղությամբ: Այս տարիների ընթացքում առավել աչքի ընկած կուսակցությունների ՓիԱր գործունեությունն է մեկնաբանում ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, «SPRINGroup» ՓիԱր ռազմավարական ընկերության հիմնադիրնախագահ Նվարդ Մելքոնյանը:

ՀՅԴ. ոսկե միջին

Դաշնակցությունն այն բացառիկ կուսակցություններից է, որ կառուցված է ոչ թե անհատի շուրջ, այլ ընդհանուր գաղափարախոսության:  Այստեղ վառ կերպարներ կան` Արծվիկ Մինասյան, Լևոն Մկրտչյան, Ռուբեն Սուքիասյան և այլք, այնքան, որ կոնկրետ մեկին դժվար է առանձնացնել:

Կոնտեքստային իմիջի ձևավորման առումով շատ ավելի ազդու է Վահան Հովհաննիսյանը` որպես կուսակցության ներկայացուցիչ: Նրա  իմիջը  վերլուծելիս պետք է հաշվի առնել «երևանցի տղայի» ընկալումը. կենտրոնի բնակիչ, «երևանցի տղա», ու  կարծես ինքը ոչինչ չի արել, որ վարկաբեկի այդ իմիջը: «Մաքուր երևանցու» միֆը կարծես թե գործում է` մի կողմ դնելով նրա քաղաքական աշխարհընկալումները, եթե հատկապես հաշվի առնենք, որ ևրևանցիներից շատերն ուղղակի իսկական երևանցիների կարոտախտ ունեն:  Երբ ունես հստակ թիրախ խումբ, ունես իմիջ, որ լղոզված չէ, ինչպես մի շարք քաղաքական գործիչներինը Հայաստանում, ունենում ես նաև մարդկանց մի խումբ, որոնք ամեն դեպքում ընտրելու են քեզ:  Դաշնակցությունն ունի հստակ թվով  մարդիկ, և  հենց այդ մարդիկ էլ ապահովում են կուսակցության տեղը խորհրդարանում:  Դաշնակցությունը նաև սերտ համագործակցություն ունի սփյուռքի հետ, դրա հետ մեկտեղ իրականացնում է գրագետ քաղաքական արշավ, ինչն օգնում  է, որ նրանք չզիջեն իրենց դիրքերը: Միաժամանակ ՀՅԴ-ն կուսակցություն է, որ կարծես առաջարկում է ոսկե միջին, և շատերի համար այն այլընտրանք է. ո՛՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն:

«Ժառանգություն». ռազմադաշտի միակ զինվոր

Շատ հետաքրքիր մշակույթով կուսակցություն է, ոչ թե մարդ-կուսակցություն: Սակայն բացի մի քանի վառ դեմքերից, որոնք  ունեն իրենց դերը` անհատական մակարդակով, նրանց թիկունքում մենք այլ մարդկանց` ընտրազանգվածին չենք տեսնում: Կուսակցությունը սկզբունքային է, ուրույն մշակույթ ունի և ավելի շուտ նոր սերնդի կուսակցություն է, քաղաքացիական հասարակության հիմքերով ստեղծված կուսակցություն: Նրանցով կարող ենք  հերքել ռուսական ասացվածքը, թե մի հոգին ռազմի դաշտում զինվոր չէ: «Ժառանգությունը» ռազմի դաշտում զինվոր է, եթե հատկապես հիշենք նրանց գործողություններն այս ընթացքում:

Կուսակցությունը լուրջ աշխատանք է կատարել, բայց  հետաքրքիր է, որ  նրանց աշխատանքի հիմքում իմիջը չէ, որ կարևորվում է, ինչը թերևս քաղաքական ՓիԱր-ի տեսանկյունից ամենագրագետն է. քայլը կատարում ես, և ինքնըստինքյան տպավորվում ես, բայց միաժամանակ  դա կարող է նաև նյարդայնացնել: Օրինակ` կան մարդիկ, որ նյարդայնանում են Զարուհի Փոստանջյանից, բայց այդ կինը համառորեն պայքարում է իր սկզբունքների համար` առանց հաշվի առնելու, որ կարող է «սանրել», «հղկել» իր իմիջը, որ պակաս նյարդայնացնող լինի:

Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր կողմից անցկացված  հարցումները ցույց տվեցին, սակայն, որ սիրված, հարգված գործիչների շարքում նշում են Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, սակայն մտածում են, որ այնուամենայնիվ ընտրելու են այլ քաղաքական գործչի: Հնարավոր է` ընտրողն ասի. «Ես համակրում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն իմ ընկերոջ եղբոր հարևանի տատիկի զարմիկի թոռը  այս կամ այն կուսակցության ներկայացուցիչն է, և եթե նրա կուսակցությունը հաղթի, կշահի իմ ընկերը, ձեռքի հետ էլ` ես»: Ցավոք, շատ հաճախ ոչ ֆորմալ հարաբերություններն էին պայմանավորում ընտրությունները:

«ԲՀԿ».  …. Որ մին զարկի, ջարդի հազար….

