Նորին տարին կարելի է դիմավորել նաև նոր տեխնիկայով

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | December 29, 2011 7:00

Նոր տարվան ընդառաջ` աշխուժացել է նաև տեխնիկայի խանութ-սրահների անցուդարձը: Նախ` տեխնիկայի բոլոր խանութ-սրահներն ամեն տարի, ամանորյա տոներին ընդառաջ, կիրառում են զեղչեր: Իսկ այս տարի, բացի ամանորյա զեղչերից, խանութ-սրահներն առաջարկում են նաև նվերներ` գնված ապրանքների դիմաց, ինչպես նաև ապառիկ վաճառք: Ընդ որում, ապառիկը ձևակերպվում է հենց խանութներում` այնտեղ աշխատող բանկերի ներկայացուցիչների կողմից: Մի խոսքով, խանութ-սրահներն ամեն ինչ անում են իրենց վաճառքը խթանելու համար: Մենք եղանք առավել հայտնի ու  մեծ բոլոր ֆիրմաների խանութներում:

«Վեստա» խանութ-սրահներում ամանորյա ակցիաները ներառում են յուրաքանչյուր գնման համար 10 տոկոս զեղչ և կտրոն, որն անխտիր շահում է արդուկից մինչև LCD հեռուստացույց:

«Վեգա» ընկերությունն առաջարկում է ամանորյա 15-25 տոկոս զեղչեր իր ապրանքների համար:

«Զիգզագում»  7-10 տոկոս զեղչեր են` գումարած ամանորյա նվերներ ու ապառիկ` որոշ ապրանքատեսակների համար:

«Արայում» 10-20 տոկոս զեղչեր են: Այստեղ նույնպես, բացի զեղչերից, կիրառվում են նաև նվերների և ապառիկ վաճառքի ակցիաները:

«Սամսունգում» 7-10 տոկոս զեղչեր են:

Խանութ-սրահների մենեջերները կարծես միաբերան նշում են, որ մարդիկ համարյա ամբողջ տարին սպասում են այս զեղչերին ու նվերներին: Ոչ ոք նույնիսկ մոտավորապես չկարողացավ ասել` այս տարի՞ է առևտուրն ավելի ակտիվ, թե՞ նախորդ տարի նույն ժամանակ: Ամեն ինչ կերևա ակցիաների վերջանալուց և արդյունքների ամփոփումից հետո:

Զրուցեցինք նաև գնորդներից մի քանի հոգու հետ: 47-ամյա Միքայել Բաղդասարյանը, որ եկել էր Կիրովականից, նշեց, որ այս օրերին խնայված մի քանի կամ երբեմն մի քանի տասնյակ հազար դրամը էական նշանակություն են ունենում իրենց ընտանիքի ամբողջ տարվա բյուջեի համար. «Այն տեխնիկան, որ այսպես թե այնպես պետք է գնեի, հիմա 10 տոկոս զեղչով եմ գնում, հետը նվեր եմ ստանում, դեռ մի բան էլ հնարավորություն կա, որ եթե հանկարծ ավելի թանկ ու լավ ապրանք հավանեմ ու փողս չբավականացնի, կարող եմ ապառիկ ձևակերպել ու հետո վճարել: Այնպես որ, շատ հարմար է»,- նշեց նա:

Իսկ 38-ամյա Վարդիկ Ավագյանը համոզված է, որ գոնե այս ձևով իր գնումներն անելիս միանգամից երկու հարց է լուծվում: Նախ` այն, ինչ ուզում էր  ձեռք բերել ամբողջ տարվա ընթացքում, հիմա հեշտությամբ ձեռք կբերի, հետո` «տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի» համոզմունքը կարդարացվի:

Ուշադիր հետևեցինք խանութների շարժին: Երիտասարդ գնորդները հիմնականում գնում են աուդիո, վիդեո, ֆոտո և համակարգչային տեխնիկա: Իսկ ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները` կենցաղային տեխնիկա` սառնարան, լվացքի մեքենա, գազօջախ ու սալօջախ:

Ի դեպ, բոլոր խանութ-սրահներում, ուր մենք եղանք, ապառիկի ձևակերպման կետերում ու դրամարկղերի մոտ հերթեր էին գոյացել, ինչն ամբողջ տարվա ընթացքում ամենևին էլ սովորական երևույթ չէր:

 

Դիտվել է 2190 անգամ:
Print Friendly

Leave a Reply