Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ տարվա եզրափակիչ նիստ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 28, 2011 15:48

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ տարվա եզրափակիչ նիստը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը բացման խոսքում ներկայացրեց կատարված աշխատանքների ընդհանուր գնահատականը և դրվատեց ԱԳԳԾ իրականացմանն ուղղված միջգերատեսչական համադրման արդյունավետությունը: Նա ընդգծեց, որ ԱԳԳԾ-ով նախանշված նպատակների իրագործմանը ցուցաբերվել է համալիր մոտեցում, որը նպաստել է Դաշինքի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը:

Իր ներածական ելույթում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Դավիթ Տոնոյանը հանգամանալից ներկայացրեց Դաշինքի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները` հատկապես անդրադառնալով ՆԱՏՕ-ի գործողություններին հայ զինծառայողների մասնակցությանը և պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում ՆԱՏՕ-ից և անդամ երկրներից ստացված աջակցությանը:

Նիստին ամփոփվեցին 2011թ. ընթացքում ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ով նախատեսված նպատակների իրագործման արդյունքները, արձանագրվեց համագործակցության ընդլայնման ուղղությամբ առկա զգալի առաջընթացը:

ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և նախանշեցին ս.թ. նոյեմբերի սկզբին հաստատված Հայաստան- ՆԱՏՕ ԱԳԳԾ 2011-2013թթ. փաստաթղթով նախատեսված հիմնական առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք գործնական քայլերը:

 

Դիտվել է 773 անգամ:
Print Friendly

Leave a Reply