Անկասկած մարդ-կուսակցություն է: Անկախ այն հանգամանքից, որ շատ վառ կերպարներ կան այստեղ,  հստակ քաղաքական ուղի կա, կուսակցությունը նույնացվում է  Գագիկ Ծառուկյանի հետ:

Նրա կերպարն էլ իր հերթին  շատ հայկական է` մի տեսակ  զուգորդվելով հողի, ջրի, Մասիսի սիմվոլների հետ: Գ. Ծառուկյանի կերպարը նաև  յուրային է, որոշ առումով` հեքիաթային. ապրում է պալատում… Բայց նաև Քաջ Նազարի կերպարն է գալիս միտքդ:

Ոչ շատ վաղուց հետազոտություններ ենք արել, որոնցում  հասարակ գյուղացիներն ասում են, թե  շատ հստակ հույսեր  են կապում նրա հետ: Տարվում է լուրջ աշխատանք  քաղաքական ՓիԱր-ի ուղղությամբ, ներդրվում են գումարներ, նկարահանվում են գովազդներ, պատրաստվում են տարբեր տեսանյութեր, և այլն, և այլն: Թե ինչպիսին է որակը, որքանով են միատեսակ, այլ հարց է, բայց ընտրություններին ընդառաջ, կարծում եմ, ՓիԱր արշավները  նոր թափ կստանան: ԲՀԿ-ն  ուժեղ խաղացող է և լինելով իշխանական կոալիցիայի անդամ` այնուամենայնիվ  կարողացել է ցույց տալ, որ միշտ չէ, որ համաձայն է իշխանությունների հետ: Մի իրավիճակ է ստեղծվել, երբ ընդդիմության բացակայության պարագայում այդ իշխանամետ կուսակցությունը սկսում է դիտվել իբրև ընդդիմություն:  ԲՀԿ-ն չի նույնացվում իշխանության հետ,  այլ բալանսավորող ուժ է:

ԲՀԿ-ն նման է ռուսական «Եդինայա Ռասիա» կուսակցությանը. նրանք քաղաքական գործընկերներ են, ինչը շեշտվում է, ցույց տրվում: Այո, ռուսական քաղաքական կյանքից դեռևս կախվածություն ունենք, ընդամենը 20 տարի առաջ ունեցել ենք ընդհանուր անցյալ, և այսօր սա չպետք է տարօրինակ համարել:

ՕԵԿ. ինչ պետք է արվի` խորհրդարան վերադառնալու համար

ՕԵԿ-ը մարդ-կուսակցություն է,  այն ևս մարդու շուրջ է պտտվում: Կմտնեն խորհրդարան, թե ոչ, դժվարանում եմ ասել. ավելի շուտ պետք է հարցնել` ինչ պետք է անի ՕԵԿ-ը, որ նորից մտնի խորհրդան: Մեծամասնականով, այո, չեմ բացառում,  կարող են անցնել, համամասնականով` դժվարանում եմ ասել: Ում կմիանա ՕԵԿ-ը, ով կմիանա ՕԵԿ-ին, ինչ տեսքով այն հանդես կգա` դարձյալ չեմ ուզում կանխատեսումներ անել:

Նախկինում ՕԵԿ-ը  շատ լավ քաղաքական մշակված ծրագրերով էր ներկայանում, ոչ թե խոստումներ, այլ ծրագիր էր ներկայացնում: Հետո` 2008-ին, հիասթափություն եղավ,  երբ նրանց հավատացող  մի հսկայական զանգված հուսախաբ եղավ: Իսկ հիմա այս պարագայում….

ՀՀԿ. ուժեղ, անհամերաշխ խաղացողներ

2003 թ., դարձյալ մեր կողմից անցկացված հարցմանն ի պատասխան, թե ինչի հետ են նույնացնում տարբեր կուսակցություններին, մեր համաքաղաքացիներից շատերը ՀՀԿ-ն  նույնացրեցին Ռեալ-Մադրիդի հետ. բոլորն ուժեղ խաղացողներ են, բայց նույն թիմում չեն կարող խաղալ: Հիմքում ունի նժդեհականությունը, սակայն թվում է` գաղափարը գնում է առանձին, գործունեությունն` առանձին, իսկ լիդերները` առանձին:

Ի՞նչ կա այսօր: Ներկա են երեք սերունդ` Գալուստ Սահակյան, Սամվել Նիկոյան և ուրիշներ,  միջին սերնդից էլի կան վառ կերպարներ` Էդուարդ Շարմազանով, Արտակ Զաքարյան, Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան և այլք: Եվ երիտասարդ սերունդ, որի անունները դեռ չգիտենք, բայց դեռ կլսենք նրանց մասին. ինչպես գիտենք, նրանք հիմնականում տարբեր բուհերի ՈՒԽ-ներում ընդգրկված մարդիկ են:

Իրենց ՓիԱր արշավը կազմակերպելու համար ունեն բազում լծակներ` հեռուստաընկերություններ, ԶԼՄ այլ միջոցներ, ռեսուրսներ և այլն: ՀՀԿ-ում հիմնականում պետական ապարատի աշխատողներ են, որոնց ղեկավարները հարում են ՀՀԿ-ին, և  այս դեպքում էլ պետք է հարց հնչեցնեմ. ի՞նչ կլիներ ՀՀԿ-ի ճակատագիրը, թե չլիներ ադմինիստրատիվ ռեսուրսը:

Իսկապես, շատ մարդկանց համար ՀՀԿ-ին մոտ կանգնելը  սեփական բարեկեցության մակարդակը պահելն է և վախը, որ կարող է կորցնել այդ, որովհետև կարծում  է` եթե իշխող կուսակցությունը փոխվի, ինքն էլ իր տեղը կկորցնի: Հենց այս մարդիկ են, որ կարող է շատ սիրեն Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն ընտրեն  ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանին:

Այս կուսակցությունը մարդ-կուսակցություն չէ: ՀՀԿ նախագահի` Սերժ Սարգսյանի մասին կարող եմ ասել, որ նրա կերպարի ձևավորման հարցում մեծ  առաջընթաց կա,  ընդ որում, այնքան էական, որ նույնիսկ համեմատել չի կարելի տարիներ առաջ գոյություն ունեցած կերպարի հետ:

Ես չեմ կարող չնշել այդ իմաստով նրա մի քանի հրաշալի ելույթներ, օրինակ` Սիրիայում, Վուդրո Վիլսոնի թանգարանում, ՄԱԿ-ում, տեղին հումորային մեջբերումներն ու շատ այլ դրվագներ, որոնք խոսում են այն մասին, որ աշխատանք այս ուղղությամբ իրոք տարվում է:  Նախագահը միշտ չէ, որ նույնացվում է  ՀՀԿ-ի հետ:

Մի քիչ ափսոս էր ռազմական առաջնորդի իմիջի նահանջը, որն այն ժամանակ չօգտագործվեց, այլ փոխարինվեց ավելի հայրական իմիջով, մինչդեռ պոտենցիալում կար «ուժեղ ձեռք» առաջնորդի ստեղծման հնարավորություն, ինչը շատ պահանջված է մեր հասարակությունում:

Գիտենք, որ նա կարող է կոշտ լինել իր որոշումներում, բայց  նա քննարկում է, հաշվի է նստում, դրսի համար սա շատ լավ է, բայց  որքանո՞վ է մեր հասարակությունը դա տեսնում: Որքանո՞վ ենք պատրաստ նահապետի, ցեղապետի ու  թագավորի փոխարեն տեսնել դեմոկրատ նախագահ, այն էլ այն դեպքում, երբ նա ժամանակին այդպիսին չի եղել:

ՀԱԿ. մարդկուսակցություն

Մարդ-կուսակցություն է, որի առանցքում  Լևոն Տեր-Պետրոսյանն է` իմաստունի, խոսքի, ոչ թե գործի  մարդու կերպարով: Այդ իմաստով մարտի 1-ի դեպքերը փչացրեցին նրա իմիջը: Նույն հանրահավաքների մասնակիցների անկայուն քանակը  հանգեցրեց որոշակի էժանացման:

ՀԱԿ-ը կլինի խորհրդարանում. սա` որպես կանխատեսում, բայց դա կմեկնաբանվի տարբեր կերպ, և ամենաշատը կմեկնաբանվի իբրև համագործակցություն: Իշխանությունների քարոզարշավն էլ այդ իմաստով սկսվեց ՀԱԿ-ի իմիջի փչացմամբ, այսինքն` ավելի շատ աշխատում էին փչացնել ՀԱԿ-ի իմիջը, քան աշխատել սեփականի վրա:

Կփչացնի, թե ոչ, նրանց խորհրդարանում հայտնվելը  դժվար հարց է.  չմոռանանք ՕԵԿ-ի դեպքը: Պարզապես չեմ ուզում թերագնահատել ՀԱԿ-ը, քանի որ  այնտեղ իրոք շատ լուրջ մասնագետներ կան, որոնք գիտեն` ինչպես անեն, որ իրենց համակիրներին համոզեն, ինչպես աճեն:

Այս իմաստով, այո, ՀԱԿ-ն իր խոսքը դեռ չի ասել:

 

Պատրաստեց Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

Դիտվել է 2299 անգամ:
Print Friendly

Leave a Reply